Ինչու՞ է պետք հիշողությունը մարզել վաղ տարիքից

Զարգացում

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Վարդինե Մեսրոպյանի հետ:

Երեխայի հիշողության զարգացման առանձնահատկությունները...

Վաղ մանկական տարիքում երեխաներն իրենց ամենօրյա զարգացման և աշխարհաճանաչողության ընթացքում կատարելագործում են հիշողությունը: Այստեղ էական է սոցիալական շփման դերը, որտեղ նկատելի է ծնողների ու մանկավարժների դերը: Փոքրիկները սկզբում փորձում են հիշել այն կարևոր իրադարձությունները, իրերն ու երևույթները, որոնք իրենց շրջապատում են՝ սիրելի մուլտֆիլմի հերոսները, մարդիկ, ում հանդիպում են ամեն օր: Իսկ մարդկանց, բարեկամներին, ում հազվադեպ, տարին մեկ անգամ են տեսնում, հիմնականում մոռանում են:

Կան երեխաներ էլ, որ չեն հիշում իրենց ամենօրյա խաղերի ընկերներին, ազգականների անունները: Ցանկացած իմացական գործընթաց, այդ թվում՝ հիշողությունը, պետք է մարզել դեռ վաղ մանկական տարիքից: Դա կօգնի, որ երեխան առօրյայում, դասապատրաստման ընթացքում կարողանա արագ, կարճ ժամանակահատվածում ընկալել ու յուրացնել:

Հիշողության պահպանման, վերարտադրման հարցում առաջնային է ուշադրության կենտրոնացումը: Սովորաբար երեխաները կարող են ուշադրությունը կենտրոնացնել 20-45 րոպե, որից հետո պետք է դադար առնել, որպեսզի երեխայի օպերատիվ հիշողությունը կարողանա մտապահել ամենն, ինչ երեխան ընկալել է:

 

Զարգացնում ենք հիշողությունը խաղերի և վարժությունների միջոցով

Երեխայի հիշողության լավացման համար նախ անհրաժեշտ է ապահովել հարմարավետություն և հանգստություն, որպեսզի երեխան կարողանա ընկալել՝ ինչ է կատարվում շրջապատում: Պետք է նրան շարունակ ծանոթացնել շրջապատող աշխարհի հետ, սովորեցնել ու օգնել մտապահել: Նախադպրոցական տարիքում օգնում ենք, ապա՝ քայլ առ քայլ տանում ինքնուրույնության: Դպրոցահասակ երեխան պետք է առանց ծնողների օգնության կարողանա հավաքել պարզ ու բարդ փազլներ, լուծի խաչբառեր և գլուխկոտրուկներ:

Հիշողության զարգացման համար նախատեսված բազմաթիվ խաղեր, վարժություններ կան, որոնք ծնողները հանգիստ կարող են կիրառել ու լավ արդյունք ստանալ: Նույնիսկ ցանկացած խաղային գործընթաց կարելի է օգտագործել հիշողության զարգացման համար: Անհրաժեշտ է հասկանալ՝ չկա՞ն ֆիզիոլոգիական խնդիրներ: Խաղերի միջոցով կարելի է նաև օգնել երեխային սովորել նոր լեզու: Երեխային նոր, օտար լեզու սովորեցնելու ենք 3 տարեկանից ոչ շուտ, քանի որ մինչև երեք տարեկանը նա պետք է յուրացնի իր մայրենի լեզուն, կարողանա կազմել բառակապակցություններ, նախադասություններ: Վաղ մանկական հասակում երեխային մի քանի լեզու սովորեցնելը առաջ է բերում բարդություններ, ուստի հնարավոր է՝ խառնի լեզուները, դժվարանա վերարտադրման հարցում: Այդ տարիքի երեխաներն իհարկե շատ ընկալունակ են, բայց շտապողականությունն, ամեն ինչ արագ սովորեցնելու մոլուցքով տարվելը տեղին չեն:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ