Ինչպե՞ս  երեխայի հետ խոսել  սեռական բռնության թեմայով և ի՞նչ անել ու չանել, որպեսզի չդառնա բռնության զոհ

Զարգացում

Ծնող-երեխա հարաբերություններում շատ հաճախ տեղ չունեն սեռական հարաբերություններին առնչվող հարցերը:

Ծնողները խուսափում են երեխաների հետ խոսել այդ թեմայի շուրջ: Արդյունքում՝ երեխաները չեն ստանում սեռական դաստիարակություն, ինչն էլ հետագայում հանգեցնում է մի շարք խնդիրների: Երեխաների մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ստանալու համար երեխան դիմում է տարբեր միջոցների, երբեմն այդ հարցերի պատասխանները փնտրելու ճանապարհին երեխաները թույլ են տալիս որոշակի սխալներ, որոնք անդառնալի հետք են թողնում երեխայի հետագա կյանքի վրա: Սեռական դաստիարակության պակասը շատ հաճախ կարող է հանգեցնել իրավիճակի, երբ երեխաները դառնան սեռական բռնության զոհ: Այս անգամ «Իմ փոքրիկ»-ն անդրադարձել է հարցին՝ ինչու և ինչպես պետք է երեխաների հետ խոսել սեռական բռնությունների մասին: Թեմայի շուրջ զրուցել ենք «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:

- Նախևառաջ բռնության զոհ են դառնում հիմնականում այնպիսի անձինք, որոնք վարքով առավել պասիվ են, անինքնավստահ են, շուտ ենթարկվող են, կամազուրկ են, անկարող են  իրենք իրենց պաշտպանել: Որպեսզի այսպիսի վարքագիծ չձևավորվի երեխայի մոտ, շատ կարևոր է,  որ երեխան նախևառաջ բռնության չենթարկվի  ընտանիքում, ծնողի կողմից չենթարկվի շանտաժների, մանիպուլյացիաների: Հենց այսիպիսի դաստիարակության արդյունքում է երեխան հայտնվում  ագրեսիվ և բռնարար մարդկանց ուշադրության կենտրոնում:  Սրա հետևանքը լինում է նաև այն, որ հաճախ երեխան ինքն  է ունենում բռնարարի հոգեբանություն: Ստացվում է՝  ճնշելով, նվաստացնելով, խեղճացնելով ՝ երեխան կարող է լինել և՛ բռնարար, և՛ զոհ:

Շատ կարևոր է հասկանալ, թե որ տարիքից կարելի է երեխայի հետ խոսել սեռական բռնության թեմայով: Հայկական ընտանիքներում ընդունված է, որ երեխաներին բարեկամները կամ օտար մարդիկ՝ քեռի, հորեղբայր, հարևան, գրկում ու սիրում են: Սա նորմալ երևույթ է, սակայն հարկավոր է՝ այս ամենը լինի չափավոր, քանի որ նման մոտեցումը  խախտում է երեխայի անձնական սահմանները: Իհարկե, չափավորությունը պետք չէ հասցնել ծայրահեղության, օրինակ՝ այնպես անել, որ երեխան թույլ չտա, որ պապիկը կամ տատիկը իրեն գրկեն, համբուրեն կամ շոյեն: Պարզապես պետք է երեխայի մոտ ձևավորել այն գիտակցումը, որ  իր մարմնի հետ ոչ ոք չի կարող վարվել այնպես, ինչպես ցանկանում է: Այսպիսով՝ դուք կարող եք երեխայի մոտ սեփական մարմինը, անձը պաշտպանելու ունակություն ձևավորել:

- Ավելի մեծ տարիքում կարելի է ուղղակի զրուցել երեխայի հետ, ասել,  որ պետք չէ վստահել օտար մարդկանց, ովքեր առաջարկում են կոնֆետ կամ ուզում են զրուցել, որևէ տեղ գնալ կամ նստել իր մեքենան: Եթե նման դեպք է պատահում, պետք է ասել, որ մայրիկը, հայրիկը կամ տատիկը կանչում են իրեն: Երեխայի հետ հաճախակի զրուցեք այս թեմայով, հորդորեք չվախենալ, այլ զգուշանալ: Ասեք, որ կան մարդիկ, որոնք այնքան էլ բարի չեն և պետք չէ վստահել բոլորին: Երեխայի հետ ձևավորեք վստահության մթնոլորտ, որպեսզի երեխան, առանց վախի, պատմի Ձեզ ամեն ինչ: Ամենակարևոր պայմանն այստեղ ծնողի բաց լինելն է: Եթե ծնողն ինքը չի խոսում սեռական կյանքին առնչվող թեմաների՝ հատկապես բռնության մասին, երեխան առավելևս չի խոսի ծնողի հետ և փակ կլինի ծնողի առաջ: Երեխան մտածում է, որ նման թեմաներն արգելված են, ամոթ են, նա կարծում է, որ ինքն է մեղավոր, որ եթե պատմի մայրիկին կամ հայրիկին, կզայրանան, կգոռան իր վրա, չեն հասկանա իրեն: Այս դեպքում երեխան կմնա իր իսկ խնդրի հետ միայնակ, իսկ սա կհանգեցնի խնդիրների բարդացման: Այսինքն՝ երբ երեխան հասկացված չէ, ինքն իր խնդրի հետ մենակ է, ապա նրա մոտ սկսում է զարգանալ զոհի հոգեբանություն: Այսինքն՝ երբ ծնողը խիստ է, անընդհատ մեղադրում է երեխային, ապա երեխայի մոտ սկսվում է ինգնահատականի անկում,  երեխան սովորում է, որ ինքն անընդհատ պետք է պատժվի, և իր մոտ ձևավորվում է զոհի կերպար: Այստեղ շատ կարևոր է, որ ծնողներն իրենք ազատ խոսեն այս թեմաներով, քանի որ սեռական դաստիարակության թեման նույնքան  բնական է, որքան առօրյա վարքագծի մասին խոսելը: Եթե ծնողները չեն կարողանում միայնակ հաղթահարել այս խնդիրը, կարող են դիմել մասնագետի օգնության: Բայց հարկ է նշել, որ ծնողի մոտեցումն ավելի կարևոր է: Օրինակ՝ կարող ենք երեխային բացատրել, որ յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք մեզ, թույլ չտանք, որ մեզ հրեն, խփեն,  գրկեն, համբուրեն: Այսինքն՝ այստեղ ծնողը պետք է երեխային ռազմավարություն սովորեցնի: Շատ կարևոր է երեխային վստահություն տալ, որ բոլոր դեպքերում ծնողն իրեն է պաշտպանելու և իր կողքին է:

Ի դեպ, երեխայի հետ այս թեմայով կարող են խոսել և՛ մայրիկը, և՛ հայրիկը, ծնողի սեռը կապ չունի: Հարկավոր է պարզապես շատ նուրբ ընտրել բառերը, բառապաշարին լինել շատ ուշադիր:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

 

Գովազդ