Ի՞նչ անել, եթե ֆինանսապես ի վիճակի չես բավարարել երեխայի պահանջները․ հոգեբանի խորհուրդները

Հաճախ է պատահում, որ ծնողները, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, չեն կարողանում բավարարել երեխաների պահանջները, օրինակ՝ գնել այս կամ այն խաղալիքը, տանել սրճարան, բազմատեսակ ու բրենդային հագուստ ձեռք բերել։ Պատահում է նաև, որ ընտանիքը ի վիճակի չի լինում երեխայի անգամ նվազագույն կարիքները հոգալ։  «Իմ փոքրիկ»-ը զրուցել է կլինիկական հոգեբան Էմմա Արզիեվայի հետ՝ պարզելու համար, թե նման իրավիճակում ինչպիսին պետք է լինի ծնողի վարքը, որպեսզի երեխան ձեռք չբերի հոգեբանական խնդիրներ։

Էմմա Արզիևան ասում է, որ երեխա ունենալուց առաջ ծնողները պետք է գիտակցեն, թե ինչ է իրենց սպասվում: Հոգեբանն անթույլատրելի է համարում երեխա ունենալ, երբ ամենատարրական պայմանները հնարավոր չէ ապահովել․ երեխան իրավունք ունի արժանապատիվ կյանքի, իսկ ծնողները պարտավոր են ապահովել այն: Մյուս կողմից, ըստ մասնագետի, ամենակարևոր պահանջմունքը սիրված ու ընդունելի լինելն է: Դրա պակասը երեխան զգում է կյանքի առաջին իսկ օրերից: Եթե նա չսպասված ու չսիրված է, ապա մանկիկի հետագա սոցիալիզացիան, ինտեգրումը, ինքնաիրացումը մեծ ռիսկի տակ են:

 

-Ինչպե՞ս պետք է ծնողը բացատրի երեխային, որ չի կարողանում իրագործել նրա ցանկությունները։

- Եթե խոսքը առօրյա-կենցաղային որևէ պահանջմունքի մասին է, օրինակ՝ երեխան կամ դեռահասը որոշել է, որ պետք է ունենա նոր հեռախոս կամ անլար ականջակալ, իսկ ծնողը դրա հնարավորությունը չունի, երեխայի հետ պետք է ազնիվ լինել ու ճշգրիտ կերպով ներկայացնել իրավիճակը: Խելացի երեխան կհասկանա և չի պնդի, որ ծնողն ամեն կերպ, ինչ գնով ուզում է լինի՝ դա իր համար գնի: Անբնական կլինի նաև, որ ծնողը դա ձեռք բերի վարկով, միայն թե երեխան չնեղանա կամ «չկոտրվի»: Հիշեք, որ հաջորդը կարող է լինել մեկ այլ՝ ավելի թանկարժեք պահանջ։ 

Հիմա մեկ այլ իրավիճակ ներկայացնեմ, որը քիչ ավելի մեղմ է, քան նախորդը․ օրինակ՝ ծնողը երեխայի հետ գնացել է խանութ, և երեխան ցանկանում է ինչ-որ իր կամ սնունդ, որն այդ պահին ծնողը չի կարող իրեն թույլ տալ: Նորից ու նորից պետք է անկեղծ գտնվել երեխայի հետ: Ասեք, որ  դա անպայման կգնեք իր համար, բայց ոչ այս պահին` մյուս աշխատավարձի ժամանակ կամ Նոր տարուն կամ իր ծննդյան տոնին:

Նման անհարմար վիճակներից խուսափելու համար նախապես պայմանավորվեք երեխայի հետ մինչև խանութ գնալը, թե ինչեր եք գնելու կամ երեխայի հետ խանութ գնալուց խուսափեք:

 

Նման իրավիճակում երեխայի մոտ հնարավո՞ր է՝ բարդույթներ առաջանան, ինչպե՞ս հաղթահարել։

- Որպես կանոն՝ երեխան բարդույթներ կամ ամոթի զգացում չի ունենում, դրանք ձեռքբերովի որակներ են, որոնք, ինչքան էլ տարօրինակ կարող է թվալ, ներդրվում են երեխայի մեջ հենց ծնողի կողմից: Այսինքն՝ եթե ծնողը կոմպլեքսավորվում, ամաչում է իր ֆինանսական վիճակից, դա մեծ հավանականությամբ կփոխանցվի նաև տվյալ ընտանիքի երեխային:

 

- Ծնողները պե՞տք է երեխային ներկայացնեն իրենց սոցիալական վիճակը։

- Երեխան միանշանակ պետք է պատկերացում ունենա իր ընտանիքի սոցիալ-տնտեսական և ֆինանսական վիճակի մասին: Երեխայի նկատմամբ միշտ պետք է ազնիվ գտնվել:

 

- Չունենալ սիրելի խաղալիքը, հագուստը կամ ուտելիքը․ համաձայնեք՝ հեշտ հաղթարահելի չէ։ Հնարավո՞ր է երեխայի մոտ ագրեսիա առաջանա ի պատասխան։

Ագրեսիան ծնում է ագրեսիա: Եթե երեխան մեծանում է խաղաղ, ջերմ մթնոլորտում, որտեղ մայրիկն ու հայրիկն իրար սիրում են, միմյանց նկատմամբ հոգատար են, չեն գոռգոռում միմյանց վրա, ընտանիքում չկա ֆիզիկական և հոգեբանական բռնություն, երեխան ագրեսիվ չի լինի, նույնիսկ եթե չունենա իր երազած խաղալիքը:

 

- Պե՞տք է դիմել հոգեբանի, եթե երեխան դառնում է ընկճված։

- Ցավոք, ծնողները հոգեբանի դիմում են ամենավերջում`նյարդաբանի, մոմ թափողի, քահանայի, մանկաբույժի մոտ այցելելուց հետո: Երևի ավելի հեշտ է ընդունել, որ երեխան ունի որևէ սոմատիկ, ոչ թե հոգեբանական խնդիր:

Առաջինի դեպքում ծնողի վրայից «մեղավորությունն», ասես, դուրս է գալիս, իսկ հոգեբանական խնդրի պարագայում բախվում ես իրականության հետ, որն այդքան խնամքով թաքցրել էիր: Ժամանակ առ ժամանակ հոգեբանի հետ խորհրդատվություն ունենալը միայն ինքնավստահություն ու կիրառելի գիտելիքներ կտա:

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան