5 խորհուրդ ծնողներին` ինչպե՞ս երեխային դարձնել «լսող», բայց չկոտրել նրա կամքը

Զարգացում

Որքան հաճախ ենք մենք լսում մայրիկների ու հայրիկների գանգատը՝ «Մեր երեխան լսող չէ»: Ո՞ր ծնողը չի երազում վերջ տալ չլսող երեխայի կամակորություններին և կախարդական փայտիկի թեթև հարվածով այնպես անել, որ իրենց մանչուկը դառնա հեզ ու ենթարկվող։

Մանկական նյարդահոգեբան Օլգա Բելյաշովան առանձնացրել է մի քանի խորհուրդ, որոնք կօգնի ծնողներին երեխաներին դարձնել ավելի լսող։

 

1 Մի՛ մոռացեք, որ երեխաների համար Դուք լավագույն օրինակն եք։

Ինչպե՞ս կարող է երեխայի աչքի առջև կարմիր լույսի ներքո փողոցն անցնող մայրիկը սովորեցնել փոքրիկին, որ փողոցը պետք է անցնել կանաչ լույսի ժամանակ։ Կամ եթե հայրիկը փողոցում ուտում է չլվացված խնձոր, ինչու՞ նույնը չպիտի անի երեխան։ Հետևաբար, ծնողները պետք է հետևեն իրենց վարքին, որպեսզի խուսափեն նման հակասություններից։ Եթե ինչ-որ բան արգելում եք երեխային, արգելեք դա նաև Ձեզ։ Հիշե՛ք, որ Ձեր օրինակը երեխայի համար շատ ավելի ազդեցիկ է, քան ցանկացած խոսք։ 

2 Հաշվի առե՛ք երեխայի ցանկությունները։

Հաճախ ծնողները երեխայից պահանջում են մշտական հնազանդություն և դժգոհում, երբ երեխան իրենց ակնկալիքներին հակառակ է արձագանքում։ Օրինակ՝ փոխանակ արագ լվացվի, սկսում է խաղալ ջրի հետ կամ համառորեն շարունակում է փազլ հավաքել, չնայած խնդրել էիք, որ գնա քնելու։ Նման դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե անհնազանդությանը, այլ նրան, որ երեխան ևս ունի ցանկություններ ու, բնականաբար, դրանք դնում է առաջին պլանում։ Նա անկեղծորեն չի հասկանում, թե ինչու դրանք պետք է հետաձգի հանուն Ձեր՝ «երեխային ժամանակին քնեցնելու» ցանկության։ Այս պարագայում իրար են բախվում երեխայի և ծնողի ցանկությունները։ Երեխայի ցանկություններն այս պարագայում ևս կարևոր են: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխայի համար մշակել օրակարգ (լավ կլինի գեղեցիկ ձևավորմամբ և մեծ ու ուրախ նկարներով)։ Թեկուզ և ոչ անմիջապես, բայց դա կսովորեցնի երեխային լինել կարգապահ ու կազմակերպված։ Համբերատար վերաբերվեք այն հանգամանքին, որ սկզբնական շրջանում երեխան կանտեսի Ձեր հուշումներն այն մասին, որ, օրինակ, օրակարգով այսինչ ժամին պետք է գնա լվացվելու։ 

3Ինֆորմացիան բաժանեք մասերի

Կարկանդակը ամբողջությամբ ուտելը դժվար է։ Իսկ ահա բաժանելով այն մասերի՝ մենք յուրացման գործընթացը կդարձնենք հարմարավետ ու հաճելի։ Այդպես է նաև ինֆորմացիայի դեպքում։ Երեխայի համար ինֆորմացիայի մեծ ծավալը լաբիրինթոսի է նման, որում նա թափառում է՝ չիմանալով, թե ինչպես գտնի ելքը։ Օգնեք նրան՝ մասնատելով ինֆորմացիան։ Սպասեք, մինչև նա կվերջացնի մի գործողությունը, ապա դրանից հետո ասեք, որ անի մյուսը։ Օրինակ՝ ասեք՝ «հանի՛ր կոշիկներդ», սպասեք մինչև նա կանի դա, հետո՝ «հանի՛ր վերարկուդ» և նորից սպասեք ու ասեք՝ «լվա՛ ձեռքերդ» և այդպես շարունակ։ Խուսափեք շղթայականությունից՝ «հանի՛ր կոշիկներդ ու վերարկուդ, գնա լոգարան և լվա ձեռքերդ․․․․»։ 

4«Հանգստություն և միայն հագստություն․․․»

Կա՞, արդյոք, մի ծնող, որ չիմանա հայտնի արտահայտությունը՝ «հանգիստ մայրիկ՝ հանգիստ երեխա»։ Այս արտահայտության մեջ խորը իմաստ կա․չէ՞ որ ծնողի  անհանգստությանն ու խուճապին երեխան կարող է արձագանքել լացուկոծով։ Երեխաները դա զգում են ինտուիտիվ մակարդակով։ Օրինակ՝ եթե գիտեք, որ երեխան դանդաղաշարժ է և կարող է շատ երկար պատրաստվել մանկապարտեզ գնալու համար, ապա արթնացրեք նրան մի քիչ շուտ։ 

5 Չափից դուրս հնազանդ երեխան լավ չէ

Գուցե զարմանալի է, բայց դա փաստ է։ Երեխան, որը լիովին ենթարկվում է ծնողներին, վտանգում է ընդմիշտ կորցնել սեփական «ես»-ը։ Իսկ դրանից կբխի այն, որ երեխան ունակ չի լինի պաշտպանելու իր տեսակետն ու հետաքրքրությունները և կարող է նույնիսկ հայտնվել վատ շրջապատում։ Դրա համար, եթե Դուք նկատում եք, որ երեխան միշտ և ամեն ինչում համաձայնում է Ձեզ հետ, փոխեք Ձեր վարքագիծը (և մի՛ մոռացեք պահպանել հանգստություն)։ Սովորեցրեք նրան ընդունել որոշումներ, պատասխանատվություն կրել, պաշտպանել սեփական հետաքրքրությունները։ Եվ որպեսզի նա գտնի իր «ես»-ը և կայանա որևէ գործունեության մեջ, ապա տարեք նրան որևէ մշակութային խմբակ (օրինակ՝ թատերական ստուդիա)։

Հետևություն` եղե՛ք համբերատար, հանգիստ և ուշադիր ծնող։ Պահանջե՛ք երեխայից այն, ինչ ինքներդ եք կատարում և մի՛ մոռացեք մանկական հետաքրքրությունների, ցանկությունների ու պահանջների մասին։

 

 

Գովազդ