Ինչ փոփոխություններ է կրում բնավորությունը դեռահասության շրջանում

Զարգացում

Ներկայացնում են «Երկուսով» հոգեբանական կենտրոնի մասնագետները:

Դեռահասության շրջանում սկսում են ձևավորվել և ամրապնդվել բնավորության գծերը: Բնականաբար բնավորության ձևավորումը չի սկսվում և ավարտվում այդ տարիքում, այն ձևավորվում է մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Այնուամենայնիվ, դեռահության տարիքը, ի տարբերություն նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի, այն տարիքն է, երբ բնավորության ձևավորումը մեծ տեղ է զբաղեցնում զարգացման ընդհանուր գործընթացում:


Դեռահասներին առավել բնորոշ առանձնահատկություններից մեկը կապված է նրանց ինքնագիտակցության բարձրացման հետ: Այն արտահայտվում է ինքնուրույնությամբ, իրենց «հասունությունը» ցույց տալու ձգտմամբ, յուրահատուկ «հասունության զգացման» առկայությամբ:

Դեռահասն իրեն բավականաչափ հասուն է համարում, պնդում է իր հայացքները և դատողությունները` հասնելով նրան, որ մեծերը հաշվի առնեն իր կարծիքը: Նա ցանկանում է, որ շրջապատողները վերաբերվեն իրեն հավասարը հավասարի նման, ընդ որում` ոչ միայն խոսքով, այլև գործով:


Վերագնահատելով իրենց հնարավորությունների մեծացման նշանակությունը` դեռահասները գալիս են այն համոզման, որ իրենք արդեն ոչ մի բանով (կամ գրեթե ոչ մի բանով) չեն տարբերվում մեծահասակներից:

 

Այստեղից էլ բխում է նրանց ինքնուրույնության և անկախության ձգտումը, նրանց հիվանդագին ինքնասիրությունը և նեղացկոտությունը, սուր արձագանքը մեծահասկների կողմից իրենց իրավունքների և հետաքրքրությունների թերագնահատմանը:


Դեռահասները շատ զգացմունքային են դառնում իրենց «հասունության» մասին տրված գնահատականների և մեծերի կողմից իրենց նկատմամբ վերաբերմունքի հանդեպ: Նրանց պահանջների բարձրացումն իրենց հասունության և ինքնուրույնության նկատմամբ վկայում է, որ նրանց կարծիքով մեծերը բավարար չափով հաշվի չեն առնում իրենց արդարացի պահանջներն ու ցանկությունները:


Դեռահասը չի կարողանում անգործ նստել, նա չի սիրում «պարզապես հանգստանալ»: Նա մշտապես ցանկանում է ինչ-որ բան իմանալ, ուսումնասիրել, յուրացնել, ձեռք բերել այս կամ այն հմտությունը: Եթե նրա էներգիան ճիշտ ելք չի գտնում, ապա արտահայտվում է չարաճճիությամբ, խենթությամբ, իրարանցում ստեղծելով և հաճախ նաև կարգապահության ծանր խախտումներով:


Հարկ է նշել նաև դեռահասության տարիքին բնորոշ գրգռվածությունը, բնավորության որոշակի անկառավարելիությունը, տրամադրության արագ և կտրուկ փոփոխություններն ու վարքի ձևերը:


Դեռահասի համառությունն ու վճռականությունը կարող են արագ փոխվել ամաչկոտության, անգամ երկչոտության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության: Դեռահասը կարող է լինել մեկ շատ ուրախ և լի շփման պատրաստակամությամբ, մեկ էլ՝ պարփակված և մտածկոտ, մեկ՝ բարեհամբույր, նուրբ և մեղմ, մեկ՝ կտրուկ և անհարգալից: Առանց որևէ լուրջ առիթի՝ նա կարող է զայրույթից պոռթկալ, կոպտել, դառնալ ամբարտավան և անհամբեր: Առանց որևէ պատճառի՝ ինչ-որ բանի նկատմամբ առկա հետարքրությունն ու ակտիվությունը կարող են վերածվել անտարբերության:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ