Ինչպե՞ս օգնել երեխային լինել ինքնաբավ

Զարգացում

Հաճախ երեխաները տխրում են, երբ իրենց կատարած աշխատանքը շրջապատի կողմից գնահատանքի չի արժանանում, երբ չեն արդարացնում ծնողների ակնկալիքները։ Այս ամենը ստիպում է փոքրիկին ընկճվել և մեկուսանալ շրջապատից։ Ինչպիսի՞ մոտեցում կարող է ցուցաբերել ծնողը՝ նման իրավիճակից խուսափելու համար։ Ներկայացնում է հոգեբան Ելենա Սարդարյանը։

Գնահատեք ընթացքը, այլ ոչ արդյունքը

Ցանկացած տարիքում ծնողը երեխային պետք է տարբեր առաջադրանքներ տա և օգնի կատարել դրանք՝ գնահատելով ոչ թե կատարվածի արդյունքը, այլ դրա ամբողջ ընթացքը։  Առաջադրանքը կատարելու ամբողջ ընթացքում պետք է խրախուսել և քաջալերել երեխայի յուրաքանչյուր քայլը։ Այս մոտեցումը կօգնի երեխային գնահատել իր իսկ կատարած աշխատանքը, քանի որ հակառակ պարագայում, երբ երեխան չի ստանում ծնողի աջակցությունը, բարդույթավորվում է, մտածում է, որ ինքը չի կարողանում որևէ լավ բան անել, քանի որ լավ արդյունք չի ստացել։ Այդպիսով՝ երեխան սկսում է մեկուսանալ շրջապատից։

 

Համագործակցե՛ք երեխայի հետ

Հաջորդ քայլը  երեխայի հետ համագործակցելն է։ Ծնողը պետք է օգնի երեխային անել որոշ բաներ։ Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ միասին անել, այլ ոչ թե ամբողջ գործը կատարել նրա փոխարեն։ Համագործակցող ծնողը նա է, ով միշտ երեխայի կողքին է, օգնում է սովորել։ Հարկավոր է երեխային ժամանակ տալ՝ ինքնուրույն լինելու համար։ Հասարակ օրինակ է՝ առավոտյան երեխան արթնանում է ու լսում տարբեր հրահանգներ՝ հագնվի՛ր, նախաճաշի՛ր, կոշիկներդ արագ հագի՛ր։ Ծնողները առավոտից սկսում են երեխայի փոխարեն անել այն, ինչը նա պետք է ինքնուրույն անի։ Այդպիսով՝ երեխան վերածվում է կատարողի, որից մշտապես արդյունք է ակնկալվում։

 

Սովորեցրե՛ք ինքնուրույնություն

Որպեսզի երեխան գնահատված զգա իրեն, նրա մեջ պետք է ձևավորել ինքնուրույնություն։ Այն կարելի է անել հասարակ գործողությունների միջոցով՝ տանը խաղալիքներն ինքնուրույն հավաքել, գուլպաները լվանալ, սնվել։ Երբ երեխայի մեջ ինքնուրույնություն է ձևավորվում, նա հասկանում է, որ ինքը կարող է նոր բան ստեղծել և չի փորձում նմանակել ուրիշներին կամ թերագնահատել իրեն, մտածել, որ մնացածն իրենից լավ կարող են անել ինչ-որ բաներ։

 

Սովորեցրե՛ք լինել դատող

Երբեմն երեխան շրջապատի աջակցությունն ու գնահատանքը ակնկալելով՝ հեշտությամբ  համաձայնում, համակերպվում է նրանց տեսակետի հետ։ Հոգեբանության մեջ առանձնացվում է մարդու  համաձայնող և դյուրահավատ տեսակը։ Սա բնորոշ է այն երեխաներին, ովքեր չեն ցանկանում կոնֆլիկտների մեջ մտնել, արագ համաձայնվում են դիմացինի հետ, աշխատում են վարվել այնպես, որ իրենցից ոչ մեկը չնեղանա, բավարարել իրենցից սպասվող ակնկալիքները։

Որպեսզի երեխան կարողանա նոր բան ստեղծել, նա պետք է կարողանա դիմացինին հակառակվել։ Եթե երեխան ասելիք ունի և նրա մեջ ձևավորվում է սեփական դատողություն անելու  հմտությունը, նա կարող է հակառակվել և չհամաձայնվել դիմացինի հետ։  Անհրաժեշտ է նրան սովորեցնել համագործակցել ուրիշների հետ՝ միևնույն ժամանակ չդառնալով   ընդհանուր հոսքի հետ գնացող։

 

Մի՛ պիտակավորեք երեխային

Երբեմն  ծնողներին թվում է, թե երեխայի՝ ինտեգրվող չլինելու բնույթը պայմանավորված է ներշնչանքով։ Սակայն դրա պատճառը կարող են լինել այն պիտակավորումները, որոնք տալիս եք փոքրիկին։ Եթե ասում եք, որ նա ամաչկոտ է, չի շփվում, երեխան այդ պիտակներն իր հետ տանում է ամեն տեղ։

 

Մի՛ ստիպեք երեխային լինել բոլորի մեջ

Հաճախ ծնողները երեխաներին ստիպում են շփվել բոլորի հետ։ Օրինակ՝ տալիս են կոնֆետներ և հորդորում բաժանել բոլորին, այսինքն՝ երեխան ինչ-որ բան պետք է անի՝ նկատված  և գնահատված լինելու համար։ Պետք չէ երեխային ստիպել լինել բոլորի մեջ, դուր գալ բոլորին։ Պետք է երեխային սովորեցնել հաղթահարել դժվարությունները, այլ ոչ լինել հարմարվող։ Երեխան ավելի լավ գիտի՝ ինչ է իրեն անհրաժեշտ։

 

Պետք չէ երեխային նույնացնել իր վարքի հետ

Եթե  նա որևէ բան լավ չի անում, փոխարենը ասելու՝ դու վատն ես, պետք է ասել՝ քո այդ արարքը ինձ դուր չի գալիս։

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ