Երեխայի համար կարդացեք դեռ փոքր տարիքից
Երեխայի համար գիրք կարդացեք հենց սկզբից, երբ նա դեռ փոքր է: Ընթերցանությունը փոքրիկի համար կդառնա ժամանցի ամենաուրախ տեսակը: Այսպիսով, մանկական գրքերը կդառնան նրա առաջին ընկերները:
Մի՛ ստիպեք երեխային կարդալ բարդ գրքեր
Դեռ նոր տառերը սովորած երեխային մի ստիպեք ընթերցել բարդ պատմություններ: Կարծիք կա, որ խելացի դառնալու միակ միջոցն ընթերցանությունն է: Հիշեք՝ յուրաքանչյուր երեխա ունի իր առանձնահատկությունները: Մի՛ ստիպեք ընթերցել, առավելևս մի զայրացեք, երբ երեխան չի ցանկանում կարդալ:
Հաշվի առեք երեխայի նախասիրությունները
Փորձեք հասկանալ երեխայի նախասիրություններն ու, ըստ այդմ, առաջարկեք հարմար գիրք: Եթե ձեր երեխան ունի վառ երևակայություն, ծանոթացրեք նրան արկածային գրականության հետ: Կարող եք նրա հետ միասին գնալ գրախանութ և հենց փոքրիկի ցանկությամբ ընտրել որևէ գիրք:
Ընթերցանությունը վերածեք խաղի
Փորձեք փոքրիկի հետ պատմություններ հորինել, երեխայի մոտ զարգացրեք ստեղծագործելու ունակությունը: Վառ երևակայություն ունեցող երեխաները կփնտրեն ու կընթերցեն նոր ու հետաքրքիր գրքեր:
Ինքներդ կարդացեք
Հոգեբանները բազմիցս նշել են, որ երեխաները սովորում են այն, ինչ տեսնում են: Եթե փոքրիկը տեսնի, որ ծնողները հաճախ են ընթերցում, հավատացեք՝ նա նույնպես ընթերցելու ցանկություն կհայտնի: