Ո՞ր տարիքից երեխաները կարող են այցելել թատրոն կամ կինոթատրոն

Ժամանց

Երեխայի  երևակայության, խոսքի և ընդհանուր զարգացման համար մուլտֆիլմերը, թատերական  ու կրկեսային ներկայացումները հիանալի միջոցներ են: Երեխաները պետք է դիտեն բացառապես մանկական ֆիլմեր ու ներկայացումներ, բայց լինում են դեպքեր, երբ ծնողները հաշվի չեն առնում այս «կանոնը»։ Մասնագետները խորհուրդ են տալիս աչալրջորեն հետևել, թե ինչ է դիտում երեխան:

Հոգեբան Իրինա Խանամիրյանի խոսքով՝ 3 տարեկանից սկսած՝ երեխային կարելի է տանել թատրոն կամ կինոթատրոն: 3 տարեկանից փոքր երեխաները չեն կարողանում հանգիստ ու լուռ նստել.  նրանց համար երկար նստած մնալը պարզապես ձանձրալի է: Հաշվի առնելով այս փաստը՝ երեխայի համար ընտրեք կարճ ներկայացումներ կամ մուլտֆիլմեր։

Նախքան թատրոն կամ կինոթատրոն գնալը պետք է երեխային տրամադրել  միջավայրին: Խոսեք ներկայացման կամ մուլտֆիլմի մասին, բացատրեք, որ նա պետք է լուռ նայի: Կարող եք նաև  փոքր-ինչ պատմել սյուժեի մասին:  Ընտրեք այնպիսի ներկայացում, որը զվարճալի շոու լինելուց բացի, նաև ուսուցողական կլինի, այսինքն՝ կսովորեցնի լինել ընկերասեր, բարի, օգնող։ Այսպիսի ներկայացումներն էլ ավելի կթանեն երեխայի զարգացումը:   

Ժամանցի այս տեսակը (այցեր թատրոն, կինոթատրոն և այլն) օգնում է նաև երեխայի սոցիալիզացմանը։ Այսինքն՝ թատրոն կամ կինո գնալով՝ երեխան ձեռք է բերում հասարակության մեջ իրեն ճիշտ պահելու հմտություններ՝ սկսած բաճկոնը հանելուց, նստարանին նստելուց մինչև  ներկայացման ընթացքում քաղցրավենիք ուտել: Ի դեպ, շատ ծնողներ երեխաներին թատերական ներկայացումների ժամանակ  քաղցրավենիք են տալիս, որը, ըստ հոգեբանի, էթիկայի տեսանկյունից սխալ է: Ուտել կարելի է ընդմիջումների ժամանակ։ Սա, իհարկե, չի վերաբերում կինոթատրոններին, որտեղ ֆիլմ դիտելու ընթացքում ընդունված է փոփ-քորն ուտել կամ հյութ խմել։

Կինոթատրոն կամ թատրոն այցելելը դրական է ազդում նաև երեխա-ծնող փոխհարաբերությունների վրա։ Հաճախ երեխաները հետագայում չեն էլ հիշում այն ներկայացումները կամ ֆիլմերը, որոնք դիտել են, փոխարենը հրաշալի հիշում են, թե ինչպես էին մայրիկի կամ հայրիկի ձեռքը բռնած գնում թատրոն կամ կինոթատրոն։

Այո, ֆիլմերն ու ներկայացումները օգտակար են երեխաների զարգացման համար, սակայն կինոթատրոն կամ թատրոն գնալը ինքնանպատակ չպետք է լինի։ Եթե երեխան չի ցանկանում գնալ ներկայացում դիտելու, չի կարելի ստիպել։ Հաշվի առեք երեխայի ցանկությունը: Հարցրեք երեխային՝ ինչ է ուզում։ Գուցե նրա համար նախընտրելի է Ձեզ հետ պուրակում զբոսնելը։  

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

 

 

 

Գովազդ