Երեք քայլ` առողջ երեխաներ մեծացնելու համար. Անուշ Ալեքսանյան

Զարգացում

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Մեր երեխաներն ապրում են այնպիսի ժամանակներում, երբ մանկամտությունը, կախվածություններն ու ալարկոտությունն ավելի լուրջ խնդիրներ են, քան սովն ու գրագիտության պակասը: Հետևաբար, մենք պիտի օգնենք նրանց ճիշտ և առողջ սովորություններ ձևավորել:
Ընդամենը 3 սովորություն է պետք ձևավորել, եթե ուզում եք, որ երեխան առողջ լինի լայն իմաստով:

Սովորեցրեք նրան ամեն օր.

  1.  Խնամել գլուխը
  2.  Խնամել մարմինը
  3.  Խնամել տունը, որտեղ ապրում է:

 

1. Խնամել գլուխը


Ամեն օր անհրաժեշտ է գործի դնել մտածողությունը և որևէ բան սովորել, մի բան անել մեր ինտելեկտուալ զարգացման և գիտելիքների հարստացման համար: Այսինքն` զարգացնել կոգնիտիվ ոլորտը, նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերել, զարգացնել և բավարարել ինտելեկտուալ հետաքրքրությունները: Կարճ ասած` պետք է ամեն օր մի նոր բան սովորել, եթե երկուսը, ավելի լավ: Եթե երկար ժամանակ չենք օգտագործում մի իր, ժամանակի ընթացքում փչանում է: Նույն բանը տեղի է ունենում մեր մտածողության հետ: Ավելորդ չեմ խտացնում գույները: 13-14 տարեկանից սկսած` գրեթե անհնար է լինում շտկել կոգնիտիվ ոլորտի զարգացման խնդիրները:

 

 2. Խնամել մարմինը


Երեխան պիտի սովորի սիրել, հարգել և խնամել սեփական մարմինը: Դա կարելի է անել մշտապես սպորտով զբաղվելու, հիգիենային հետևելու և առողջ սնվելու, առողջ ապրելակերպի միջոցով: Մենք սովորեցնում ենք հարգել մեծերին, փոքրերին, ուրիշներին և այլն: Սակայն հազվադեպ ենք սովորեցնում հարգել ինքներս մեզ, մեր մարմինը, մեր հանգիստը, մեր առողջությունն ու պահանջմունքները, ցանկությունները: Սա անչափ կարևոր է:

 

3. Խնամել տունը, որտեղ ապրում ես


Յուրաքանչյուր երեխա, օրվա ընթացքում, բացի իր դասերից, սենյակը հավաքելուց և այլն, պիտի որևէ ձևով մասնակցի տան խնամքի գործերին: Պարտադիր չէ, որ երեխան բարդ և ժամանակատար գործեր անի: Պարտադիր է, որ նա պարզապես անի մի բան, որը պետք է իր շրջապատին, մարդկանց, միջավայրին, բնությանը: Երեխան պիտի իմանա, որ տունը, որտեղ ձմռանը տաք է, ամռանը զով, միշտ համեղ ուտելիք կա, քաղցրավենիք կա, հագուստ կա, մաքուր է, որը փափուկ ու հարմարավետ է, գեղեցիկ է հաճախ ու հյուրընկալ, ստեղծվում է մի քանի հոգու կողմից: Այդ տունը ստեղծելն ու պահելը ժամանակ ու ջանք է պահանջում: Եթե տան խնամքով զբաղվում է մի քանի հոգի, ոչ բոլորը, ապա առավել ծանրաբեռնվածը հոգնում է, հաճախ հիվանդանում: Դեպրեսիան ևս հիվանդություն է:
Որպեսզի տանն առողջ լինեն բոլորը, մենք պիտի յուրաքանչյուրս ներդնենք մեր ուժերը տան խնամքի հարցում: Սա քայլ է, որ ձևավորում է պատասխանատու մարդ:

Արդյունքում ունենում ենք առողջ մտքով, մարմնով և պատասխանատու մարդ:
Այլևս ոչինչ անել պետք չէ երեխաների համար:

 

Գովազդ