Ի՞նչ պետք է իմանալ երեխայի համար սպորտաձև ընտրելիս

Ժամանց

Տեսնելով մարզիկների սպորտային հաջողությունները՝ ծնողները ևս ցանկանում են, որ իրենց երեխան հասնի նման բարձունքների։ Սակայն այդ բարձունքները գրավելու համար անհրաժեշտ է աշխատել քրտնաջան։ 

Գործնականում յուրաքանչյուր սպորտաձևում լինում են վնասվածքներ։ Առաջարկում ենք խոսել այն սպորտաձևերի մասին, որոնց դեպքում վնասվածք ստանալն ավելի հեշտ է։ Հնարավոր ռիսկերի իմացությունը կօգնի, որ փոքրիկի համար ճիշտ սպորտաձև ընտրեք:

Մարմնամարզություն

Մարմնամարզիկներն  այնքան եթերային թեթևությամբ են կատարում իրենց հնարքները մրցումների ժամանակ, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ տանջանքի արդյունք է այդ թեթևությունը։ Մարմնամարզությունը վնասվածք ստանալու տեսանկյունից ամենառիսակային սպորտաձևերից մեկն է։ Վարժությունները սխալ կատարելու պարագայում մարզիկը կարող է ստանալ ուղեղի ցնցում, կոտրվածք, ողնաշարի վնասվածք։ 

Գեղասահք 

Այս մարզաձևում մեծ է ծոծրակի և ողնաշարի ստորին հատվածի վնասվածքներ ստանալու հավանականությունը։ Իսկ ահա անընդհատ պտույտները կարող են առաջացնել տեսողության անկում, գլխացավեր, նևրոզներ և անգամ դեպրեսիա։ Գեղասահորդների մոտ գրեթե միշտ լինում է ոտքի վարիկոզի խնդիր։ Եթե այնուամենայնիվ որոշել եք, որ Ձեր երեխան պետք է հաճախի գեղասահքի դասերի, ապա գտեք այնպիսի մարզիչ, որը ոչ միայն կմտածի երեխայի հաջողությունների ու հաղթանակների, այլև առողջության մասին։ 

Մարտարվեստ 

Մարտարվեստի յուրաքանչյուր տեսակ վնասվածք ստանալու մեծ ռիսկ է պարունակում։ Իհարկե, մարտարվեստները կօգնեն երեխային լինել ավելի ուժեղ ու ինքնավստահ, սակայն կարող են վնասել նրա առողջությունը։ Եթե այնուամենայնիվ որոշել եք, որ Ձեր երեխան պետք է զբաղվի որևէ մարտարվեստով, ապա նախապատվությունը տվեք արևելյան մարտարվեստներին, որտեղ վնասվելու հավանականություն ավելի քիչ է։ 

Ֆուտբոլ

 Որքան էլ զարմանալի է, բայց ֆուտբոլը ևս ռիսկային է վնասվածքներ ստանալու տեսանկյունից։ Այն կոպիտ խաղ է, որտեղ գնդակին հասնելու մոլուցքը կարող է ստիպել վնասել հակառակորդին։ Այս մարզաձևում վնասվածք ստանալու վտանգի տակ են մարմնի գրեթե բոլոր մասերը։ 

Ծանրամարտ 

Ծանրամարտում ևս մեծ է վնասվածք ստանալու հավանականությունը։ Այս սպորտաձևով զբաղվող մարզիկների մոտ հաճախ են լինում կոտրվածքներ, ողնաշարի հետ կապված խնդիրներ։ Ի դեպ, կա կարծիք, որ ծանրամարտը կարող է հետագայում լուրջ ազդեցություն ունենալ երեխայի հասակի վրա։

 

Աղբյուրը՝ vkusnyasha.ru

Գովազդ