Լոգոպեդ-ծնող համագործակցության 6 կարևոր խորհուրդ

Զարգացում

Ներկայացնում է «Երկուսով»  հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Աննա Հովսեփյանը։ 

Եթե երեխայի ներդաշնակ և առողջ զարգացումը կախված է ընտանիքից, ծնողից, այն միջավայրից, որում մեծանում է երեխան, ապա լոգոպեդական աշխատանքում երեխայի խոսքի զարգացումը կախված է ինչպես ճիշտ և գրագետ կազմակերպված շտկողական աշխատանքից, այնպես էլ լոգոպեդ-ծնող փոխհամագործակցությունից։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ խորհուրդ, որոնց պետք է ուշադրություն դարձնել, եթե երեխան հաճախում է լոգոպեդի մոտ։

  1. Որպեսզի լոգոպեդական աշխատանքի ընթացքում ուսուցանվող նյութն ամրապնդվի և հեշտ, արագ յուրացվի երեխայի կողմից, ապա անհրաժեշտ է տնային աշխատանքների մշտական կատարում (նախապես լոգոպեդի կողմից մշակված)։
  2. Տանը ծնողի կողմից երեխայի հետ աշխատանքը (10-15ր.) պետք է կազմի օրվա ռեժիմի մի մասը։ Նման ռեժիմի պահպանումը նպաստում է ոչ միայն ուսուցանվող նյութի ամրապնդմանը, այլ նաև ձևավորում և զարգացնում է երեխայի մեջ կարգապահությունը։
  3. Շատ կարևոր է որոշել՝ ընտանիքի անդամներից ով է մշտապես կատարելու լոգոպեդի կողմից տրված հանձնարարականները։ Ընտանիքի անդամները պետք է մշակեն միասնական պահանջների շարք, որոնք կներկայացնեն երեխային, որպեսզի երեխայի համար պարզ լինի, թե ինչ է իրենից պահանջվում, ինչ պետք է անի և ինչպես: Ուստի միասնական մոտեցումն ու աջակցումը խրախուսվում է և գործում ի շահ ձեր երեխայի:
  4. Սիրելի՛ ծնոնղներ առաջադրանքները ստանալիս ուշադիր ծանոթացեք բովանդակությանը, հստակ համոզվեք, որ այն ձեզ հասկանալի է։ Դժվարությունների առաջացման դեպքում անպայման խորհրդակցեք ձեր լոգոպեդի հետ։
  5. Կարևոր է ճիշտ ընտրել այն խաղային նյութը, որը ձեզ պետք կգա առաջադրանքը կատարելիս կամ կարող եք մտածել, թե ինչ դիդակտիկ նյութ կպատրաստեք երեխայի հետ միասին տրված հանձնարարականի շրջանակում։
  6. Շատ կարևոր է լինել համբերատար երեխայի հետ, ուշադիր եղեք երեխայի նկատմամբ առաջադրանքը կատարելիս։ Աշխատանքի ընթացքում դուք ինքներդ պետք է ամբողջովին ներգրաված լինեք այդ գործընթացում, ամբողջ ընթացքը պետք է հետաքրքիր լինի երեխային, միևնույն ժամանակ պետք է պահանջկոտ լինեք։ Երբե՛ք մի մոռացեք խրախուսել, գովել երեխային իր հաջողություններ համար՝ լինեն փոքրիկ թե մեծ։
Գովազդ