Անձրևոտ եղանակին, երբ դրսում ցուրտ է, մայրիկները հաճախ դժվարանում են ապահովել փոքրիկի հետաքրքիր առօրյան։
Առաջարկում ենք մի քանի տարբերակ, որոնք կօգնեն ծնողներին զբաղեցնել փոքրիկներին՝ ապահովելով ուրախ և ակտիվ ժամանց։
- Պատրաստել թեքահարթակներ
Փոքրիկները` հատկապես տղաները, սիրում են խաղալ մեքենաներով։ Խաղն առավել հետաքրքիր դարձնելու համար երեխայի հետ միասին ստվարաթղթից ճանապարհներ պատրաստեք, ճանապարհային նշաններ նկարեք։ Հավատացեք՝ փոքրիկն իսկապես կզվարճանա:
- Բաժակներով խաղ
Այս խաղի համար անհրաժեշտ են սովորական պլաստմասե բաժակներ։ Երեխաները դրանցով պետք է կառուցեն աշտարակներ և ամրոցներ այնպես, որ դրանք չփլուզվեն։
- Սոդայի և քացախի գլուխգործոցը
Խաղի բանաձևն է ՝ սոդա+ քացախ = զվարճանք։ Դուք կարող եք այս եղանակով տարբեր փորձեր կատարել՝ օգտագործելով պլաստիլին, պլաստմասե խաղալիքներ։ Անհրաժեշտ է սոդան և քացախը խառնել իրար և պլաստիլինը նետել զանգվածի մեջ։
- Ներկի՛ր քարերը
Ժամանցի հեշտ և նույնքան հետաքրքիր տարբերակներից է քարերի ներկումը։ Հարկավոր է պարզապես քարեր հավաքել ու ներկել դրանք ջրաներկով, յուղամատիտով, որից հետո կարելի է պլաստիլինով պատկերել աչքեր, հոնքեր, բերան, ատամներ, այն, ինչ փոքրիկը կցանկանա։
- Window markers կամ պատուհանի մատիտներ
Window markers-ը զվարճանքի հիանալի տարբերակ է։ Դրանք սովորական մատիտներ են, որոնցով կարելի է ներկել պատուհանները։ Մի՛ անհանգստացեք՝ փոքրիկի ստեղծագործությունը հեշտությամբ կարելի է մաքրել խոնավ շորով։
- Պարի'ր, եթե կարող ես
Սա խաղ է, որի ընթացքում պետք է միացնել երաժշտությունը՝ պարբերաբար ընդհատելով այն։ Երաժշտությունն ընդհատելուն պես փոքրիկը պետք է կանգնի տեղում՝ դադարեցնելով ամեն տեսակի գործողություն, այլ կերպ ասած ՝ տեղում սառչի։ Խաղն ավելի հետաքրքիր է, երբ կան մեկից ավելի մասնակիցներ։ Հաղթում է այն մասնակիցը, ով կարողանում է ժամանակին «սառչել»։
Խորհուրդները հավաքել է Նորա Հայրապետյանը: