Ինչպե՞ս վերահսկել երեխայի քայլերն առցանց միջավայրում. հոգեբանն ուղղություն է տալիս

Զարգացում

Թե՛ շրջապատում, թե՛ համացանցային տիրույթում երեխային կարող են սպառնալ տարբեր վտանգներ:

Նման դեպքերում բնական է, որ ծնողներն անհանգստանում են և մտածում երեխայի՝ հեռախոսով կատարվող քայլերը ստուգելու և վերահսկելու մասին: «Ծնողական վերահսկողությունն անհրաժեշտություն է, ինչպես նաև դրա կողքին երեխային տրվող ազատությունը։ Խիստ ծնողական վերահսկողության արդյունքում երեխայի մոտ կարող են ձևավորվել բարդույթներ, երեխան կսկսի թաքցնել իրականությունը, գործել ծնողից թաքուն: Այս պարագայում վտանգն ավելի մեծ կլինի, քան ոչ շատ խիստ ծնողական հսկողության դեպքում»,-նշում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը: Նա կարծում է, որ ամենակարևորը երեխայի հետ ընկեր դառնալն է, որի արդյունքում, սակայն, չի տուժի ծնողի հեղինակությունը։ Ըստ նրա՝ երեխայի հետ վստահության դաշտ ստեղծելը, տարբեր թեմաներին անդրադառնալը հնարավորություն կտա, որպեսզի երեխան նախաձեռնի իրեն անհանգստացնող նամակագրությունները ծնողի հետ քննարկելը։ 

Ծնողն ուզում է համոզվել, որ երեխան պատշաճ կերպով է օգտագործում հեռախոսն ու տրված հնարավորությունները, բայց, միևնույն ժամանակ, չլինել «լրտեսի» դերում: Լուսինե Գրիգորյանն ասում է, որ «լրտես» լինել պետք չէ, քանի որ այդպես հնարավոր է մեկընդմիշտ կորցնել երեխայի վստահությունը, վերջինիս հետագա քայլերի նկատմամբ կառավարումը։ «Ցանկացած սոցիալական ցանցում գրանցվելուց առաջ կարելի է նախապես երեխայի հետ ձեռք բերել պայմանավորվածություն, որ իր նամակագրությունները հասանելի կլինեն նաև ծնողին»,-նշում է նա 

Հոգեբանն ընդգծում է՝ միևնույն է օնլայն տիրույթը երեխային հաճելի է, և նա շփվելու է, սակայն ծայրահեղ խստության դեպքում չի լինի ծնողի մասնակցությունը։ «Եթե ցանկանում ենք, որ երեխան անձամբ պատմի, նա պետք է իմանա՝ ցանկացած թեմա բարձրաձայնելու դեպքում չի լսելու մեղադրանք: Ի դեմս ծնողի՝ տեսնելու է մարդու, որն  իրեն սովորեցնում է, ինչու չէ՝ թույլ տալիս նաև տարիքին բնորոշ խենթություններ անել»,-շեշտում է Լուսինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ վերջինը կիրառելի կարող է դառնալ այն պարագայում, երբ ծնողը բաց է թողել երեխայի հետ անմիջական շփում հաստատելու տարբերակը։ Հավելում է՝ պետք է լինեն քննարկումներ, չլինի վախի մթնոլորտ, երեխան գիտակցի յուրաքանչյուր գործողության հետևանքը։

 

 

 

 

 

Գովազդ