Հակամարտություն գոտում ապրող երեխաներն իրականությունը տեսնում են այլ տեսանկյունից, իսկ այդ կողմն ամենևին ցանկալի չէ: Նրանք ենթարկվում են միաժամանակ ֆիզիկական ու հոգեբանական ճնշման, իսկ այն կարող է իր հետքը թողնել երեխայի վրա: Այս թեմայի շուրջ «Իմ փոքրիկ»-ը խոսել է «Երկուսով» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լալա Պետրոսյանի հետ:
Ինչպիսի՞ ազդեցություն կարող է թողնել պատերազմը հակամարտության գոտում ապրող երեխայի վրա:
Նրանք անորոշության մեջ են և չգիտեն` ինչպիսին կլինի հանգուցալուծումը: Պատերազմական իրավիճակը շեղում է երեխային կյանքի բնականոն ընթացքից, սակայն յուրաքանչյուրն այն ապրում է յուրովի: Առաջին երեխան կարող է պարզապես չհասկանալ՝ ինչ կատարվեց, երկրորդ երեխան կարող է սթրեսի ենթարկվել, երրորդն էլ՝ հոգեբանական տրավմա ունենալ: Այստեղ վճռորոշ գործոն է այն, թե ինչի է ականատես եղել նա: Դրանից կախված՝ ի հայտ են գալիս սուր զգացողություններ: Եթե նրան անմիջապես տեղափոխել են ապաստարան ու ճանապարհին ոչինչ չի նկատել, սթրեսը կլինի թեթև, կունենա որոշակի ապահովության զգացում: Իսկ փոքրիկը, որը շատ ավելիի վկան է եղել, որի տունն են ռմբակոծել, կարող է տրավմայի ենթարկվել:
Սթրեսը և հոգեբանական տրավման՝ պատրերազմի հնարավոր հետևանքներ: Ինչպե՞ս տարբերակել:
Սթրեսը մարդու օրգանիզմի պատասխան ռեակցիան է փոփոխվող իրավիճակին: Երեխայի վարքագծում լինում են մի շարք փոփոխություններ: Չեն ցանկանում ուտել, դառնում են ավելի դյուրագրգիռ, մեկուսանում են: Կա նաև հակառակ էֆեկտը՝ դառնում են չափից ավելի ակտիվ, շփվող, սկսում են շատ խոսել:
Սթրեսն ու հոգետրավման միանշանակ տարբերվում են: Սթրեսը լինում է և՛ դրական, և՛ բացասական: Այն պարզապես մեր կյանքի ուղեկիցն է: Իսկ հոգետրավմա առաջացնող իրավիճակները անսպասելի են ու հանկարծահաս: Նման պարագայում վտանգ է սպառնում անձին կամ իր մտերիմների կյանքին: Փոքրիկի հոգեկանը պատրաստ չէ այդ ամենն ընկալելուն: Կյանքը տրավմատիկ իրողությամբ բաժանվում է երկու մասի՝ տրավմայից առաջ ու տրավմայից հետո: Երեխան մեծ հոգեկան էներգիա է ծախսում այդ վիճակից դուրս գալու համար:
Երեխան տրավման ինքնուրույն հաղթահարել չի կարող: Եթե չլինի մասնագիտական միջամտություն, դեպքը կարող է ուղեկցել նրան ողջ կյանքում ու ժամանակ առ ժամանակ ախտանշանների տարբերակով ի հայտ գալ: Կարող ենք ունենալ հետտրավմատիկ սթրեսային խանգարում:
Ինչպե՞ս է արտահայտվում սթրեսը երեխայի տարբեր տարիքներում:
Մինչև 6 տարեկան երեխաները զգալի ընկճվածություն ցույց չեն տալիս: Ըստ էության, նրանք չեն էլ ընկալում ճգնաժամն իր ողջ խորությամբ: Ունենում են անօգնականության զգացում, պասիվ վիճակ, դժվար են կենտրոնանում, հրաժարվում են մենակ քնել: Խիստ կապվածություն են ցուցաբերում մեծահասակների նկատմամբ, հատկապես՝ ծնողների: Լինում է նաև ռեգրեսիվ վարքի դրսևորում՝ երեխան փոքրանում է իր գործողություններով: Սկսում է ծծել մատը, առաջանում է գիշերամիզություն և այլն:
7-11 տարեկանները կատարվածն անընդհատ վերհիշում են: Երբեմն ունենում են մեղքի զգացողություն, սովորելու դժվարություններ, վատ երազներ, մարմնական գանգատներ՝ գլխապտույտ, փորացավ: Նույնիսկ մտածում են՝ ծնողին ավելորդ հոգս կպատճառեն: Այդպիսով չեն բարձրաձայնում իրենց խնդիրները:
12-ից բարձր տարիքի երեխաների մոտ առաջին հերթին կարող են դիտվել մեկուսացում, կտրուկ փոփոխություններ միջանձնային հարաբերություններում: Նրանց արձագանքները նման են լինում մեծահասակների արձագանքներին: Ավելի լուրջ են ընդունում խնդիրը, հակված են չափազանցնելուն: Կարող է ծագել վրեժխնդրության զգացում: Այս դեպքում անհրաժեշտ են ծնողների ու մասնագետների աջակցութունը, ինքնավստահությունը վերականգնող զրույցներ:
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան