Ավազաթերապիան տանը. ի՞նչ խաղային մեթոդներ կիրառել

Զարգացում

Երբեմն երեխան դժվարանում է նկարագրել  իր զգացողություններն ու բացատրել ներաշխարհում տեղի ունեցողը:

Նրա հուզական զարգացումն ապահովելու համար ծնողները կարող են դիմել ավազաթերապիայի օգնությանը:  Ավազն օժտված է «կախարդական» հատկություններով, իսկ դրանով աշխատելը երեխայի համար ունի բազում առավելություններ: Այս մասին փաստում է  «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը: «Ներկայում շատ հաճախ ծնողներն արգելում են բալիկներին «կեղտոտվել» ավազների և հողերի մեջ: Չգիտակցելով դրա կարևորությունը՝ նրանք երեխաներին մղում են գաջեթների գիրկն ու կտրում բնությունից, իրականությունից»,-նշում է նա:

Նրա խոսքով՝ աշխատանքի ընթացքում ավազը սկսում է տաքանալ, ենթարկվել երեխայի նուրբ ձեռքերին և ստանալ կերպարանք։ Հաջորդիվ ավազին միանում են տարբեր առարկաներն ու ֆիգուրները, որոնցով ստեղծվում են ամբողջական պատկերներ, ավազե ամրոցներ, որտեղ գլխավոր գործող անձը դառնում է փոքրիկն ու ավազի միջոցով հաղթահարում իր խնդիրները:  

Լուսինե Գրիգորյանն ասում է, որ տան պայմաններում հնարավոր է անցկացնել ավազաթերապիա: Այդ դեպքում կիրառվում է ինչպես կինետիկ ավազն, այնպես էլ՝ սովորականը։ «Մենք կարիք ունենք ինքնավստահ, ակտիվ ու պաշտպանվող երեխաների։ Ծնողը երեխայի հետ կարող է ավազից քանդակել անվախ հերոսների կերպարներ: Դրանք կարելի է մայրիկի հետ պատրաստել նաև խմորից, կտորներից ու թելերից»,- նշում է նա: Շեշտում է՝ այս աշխատանքի միջոցով երեխան կսովորի ոչ թե փախչել հարձակումից, կոնֆլիկտներից, դժվարություններից, այլ սովորել լինել սեփականատեր, ուժեղ և հպարտ։

Հոգեբանն առաջարկում է տանն իրականացնել ավազաթերապիայի հետևյալ խաղային մեթոդները:  

Խաղ 1. Իմ զայրույթը

Այս խաղն ուղղված է հույզերի ճանաչմանն ու զարգացմանը: Երեխան կինետիկ ավազից գունդ է պատրաստում և մեծահասակի /ծնողի/ հրահանգով դրան տալիս իր զայրույթի տեսքը: Գունդը պետք է ունենա աչքեր, քիթ, բերան: Փոքրիկը գունդը ստեղծելուց հետո   բացատրում է, թե երբ է այդ կերպարն իրեն հյուր գալիս: Գուցե այն ժամանակ, երբ մեծահասակներից նկատողություն է ստանում իր կատարած վատ արարքի համար:

Մեծահասակը փոքրիկին պետք է բացատրի, որ զայրանալ կարելի է: Յուրաքանչյուր հույզ՝ դրական, թե բացասական, մեր մեջ ապրում է ու չպետք է ճնշվի: Պարզապես պետք է կարողանանք ճիշտ արտահայտել: Փոքրիկին հանձնարարվում է փոխել ստեղծած գնդի տեսքը: Հաղորդում է ժպիտ և ուրախ հայացք: Եթե դեմքի մասեր ստանալու համար օգտագործել է որոշ մասնիկներ՝ ուլունքներ կամ գունավոր քարեր, փոխում է դրանց դասավորությունը: Պատկերում է դրական տրամադրություն, որը հյուր է գալիս այն պահին, երբ մեծահասակի նկատողությունը երեխան սկսում է ընկալել որպես մեթոդ: Մեթոդ, որն իրեն սովորեցնելու միտում ունի։ Արդյունք՝ այն, ինչ ինձ զայրացնում է, իրականում ինձ սովորեցնում է։

 

Խաղ 2. Իմ ընտանիքը

Տվյալ խաղի ընթացքում փոքրիկը պատկերում է ներընտանեկան հարաբերությունների մոդելը: Խաղը ենթադրում է ավազի վրա սեփական ընտանիքի ստեղծում։ Մեծահասակի խնդիրն է տեսնել, թե երեխան ընտանիքի որ անդամի կամ անդամների հետ ունի կոնֆլիկտային հարաբերություններ: Նրա պարտականությունն է զարգացնել ընթացքը՝ աստիճանաբար փոփոխելով և ստեղծելով այն ընտանիքը, որը երեխան կցանկանա տեսնել։ Ավազի վրա երեխան դասավորում է ֆիգուրներն ու գործողություններ ցույց տալիս: Մեծահասակը փոքրիկի հետ միասին դուրս է բերում ընտանիքի բոլոր անդամների այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի փոքրիկի ընկալմամբ ընտանիքը դառնա լավն ու ցանկալի։ Երեխան պետք է գիտակցի և պատասխանատվություն կրի ընտանիքում իր դերի և գործողությունների համար, քանի որ ընտանիքը «ես» չեմ, այլ «մենք» ենք։

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ