Ինչպե՞ս նպաստել փոքրիկի ընթերցանությանը. հոգեբանի խորհուրդները

Որպես կանոն, ծնողները մշտապես փորձում են երեխային ներգավել ընթերցանության գործընթացում: Միգուցե նրանք ցանկանում են, որ բալիկը տեղեկացված լինի և մարդկանց վրա թողնի կարդացած անձնավորության տպավորություն:

«Իրականում հարկավոր է կարդալ ոչ թե ի ցույց դնելու, այլ զարգանալու նպատակով: Չէ՞ որ գիրք ընթերցելն անձնային աճ ապրելու գեղեցիկ ճանապարհներից մեկն է և երբեմն  էլ օգնում է հաղթահարել մենակության զգացումը»,- նկատում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը: 

 

Խանգարող քայլեր

Երբեմն ծնողների փոքրիկ գործողությունները փչացնում են երեխայի «մտերմությունը» գրքի հետ: Օրինակ՝ ծնողն արգելում է բալիկին դիպչել իր գրքերին, խզբզել դրանց վրա, ասում է՝ «եթե չկարդաս այսքանը, ապա մարդ չես դառնա, կկործանվես»: Բացի այդ էլ, օրինակ չեն ծառայում երեխայի համար, չեն ընթերցում գրքեր՝ պատճառաբանելով, որ զբաղված են կամ իրենք դա ժամանակին արել են, հիմա երեխաների հերթն է: Փոքրիկի մոտ ընթերցելու ցանկություն կառաջանա, եթե տեսնի՝ ինչպես են մեծահասակները կարդում ու տարված չլինի այնպիսի զբաղմունքներով, ինչպիսիք են հեռախոսն ու խաղերը:  

 

Նպաստող քայլեր 

Սիրելի՛ ծնողներ, անհրաժեշտ է օգնել երեխաներին սիրել գիրքը, ոչ թե ատել: Պարտադրելու փոխարեն կարող եք նրանց շահագրգռել, ինչն անելու բազմաթիվ տարբերակներ կան: Նախ՝ փոքրիկի հետ հաճախ այցելեք գրախանութ և թույլ տվեք նրան անձամբ կատարել ընտրություն: Իսկ եթե դուք եք գիրքը վերցնելու, հաշվի առեք նրա  խառնվածքն ու գտեք համապատասխան ոճը: Օրինակ՝ ակտիվ և բռնկուն երեխաներին չես ստիպի կարդալ ծավալուն, ոչ պատկերազարդ գրքեր:  Ամենայն հավանականությամբ, նրանք կցանկանան ընթերցել պարզ, լակոնիկ ձևով գրված պատմություններ:

Հաջորդիվ կարող եք պատմել երեխային ձեր՝ ինչ-որ գրքի հետ ծանոթության պատմությունը, ներկայացնել, թե ինչպես է տվյալ գիրքը հայտնվել տանը, ով է նվիրել կամ ինչ եք զգացել կարդալիս: Կարող եք ասել՝ «եթե դու էլ ընթերցես այն, ապա միասին մի գողտրիկ վայր կգնանք կամ կպատրաստեմ քո սիրելի ճաշատեսակը»: Կարող եք հնարել նաև խաղ, որի կանոններից մեկը կլինի դերերով կարդալը:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան