Հաշված օրեր են մնացել մինչև փոքրիկների ամենասիրելի տոնը՝ Ամանորը:
Երեխաներից ոմանք արդեն մեկ ամիս առաջ նամակ են գրում Ձմեռ պապիկին, իսկ ոմանք ըմբոստանում են և ասում, որ չեն հավատում նրա գոյությանը: Ի՞նչ անել, եթե երեխան չի հավատում Ձմեռ պապիկին, որքանո՞վ է կարևոր երեխայի համար հեքիաթներին հավատալը, պարզեցինք Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ընտանեկան հոգեբան-խորհրդատու Աննա Բադալյանից:
«Փոքրիկը պետք է մանկուց հավատա, որ իր երազանքներն իրականանալու հատկություն ունեն: Մանուկ հասակում երազանքներն իրականացնում է Ձմեռ պապը, իսկ ավելի մեծ տարիքում՝ ծնողները և հետո՝ ինքը: Այս ամենի արդյունքում երեխայի մոտ բնավորություն է ձևավորվում»,-ասում է հոգեբանը:
Իհարկե, վաղ թե ուշ երեխան կիմանա, որ Ձմեռ պապիկ իրականում չկա։ Ըստ հոգեբանների՝ ճշմարտությունն իմանալու ամենաճիշտ տարիքը 7 տարեկանն է: Գուցե Ձմեռ պապի չլինելու փաստը փոքրիկը ծանր տանի, բայց այդ փորձությունը ևս հարկավոր է:
Ըստ հոգեբանի՝ եթե երեխան պնդում է, որ Ձմեռ պապիկ չկա, նրան ստել պետք չէ: Այդ ժամանակ պետք է փոքրիկին գրագետ բացատրել, որ Ձմեռ պապիկը տոնական ոգին է, Սուրբ ծննդյան և Ամանորի տոների հավաքական կերպարը։ Հոգեբանները հավաստում են, որ եթե երեխային այս կերպով բացատվի Ձմեռ պապիկի չլինելը, հոգեբանական տրավմա չի առաջանա:
Ձմեռ պապիկին նամակ գրելը ևս ցանկալի է, քանի որ նամակ գրելիս երեխան զարգացնում է իր երևակայությունը, իմացական գործընթացները, սկսում է հասկանալ, թե ինչ է ուզում և ինչի համար: Պարզապես ծնողը պետք է վերահսկի և ուշադիր լինի, որպեսզի երեխան չսկսի պահանջել այնպիսի բաներ, որոնք նա չկարողանա նվիրել:
Նելլի Խաչատրյան