Երեխան և ապագա մասնագիտությունը. ինչպե՞ս կողմնորոշվել

Դպրոցում երեխան առնչվում է տարբեր առարկաների հետ, իսկ դպրոցից դուրս՝ հաճախում խմբակների: Ծնողն ակնկալում է տեսնել նրա հետաքրքրությունը կոնկրետ ոլորտի նկատմամբ, այնինչ՝ երեխայի մոտ ոգևորության կայծ չի բռնկվում, որևէ առարկայի նկատմամբ էլ առանձնահատուկ սեր չի տածում:

«Հետաքրքիր է, երբ ծնողները երեխային տանում են տարբեր խմբակներ, փորձում ընդգրկել նրան զանազան բնագավառներում: Այսպիսով՝ երեխան իր ժամանակը լցնում է որոշակի գործողություններով, հաճախում է երգի, պարի, լողի կամ սպորտի: Սակայն այդ խառնաշփոթի մեջ ծնողները մոռանում են հարցնել փոքրիկին՝ «դու ի՞նչ ես ուզում»: Միգուցե չես ուզում գնալ լողի, այլ՝ ուզում ես գնալ շախմատի: Միգուցե նա չդառնա իրավաբան, սակայն դառնա մասնագետ մեկ ուրիշ ասպարեզում, որն էլ պակաս կարևոր չէ»,- նկատում է հոգեբան Վարդինե Մեսրոպյանը:

Նա նշում է, որ ծնողները երեխայի մասնագիտության ընտրության հարցում երբեմն ուշադրություն են դարձնում աշխատաշուկայի պահանջներին: «Կրկին բախվում ենք այն խնդրին, որ սա ծնողի ցանկությունն է, ոչ թե երեխայի: Նման երևույթները երեխայի մոտ կարող են առաջ բերել տրամադրության անկում, ապամոտիվացում: Նա լուռ կատարում է ծնողների ցանկությունը: Ծնողը երեխային պետք է տա թևեր, որպեսզի նա թռչի և թռիչքի ընթացքում կարողանա գտնել ամենն, ինչ իրեն է անհրաժեշտ»,- շեշտում է հոգեբանը:

Ավելացնում է՝ երեխան այսօր կառաջնորդվի ծնողների կամքով, կընդունվի, սակայն, որոշ ժամանակ սովորելով, կհասկանա՝ իրենը չէ: Ի՞նչ անել այդ պահին: Երբեք ուշ չէ փոփոխություններ անելու համար, սակայն հարկավոր է ժամանակն արժևորել: Վարդինե Մեսրոպյանի խոսքով՝ նման լուրջ խնդիրներից ու հետագա հոգեբանական բարդույթներից խուսափելու համար ընդամենը պետք է երեխային մանկուց օգնել, որ նա ինքն իրեն հասկանա։

 «Լսեք երեխային: Հասկացեք՝ արդյո՞ք նա ուզում է ընտրել տվյալ մասնագիտությունը: Հաճախ ծնողները չեն ունենում բավարար ինֆորմացիա տվյալ ոլորտի մասին: Նրանց պատկերացումն այսպիսին է՝ մեծ գումար կաշխատես, կունենաս բարեկեցիկ կյանք և կհոգաս ընտանիքիդ կարիքները: Ֆինանսական կողմն էական է, բայց միայն դրանով առաջնորդվելը՝ սխալ»,- ընդգծում է նա: Նրա հավելմամբ՝ եթե ծնողը չի կարողանում ինքնուրույն ճիշտ խորհուրդ տալ երեխային, ապա կարող է դիմել մասնագետի: Դա թույլ կտա երեխային ընտրել իր նախասիրություններին համապատասխան մասնագիտություն՝ հաշվի առնելով դժվարություններն ու խոչընդոտները:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան