Երեխան չի սովորում. ի՞նչ անեն ծնողները

Ծնողները մեկ ամիս առաջ գիրք էին գնել երեխայի համար, իսկ նա մեկ տող ընթերցելուց հետո մի կողմ է դրել այն: Ինչու՞ չի կարդում առհասարակ, ինչու՞ է այսքան ծուլացել: Մայրիկին ու հայրիկին հուզող տրամաբանական հարցեր են, որոնք ունեն պատասխաններ:

Միայն թե պետք է համբերատար լինել և ճիշտ ուղղությամբ շարժվել: Թե որտեղ փնտրեն երեխայի չսովորելու պատճառներն ու ինչպես «վերադարձնեն» մոտիվացիան, «Իմ փոքրիկ»-ին ներկայացրել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Վարդինե Մեսրոպյանը:

 

Երեխան չի կարդում, ծուլանում է, կորցրել է մոտիվացիան...

 

Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ՝ ինչու երեխան չի ցանկանում սովորել, փնտրել դրան նպաստող գործոններն, ապա՝ սկսել աշխատանքը երեխայի հետ: Ծնողը պետք է կարողանա օգնել երեխային, որ նա հասկացված զգա իրեն, ունենա հաջողություններ: Նախ բացառում ենք ճնշման գործադրումն ու ստիպողաբար գործողությունների կատարումը: Ուսումնական գործընթացի նկատմամբ պետք է ձևավորենք հստակ դրական վերաբերմունք: Չի կարելի պարտադրել, պահանջել, որպեսզի երեխան նստի, գրի, սովորի դասերը: Երբեմն էլ պետք է նրան թողնել ինքնուրույն գործել:

Հիշեք՝ լարվածությունն ու ճնշվածությունը ստիպում են, որ երեխան խուսափի դրանից: Սովորելու մոտիվացիան կորցնելու պատճառներից կարող է լինել տվյալ առարկայի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը:

Երեխան կարող է չհասկանալ և վախենալ նորից հարցնել: Վախենում է, քանի որ չի ուզում սխալվել: Երբեմն էլ վախենում է ցածր գնահականներ ստանալուց: Ծնողները պահանջում են չափից ավելին, իսկ չհասցնելու դեպքում՝ երեխայի մոտ արդեն իսկ առաջանում են դժվարություններ: Առաջ են գալիս սթրես, լարվածություն, որոնք վնասում են երեխայի հոգեկան առողջությանը:

Դասերի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը կարող է պայմանավորվել նաև ուսուցչի գործոնով: Շատ այլ պատճառներ ևս կան:

 

Անհրաժեշտ է վստահել երեխային

 

Եթե ուզում եք օգնել երեխային, նախ պետք է հասկանալ ու ընդունել նրան այնպիսին, ինչպիսին կա՝ անկախ նրանից սովորում է, թե չի սովորում: Յուրաքանչյուր երեխա ունակ է ինքնուրույն գլուխ հանել և հասնել հաջողության, եթե ծնողը չի սպասում, որ նա դա անի ամենայն գերազանցությամբ, կատարի այն, ինչն իր ընդունակություններից վեր է: Պետք չէ երեխային տեսնել մեկի դերում, որը կիրականացնի ծնողների չիրականացած երազանքները: Ճիշտ չէ, երբ ծնողները մտածում են՝ մեր երեխան պետք է ավելի լավ սովորող լինի, քան մենք ենք եղել: Կարևոր է, որ ծնողն աջակցի երեխային, ընդունի նրա պահանջմունքները: Շատ հաճախ ծնող-երեխա փոխհարաբերություններում ընկնում է հենց վստահության նշաձողը: Երեխայի համար առաջնային է, որ ծնողը վստահի իրեն, ոգևորի, քաջալերի՝ ցանկացած դժվարություն հնարավոր է հաղթահարել և գլուխը բարձր առաջ գնալ:

 

Դասերն անելիս պահպանում ենք լավ տրամադրությունը

 

Դասերը պետք է անել միայն լավ տրամադրությամբ, ոչ թե ստիպողաբար: Երեխաները կարող են ընտրել հստակ տեղ, ժամ, որտեղ կանեն դասերը: Դա նույնիսկ հնարավոր է անել լավ, հանգիստ երաժշտության ներքո: Ծնողները կարող են խրախուսել երեխային ամենով, ինչ նա սիրում է: Օրինակ՝ շոկոլադ տալ: Եթե երեխան սիրում է երգել, պարել, զբոսնել, ապա ցանկալի է՝ դասերն անելուց առաջ դրանով զբաղվել, որպեսզի երեխան լցվի դրականով, տրամադրվի ու կարողանա իրականացնել դասապրոցեսը: Հիշենք՝ ծնողների մոտեցումից շատ բան է կախված: Չկան երեխաներ, որոնք չեն կարող լավ սովորել: Պարզապես պետք է գտնել նրանց ընդունակություններն ու հնարավորությունները, դրանց համապատասխան ձևավորել որոշակի մոտեցումներ ուսումնական գործընթացի նկատմամբ:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան