Ինժեներական լաբորատորիաներ, որտեղ երեխաներն անվճար սովորում են ռոբոտաշինություն, ծրագրավորում և եռաչափ մոդելավորում. ինչպե՞ս է հնարավոր միանալ «Արմաթին»

Զարգացում

Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում այսօր գործում են 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 7000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Աննա Սարգսյանի հետ:

 -Ինչպե՞ս է հնարավոր միանալ «Արմաթ»-ին: Կա՞ տարիքային սահմանափակում:

 

- Արմաթ ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը ունի մի քանի սկզբունք․

1․ Անվճար են բոլոր խմբակները,

2․ Ընդունելությունը մշտապես բաց է բոլոր ցանկացող երեխաների համար,

3․ Երեխան կարող է հաճախել իրեն հարմար ցանկացած «Արմաթ» լաբորատորիա, անգամ եթե այդ տարածքի մշտական բնակիչ չէ կամ տվյալ դպրոցում չի սովորում:

Արմաթ ինժեներական լաբորատորիաներում ընդունելությունը իրականացվում է 10 տարեկանից սկսած և բացառապես երեխայի ցանկության հիման վրա։

www.armath.am կայքում տեղադրված են Հայաստանում և Արցախում գործող բոլոր խմբակները, որտեղ նշված են նաև խմբակավերների կոնտակտները։ Ցանկացողները պարզապես պետք է կապ հաստատեն խմբակավարի հետ, ճշտեն տվյալ խմբակի աշխատանքի օրերն ու ժամերը և սկսեն հաճախել խմբակ:         

- Ի՞նչ են սովորում երեխաները լաբորատորիաներում: Ինչպե՞ս այն կարող է ազդել երեխայի մասնագիտական կողմնորոշման վրա:

- Խմբակները համալիր ինժեներական գիտելիքներ է տրամադրում՝ միմյանց  կապելով ծրագրավորումը, ռոբոտաշինությունը և եռաչափ մոդելավորումը։ Մեթոդաբանությունը մշակվել և զարգանում է առաջատար ՏՏ ընկերությունների հետ համագործակցության արդյունքում, ինչը հնարավորություն է տալիս այն դարձնել մաքսիմալ արդիական և ներառում է ՏՏ ոլորտի պահանջները:

Վաղ տարիքից մասնագիտական կողմնորոշումը և ՏՏ ոլորտի վերաբերյալ ճիշտ պատկերացումները շատ կարևոր են հետագա մասնագիտության ընտրության համար։ Բացի այդ, նորագույն տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում կիրառվում  են գրեթե բոլոր ոլորտներում և համապատասխան գիտելիքները օգտակար կլինեն՝ անկախ ընտրած մասնագիտությունից։

Ինչ վերաբերում է «Արմաթ»-ի շրջանավարտներին, ապա միջազգային աուդիտորական ընկերության կողմից անցկացրած հարցման և հետազոտության արդյունքում՝ «Արմաթ»-ի շրջանավարտների 43%-ը սովորելուն զուգահեռ նաև աշխատում է, իսկ 86%-ը ընդունվել է ԲՈՒՀ՝ տեխնիկական մասնագիտություններով։

- Ի՞նչ հնարավորություններ են ստանում երեխաները՝ հաճախելով «Արմաթ» լաբորատորիաներ:

Ծրագրի շրջանակում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ՝ մրցույթներ «Արմաթ» ինժեներական լաբորիաների բոլոր ուղղություններով՝ ծրագրավորման, ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման, ինչպես նաև տեխնոլոգիական ճամբարներ, որտեղ երեխաները, բացի տեխնոլոգիական գիտելիքներից, ձեռք են բերում թիմային աշխատանքի կարևոր հմտություններ:

Այս միջոցառումները շատ լավ հարթակ են մեզ համար՝ վերահսկելու ու գնահատելու խմբակների աշխատանքի առաջընթացը, արդյունքներն ու զարգացումը։

Միևնույն ժամանակ դա շատ կարևոր է երեխաների միջև ամուր կապերի ձևավորման տեսանկյունից, ստեղծվում է մի մեծ «Արմաթ ընտանիք»։

 - Այս տարիների ընթացքում ի՞նչ արդյունքներ է գրանցել «Արմաթը»:

- Ծրագրի արդյունավետության և արդյունքների մասին խոսելիս ուզում եմ հղում կատարել միջազգային հեղինակավոր աուդիտորական Գրանթ Թորնթոն ընկերության հետազոտության արդյունքներին, ըստ որոնց՝ Արմաթի շրջանավարտների

  • 84%-ը ընդունվել է ԲՈՒՀ,
  • 43%-ը աշխատում է և սովորում,
  • աշխատանք ունեցողների 45%-ը ներգրավված են ծրագրավորման մեջ, 29%-ը ներգրավված են ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում, իսկ մնացածը կատարում են ինժեներական և տեխնիկական աշխատանքներ,
  • աշխատանք ունեցողների 12%-ը հիմնել են ստարտափներ,
  • աշխատանք գտած կամ ստարտափ հիմնած աշխատակիցների աշխատավարձերը տատանվում են 50-ից 300 հազար ՀՀ դրամի սահմաններում՝ միջինում կազմելով 132,561 ՀՀ դրամ։

 

- Վերջերս Ֆրանսիայում էինք, որտեղ մասնակցում էիք ցուցահանդեսի: Պատմեք, խնդրում եմ, դրա մասին:

- Այո՛, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը մասնակցում էր Vivatec2019 միջազգային խոշոր ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էր նաև Հայաստանը՝ «Inspiring Armenia» տաղավարով: Այստեղ, բացի «Արմաթ» ծրագրից, ներկայացված էին Հայաստանյան ինովացիոն մի շարք ընկերություններ։ «Արմաթը» հանդիսանում էր որպես Հայաստանի ստարտափ էկոհամակարգը ձևավորող կարևորագույն ծրագիր և օղակ։ Ցուցահանդեսի շրջանակում ունեցանք բազմաթիվ հանդիպումներ, ձեռք բերվեց պայմանավորվածություն Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ՝ միասին Ֆրանսիայի հայկական դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների փորձի տարածման ուղղությամբ, ստորագրվեց հուշագիր StarDoon ընկերության հետ, ըստ որի՝ այս կազմակերպությունը կներկայացնի Արմաթը Լիբանանում: Ֆրանսիայում ծանոթացանք նաև Չինաստանի գյուղական հատվածներում բարեգործական գործունեություն ծավալող մի գործընկերոջ հետ, որը հուլիսի վերջին կժամանի Հայաստան և տեղում ավելի մանրամասն կծանոթանա «Արմաթ» ծրագրի մեթոդաբանությանը ու առանձնահատկություններին։

- Առաջիկայում ո՞ր համայնքները հնարավորություն կունենան ունենալ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:

- Ծրագրի նպատակն է նախնական ինժեներական կրթությունը հասանելի դարձնել Հայաստանում ու Արցախում բնակվող ցանկացած երեխայի՝ հիմնելով շուրջ 1250 Արմաթ ինժեներական լաբորատորիա։

Այս տարի Կառավարության աջակցությամբ կհիմնենք ևս 284-ը՝ Հայաստանի տարբեր մարզերում և 2019 թվականի ավարտին կունենանք շուրջ 600 ինժեներական լաբորատորիա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ