Ինչու՞ է բակի դերը երեխայի կյանքում անգնահատելի. մաս 2

Զարգացում

Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։

«Իմ փոքրիկ»-ի հարցերին պատասխանել են «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը և «Երկուսով»մասանգիտացված հոգեբանական կենտրոնի հոգեբան Լալա Պետրոսյանը:

 

Ինչպես սեր արթնացնել երեխայի մոտ բակի նկատմամբ։

 

Հաշվի առնելով բակի նշանակությունը անհատի զարգացման մեջ՝ մեր զրուցակից հոգեբաններն առաջարկում են հետևյալը.

Լալա Պետրոսյանի խորհուրդները՝

Օրվա ընթացքում նվազագույնը մեկից երկու ժամ փոքր երեխան պետք է քայլի այգում, գտնվի մաքուր օդում, ժամանակ անցկացնի բակի երեխաների հետ: Մայրն ու հայրը չպետք է փոքրիկի համար տունը վերածեն կոմֆորտ զոնայի, որից նա դուրս գալ չցանկանա: Պատահում է՝ երեխաները երկար ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց ու այդ վարքը խրախուսվում է ծնողների կողմից: Ծնողները մտածում են՝ զավակներն իրենց աչքի առաջ են, բոլոր վտանգներից հեռու: Սա երեխային դարձնում է միանգամայն խոցելի: Եթե ծնողն իր քայլերով երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնի բնության տարբեր երևույթների, գույների, ծառերի ու ծաղիկների նկատմամբ, ապա նա հաճույքով կսկսի ուսումնասիրել, նոր հարցեր տալ, բացահայտումներ անել ու նույն մեթոդներով հարաբերություններ կառուցել մյուսների հետ:

 

Անի Ապիտոնյանի խորհուրդները՝ 

Եթե երեխան դպրոց է հաճախում, ունի զբաղվածություն, ապա պարտադիր պիտի երկու ժամ ունենա, որը չի տնօրինի մեծահասակը: Այդ ժամերը պետք է լինեն հեռու ցանկացած տեխնիկայից ու նա ուղղակի կշփվի, կխաղա իր հասակակիցների հետ: Սա էական է, քանի որ այն օգնում է նյարդային, հուզական լարվածությունը թոթափելուն: Բակի նկատմամբ երեխայի ձգտումն առաջին հերթին կախված է երեխային աջակցելու ծնողի պատրաստակամությունից: Եթե ծնողը շփվող է ու սիրում է զբոսնել, բալիկն ակամա ընդօրինակում է նրա վարքը: Ծնողները երեխաներին խաղերի մեջ պիտի ընդգրկեն: Կարող են մեծահասակներով հավաքել բակի երեխաներին, որից հետո արդեն փոքրիկն ինքը կցանկանա մնալ բակում: Մենք կարող ենք պայմանավորվել կամ արգելել: Երեխան հանձնում է կամ մենք ենք վերցնում: Ավելի պարզ՝ չենք թողնում համակարգչով խաղան, այլ գնում ենք գնդակ կամ սեղանի խաղ, որով կզբաղվեն ընկերների հետ: Սեղանի խաղերը պիտի լինեն զարգացնող:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ