Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն նախադպրոցական տարիքի երեխա ունեցող ծնողները

Զարգացում

Ներկայացնում են «Երկուսով» հոգեբանական կենտրոնի մասնագետները:

 

Երեխային դպրոցին նախապատրաստել ասելով՝ շատ ծնողներ ու նույնիսկ մանկավարժներ հասկանում են նրան գիտելիքներով (գրել, կարդալ, թվաբանական հմտություններ) զինելը: Սակայն, դպրոցին նախապատրաստել ասելով՝ առաջին հերթին պետք է հասկանալ.

 

Ինքնուրույնություն

 

Երեխան դպրոց հաճախելուց առաջ արդեն իսկ պետք է լիարժեք տիրապետի ինքնուրույն հագնվելու-հանվելու, իր անկողինը (թեկուզ անփույթ) հավաքելու, ուտելու, իր պայուսակը դասավորելու, սանհանգույցից կոկիկ օգտվելու, իրեն հուզող հարցերը տալու, խնդրանք արտաբերելու և այլ նմանատիպ տարրական հմտությունների։ Ցավոք, հայկական ընտանիքներում, որտեղ երեխային ամեն քայլափոխի կա՛մ ծառայում են, կա՛մ թելադրում, այս հմտություններին շատ ուշադրություն չեն դարձնում։ Ինքնուրույնության պակասը ամենաշատն է խանգարելու երեխային դպրոցում:

 

Ուշադրությունը կենտրոնացնելու կարողություն

 

Ծնողների մեծ մասը գիտե՝ փոքրիկ երեխաները դժվարանում են իրենց ուշադրությունը երկար ժամանակով կենտրոնացնել միևնույն գործի կամ դասի վրա: Սա անհանգստության առիթ չէ և ոչ մի դեպքում պետք չէ երեխայի մոտ ինչ-որ շեղումներ փնտրել: Նմանատիպ խնդիրներն այս տարիքի երեխաների համար միանգամայն բնական են: Բազմաթիվ ծնողներ բողոքում են, որ երեխան դժվարանում է իր տեղում նստել երկար ժամանակ։ Պատճառը կարող է լինել երեխայի ֆիզիկական կամ մտավոր խիստ ծանրաբեռնվածությունը: Հնարավոր է, որ նա բավարար չի քնում կամ հանգստանում կամ օրվա ընթացքում սթրեսային իրավիճակներում է հայտնվում: Այս խնդիրներն անպայման պիտի ծնողների ուշադրության կենտրոնում լինեն: Երեխայի վարքի ցանկացած տևական և կայուն փոփոխություն պիտի ուշադրության արժանանա: Պետք է անպայման պարզել երեխայի դժվարությունների պատճառները:

 

Խոսքի զարգացում

 

Ծնողները կարող են նպաստել երեխայի խոսքի զարգացմանը` բառերը ճիշտ արտասանելով, երեխայի սխալ արտասանություններն ուղղելով:
Դպրոց գնալուց առաջ երեխան պիտի տիրապետի բանավոր խոսքին՝ ճիշտ արտասանի իրեն ծանոթ բառերը, ազատ և անկաշկանդ խոսի, սեփական մտքերն արտահայտել կարողանա, հեքիաթների ու պատմությունների մասին հարցերին պատասխանի, հարցեր տա, եթե ինչ-որ բան պարզ չէ իրեն, անգիր հիշի կարճ բանաստեղծություններ և այլն։

 

Լսելու կարողություն

 

Լսել կարողանալը շատ կարևոր հմտություն է, որը պիտի օգնի երեխային ձեռք բերել գիտելիքներ: Երեխային լսել սովորեցնելու մի քանի միջոց
կա, սակայն դրանցից ամենակիրառականը մեկն է. նախադպրոցական տարիքի երեխայի համար պետք է ոչ փոքր տեքստերով շատ հեքիաթներ կամ զանազան պատմություններ կարդալ: Խոսքի զարգացումը, գրագիտությունը կախված է երեխային շրջապատող միջավայրում հնչող խոսքից:

 

 

 

Գովազդ