Որքանո՞վ է կարևոր ֆիզիկական ակտիվությունը դեռահասների առօրյայում

Զարգացում

Դեռահասների կյանքում չպետք է թերագնահատել ֆիզիկական ակտիվության դերը: Ֆիզիկական ակտիվությունը հնարավորություն է ընձեռում հասուն տարիքում ավելի հեշտ կողմնորոշվել սթրեսային իրավիճակներում, ինչպես նաև դեռահասի մոտ զարգացնում են դժվարություններին դիմակայելու ունակությունը:

Սիրելի՛ ծնողներ, հետևեք դեռահասի քաշին, ինչպես նաև վերջիններիս կողմից չգիրանալու համար կիրառվող միջոցներին: Քաշ կորցնելու մեթոդները հաճախ վնասում են դեռահասի առողջությունը:

Ֆիզիկական ակտիվության մեջ մտնում են ֆիզիկական վարժությունները, խաղերը, զբոսանքը, լողը: Առողջ սննդի հետ մեկտեղ՝ ֆիզիկական ակտիվությունը հնարավորություն է ընձեռում խուսափել հետագա առողջական խնդիրներից:

Ֆիզիկական վարժությունները հնարավորություն են ընձեռում խուսափել սրտանոթային հիվանդություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի առաջացումից: Բացի այդ, մաքուր օդը բարելավում է դեռահասի մտավոր ունակությունները, քանի որ երկարատև անշարժությունը դժվարացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչի արդյունքում ընկնում է ամբողջ օրգանիզմի, հատկապես ուղեղի աշխատունակությունը: Ոչ շարժուն երեխաների մոտ մկանները վատ են զարգանում, ինչի հետևանքով խախատվում է ողնաշարի կառուցվածքը:

 

Դեռահասը պետք է՝

  • օրական առնվազն մեկ ժամ զբոսնի մաքուր օդում,
  • հնարավորինս սահմանափակի նստակյաց կենսակերպը,
  • մշակի ֆիզիկական վարժությունների հատուկ ռեժիմ՝ հեծանիվ, քայլք, լող:

 

Ֆիզիկական վարժությունները կօգնեն դեռահասին՝

  • խուսափել ավելորդ քաշից,
  • նվազեցնել աղեստամոքսային տրակտի խանգարումների առաջացման վտանգը,
  • ամրացնել ոսկորները և մկանները,
  • բարելավել հոգեկան առողջությունը:

 

Դեռահասի ճիշտ կենսակերպի ապահովման համար կարևոր է նրա օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումը: Դեռահասի օրվա ռեժիմից է կախված նրա առողջությունը, ֆիզիկական և հոգեբանական զարգացումը, աշխատունակությունն ու առաջիմությունը: Դեռահասն ինքը հաճախ չի կարողանում ճիշտ կազմակերպել իր օրը: Նա կարող է տարվել որևէ գործով, ինչից կտուժեն ուսումը, հանգիստը, քունը: Հենց այստեղ է անհրաժեշտ ծնողի օգնությունը. եթե նկատում եք, որ օրվա ավարտին երեխան գերհոգնած և նյարդային է, աշխատեք ճիշտ կազմակերպել նրա օրվա ռեժիմը և բացասական ախտանշանները հետզհետե կանհետանան:

Դեռահասի օրվա ռեժիմը կազմելիս պետք է հիշել, որ յուրաքանչյուր երեխա վառ անհատականություն է և ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները: Դեռահասի օրվա ճիշտ ռեժիմի կազմակերպման համար անհրաժեշտ է հաջորդել տարբեր տեսակի գործողություններ: Ամեն օր միևնույն ժամին օրակարգում ընդգրչկված տարբեր գործողություններ կատարելիս կենտրոնական նյարդային համակարգում ձևավորվում են «սովորություններ», որոնց շնորհիվ հեշտանում է մի գործողությունից մեկ այլ գործողության անցման գործընթացը: Ահա թե ինչու է խորհուրդ տրվում միևնույն գործողությունները կատարել միևնույն ժամին:

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն

Գովազդ