Հրշեջ-փրկարար Վիլվենը, դժգոհ Տիգրանն ու մոռացկոտ Եվան.  փոքրիկների ժամանցն ու առօրյան գյուղում

Ժամանց

Լոռու մարզի Արջուտ և Գեղասար համայնքների երեխաները օրվա մեծ մասն անցկացնում են նորաբաց նախակրթարանում, որտեղ հնարավորություն ունեն խաղալ, սովորել, նկարել ընկերների հետ։

Նախակրթարանի դաստիարակ Արևիկ Ուլիխանյանի խոսքով՝ երեխաների առօրյան որքան հեշտ, նույնքան էլ դժվար է կազմակերպել` միևնույն խաղերից փոքրիկները շուտ են հոգնում։ Save the children կազմակերպության աջակցությամբ բացված նոր  կրթարանները հիմնականում ապահովված են անհրաժեշտ պայմաններով, կարևորը՝ փոքրիների ժամանցն ուրախ է անցնում։ Մի խումբ լրագրողներով վերջերս եղանք այդ նախակրթարաններում ու հանդիպեցինք այդտեղի երեխաներին։

 

Մոռացկոտ Եվան

5 տարեկան Եվան ամենաշատը սիրում է նկարել, հատկապես՝ ծաղիկներ։ Երբ մոտեցա, հենց դա էլ անում էր՝ ծաղիկ էր նկարում՝ կարմիր գույնով. ասում է՝ իր սիրած գույնն է։ Իմ հարցերին չսպասելով՝ ինքն առաջինը հետաքրքրվեց՝ որտեղի՞ց եմ գալիս։ Պատասխանեցի, այնուհետև, ուշադրությամբ զննելով ինձ, եկավ ու կողքս կանգնեց և տեսնելով ձեռքիս հեռախոսը՝ հարցրեց՝ իրեն նկարելու՞ եմ։ Ասացի՝ մեծ սիրով՝ միայն իր համաձայնության դեպքում։ Կարծես մոռանալով պայմանավորվածության մասին՝ վերադարձավ և շարունակեց նկարել կիսատ թողած ծաղիկը։ Կրկին հարցրի ՝ ուզու՞մ է՝ նկարեմ իրեն, թե՞ ոչ: Ուշադիր նայեց, հետո կանգնեց ու արագ մոտեցավ խաղալիքների պահարանին և վերցնելով խորանարդիկը՝ սկսեց դասավորել մեկը մյուսի վրա։  Փորձեցի հնարավորինս  չշեղել ուշադրությունը ու նկարել։ Նկարս ստացվել էր․ Եվան ծիծաղում է։

 

 

Դժգոհ Տիգրանը 

Եվայի կողքին նստած էր Տիգրանը՝ թերևս ամենադժգոհը մեր այցից։ Երբ մտանք, դժգոհեց, թե ինչու ենք այսքանով ներս մտել․ «Ու՜ֆ, Էս ի՜նչ շատ եք»,-դժգոհեց Տիգրանը։ Այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում երեք րոպեից ավելի Տիգրանին նստած չտեսա՝ մեկ  այս սեղանի մոտ էր նստում, մեկ այն ու անընդհատ դժգոհ ձայնարկություններ արձակում։ Մինչ ես Եվայի հետ էի խոսում, Տիգրանը գործընկերերիս հետ էր զրուցում։ Բայց մեկ էլ վեր կացավ տեղից, մոտեցավ գրատախտակին ու քթի տակ ինչ-որ երգ մրմնջալով՝ սկսեց նկարել։ Ինչպես հետո հասկացանք, Տիգրանը չի սիրում, երբ շուրջը շատ մարդ ու աղմուկ է լինում։ Նա իր հանգիստ միջավայրն է սիրում։

 

 

Հրշեջ Վիլվենը

Գեղասարի նախակրթարանում հանդիպեցինք Վիլվենին․ մի կողմում նստած էր ու չէր մասնակցում ընկերների խաղին։ Մոտեցա, սկսեցի նկարել տղային։ Հենց ինձ տեսավ՝ ձեռքերը դրեց կզակի տակ ու թեև չժպտաց, բայց ուրախացավ, երբ նկարեցի իրեն։ Երբ հարցրի՝ ինչ է ուզում դառնալ, պատասխանեց՝ «պաժառնիկ»։ Բազմաթիվ հարցերիցս հետո պարզեցի հրշեջ-փրկարար դառնալու շարժառիթը․ ցանկանում է փրկել մարդկանց։ Հետո պատմեց, որ հեծանիվ ունի, որի անիվը այնքան էլ լավ վիճակում չէ ու  նախակրթարանից տուն վերադառնալուն պես անցնում է նորոգման աշխատանքներին։

 

 

Վիլվենը, Եվան, Տիգրանը՝ բոլորն էլ սիրում են իրենց փոքրիկ նախակրթարանը: Ու հենց այս պատերի ներսում մտածում են իրենց մե՜ծ երազանքների մասին:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան 




Գովազդ