Մի քանի գաղափար՝ գարնանային զբոսանքի համար

Ժամանց

Գարունը հիասքանչ է: Մաքուր օդ, ծաղկած, կանաչ ծառեր. այնքան հաճելի է զբոսնելը, հատկապես՝ երեխաների հետ:

Զբոսանքի ժամանակ բացվում է երեխայի ախորժակը, պարպվում է էներգիան, բարձրանում է տրամադրությունն ու իմունիտետը: Եթե տարվա բոլոր եղանակներին զբոսնեք երեխայի հետ, փոքրիկը կսովորի եղանակային բոլոր պայմաններին և չի հիվանդանա:

Ինչո՞վ կարելի է զբաղվել գարնանը դրսում

Կարելի է գնալ խաղահրապարակներ, որտեղ երեխան կխաղա, կճոճվի, կսահի: Եթե մոտակայքում չկա խաղահրապարակ, ապա կարող եք թույլ տալ երեխային վազել, ցատկել, մի խոսքով՝ պարպել էներգիան:

Մի զայրացեք և հնարավորություն տվեք երեխային տուն գալ կեղտոտ,  ցեխոտ հագուստով և կոշիկներով: Ռետինե կոշիկները, անձրևի համար նախատեսված վերնագահուստը նրան կպաշտպանեն գարնանային  անձրևներից:

Մի քանի պարզ գաղափար

  • Վերցնում ենք քարեր, տերևներ ու դրանք դասակարգում՝ ըստ չափսի, գույնի, ձևի:
  • Վերցնում ենք տերևներ ու պատրաստում բուսաբանական ալբոմ: Դրա համար անհրաժեշտ է սովորական ալբոմ կամ նոթատետր: Տերևի դիմաց երեխան կարող է նկարել դրա ծառը, փոխանցել մի քանի տեղեկություն այդ ծառի մասին:
  • Եթե ունեք հնարավորություն, տան բակում ստեղծեք փոքրիկ այգի, որտեղ կաճեցնեք տարբեր ծաղիկներ, ծառ կտնկեք: Երեխան կսովորի խնամել բնությունը:
  • Կերակրել ճնճղուկներին, օճառե պղպջակներ սարքել, կավճով նկարել, գնդակով խաղալ, հեծանիվ քշել:
  • Օդապարուկ պատրաստել և քամոտ օրերին օդ բաց թողնել:
  • Տերևներով տառեր, բառեր գրել:
  • Վերցնել թուղթ ու մատիտներ և դրսում նկարել ծառեր, ծիտիկներին կամ անցորդներին:

 

Աղբյուրը՝ vaspitaj.com

 

Գովազդ