Ստիպե՞լ երեխային երգել կամ արտասանել հյուրերի մոտ. խորհուրդ է տալիս հոգեբանը

Զարգացում

Խնջույքների, հավաքույթների ժամանակ ծնողները, տատիկ-պապիկներն ու հարազատները երբեմն երեխաներին ստիպում են երգել, արտասանել ու բերկրանք են ապրում, երբ երեխան հիացնում է հյուրերին: Երեխային, թերևս, ավելի մարդամոտ դարձնելու համար ստիպում են նաև համբուրել հյուրերին: Հնարավո՞ր է, արդյոք, որ երեխան, մյուսներին համբուրելով, ավելի մարդամոտ դառնա, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը կարծում է, որ ոչ:


«Պետք է սովորեցնել երեխային` ինչպես վարվել իր մարմնի հետ ճիշտ, դնել ճիշտ սահմաններ այլ անձանց հետ ֆիզիկական շփման մեջ: Եթե երեխան շփման հետ կապված բարդույթ ունի, ապա ստիպելով այդ բարդույթը ավելի է խորանալու: Լինում է մի տարիք, որ երեխաները նույնիսկ չեն ուզում, որ իրենց հայրիկն ու մայրիկն իրեն համբուրեն: Պարտադիր չի, որ համբուրելը լինի սիրո արտահայտման ձև, սիրո արտահայտման այլ ձևեր կան»,- նշում է հոգեբանը:
Անի Ապիտոնյանի խոսքով` խնջույքներին երգելու, արտասանելու հետ կապված նույնպես պետք չէ երեխաներին ստիպել: Կան երեխաներ, որոնք էքստրովերտ են. նրանք սիրում են ներկայանալ, և եթե նրանց երգելն ու արտասանելը հաճույք է պատճառում, ապա դա նորմալ է: Ինտրովերտ երեխաները փակ ու ամաչկոտ են: Հյուրերի մոտ ստիպելով նրանց երգել կամ արտասանել՝ մենք ստիպում ենք նրանց ավելի ամաչել, և երբ հերթական անգամ տուն հյուրեր գան, երեխայի մոտ կարող է տագնապի զգացողություն առաջանալ:

«Պետք չէ ստիպողաբար ի ցույց դնել երեխային»,-նշում է հոգեբանը:

Եգելու, արտասանելու դիմաց հաճախ երեխաներին նաև գումար են առաջարկում: Հոգեբանի խոսքով` գումար առաջարկելը ճիշտ չէ:
«Եթե ծնողները փորձում են ինքնահաստատվել երեխայի վրա` առաջարկելով գումար, միայն թե իրենց ուզածին հասնեն, իհարկե, չի կարելի, որովհետև երեխան ինքը պիտի ցանկանա: Երեխային ոգևորելու համար կարելի է նրան ծափ տալ, գրկել, համբուրել: Գումարը երեխայի մոտ շահադիտական մտքեր է առաջացնում. նա այլևս չի երգի կամ արտասանի իր հաճույքի համար, այլ դա կանի գումար վաստակելու համար»,- կարծում է հոգեբանը:

 

Հեղինակ՝ Նանե Ավետիսյան

Գովազդ