Կարելի՞ է երեխային ստիպողաբար երաժշտական խմբակ տանել

Ժամանց

Հավանաբար ձեզնից շատերը կհիշեն՝ որքան դժկամությամբ էիք հաճախում որևէ խմբակ: Այո՛, երեխաների զարգացման համար ծնողները երբեմն կամ շատ հաճախ անտեսում են հենց նրանց՝ երեխաների ցանկությունը:

Շատ ծնողներ կարծում են, որ երեխաները պետք է անպայման հաճախեն երաժշտական որևէ խմբակ։ Նրանք կարծում, են, որ այդպիսով երեխաների մոտ ձևավորվում է սեր արվեստի նկատմամբ:

Ճի՞շտ է նման մտածելակերպը, թե՞ ոչ. այս հարցի շուրջ զրուցել ենք «Ժեստ հոգեբանական կենտրոն»-ի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:

- Կան ուսումնասիրություններ, որ գլխուղեղի բջիջներն ավելի լավ են գործում, եթե երեխան փոքրուց լսում է դասական երաժշտություն: Ասում են՝  դաշնակահարները բնավորությամբ ավելի կարգապահ են, ճշտապահ և մաքսիմալիստ:

Սակայն պարտադիր չէ, որ երեխան հաճախի երաժշտական դպրոց կամ տիրապետի որևէ երաժշտական գործիքի՝ ճշտապահ լինելու համար:

Անշուշտ կարևոր է, որ երեխան շփում ունենա երաժշտության և,  ընդհանրապես, արվեստի հետ, քանի որ արվեստը նպաստում է մարդու ներդաշնակ զարգացմանը: Սակայն եթե երեխայի մոտ չկա նման ցանկություն, ապա պետք չէ պարտադրել:

Հաճախ մայրիկները, սեփական սկզբունքներից ելնելով, երեխային պարտադրում են երաժշտական դպրոց գնալ, երաժշտական որևէ գործիքի տիրապետել: Սակայն եթե երեխան դժկամությամբ է հաճախում երաժշտական դպրոց, ապա շատ հավանական է, որ տեղի կունենա  ճիշտ հակառակը, այսինքն՝ արվեստը կվանի երեխային:

Մի բան է, երբ երեխան սիրով է հաճախում և ինչ որ պահի ինչ-որ դժվարության պատճառով ընկճվում է և չի ցանկանում այլևս հաճախել: Այս պարագայում երեխային օգնելու հարցում մայրիկի և ուսուցչուհու դերը շատ մեծ է: Նրանք պետք է օգնեն երեխային, որպեսզի նա հաղթահարի խնդիրը:  Սակայն մեկ այլ բան է, երբ երեխան ստիպված է հաճախում երաժշտական դպրոց՝ բացասաբար տրամադրվելով երաժշտության հանդեպ:

Եթե ցանկանում եք, որ երեխան սիրի արվեստը, ապա  նրան ոչ թե ստիպեք հաճախել որևէ խմբակ, այլ նրա հետ միասին գնացեք տարբեր ներկայացումների, տանը երաժշտություն լսեք, ուսումնասիրեք նկարիչների աշխատանքները՝ միաժամանակ նրան ծանոթացնելով արվեստագետների կյանքին ու գործունեությանը: Դրանից  հետո կարելի է նրան հարցնել՝ արդյոք կցանկանա ինքն էլ որևէ երաժշտական գործիքի տիրապետի, երգի, պարի կամ նկարի:

Ի վերջո, արվեստի հետ շփվող մարդն առավել ներդաշնակ է ինքն իր և շրջապատի հետ: Բացի դրանից, արվեստը թերապիայի միջոց է:  Մարդիկ արվեստը ստեղծել են հենց նրա համար, որ իրենք իրենց շեղեն խնդիրներից, աշխարհն այլ տեսանկյունից դիտեն ու ճանաչեն խնդրի մյուս կողմը:

Ի դեպ, չկա հստակ տարիք, որ երեխան պետք է հաճախի որևէ արվեստի դպրոց կամ խմբակ: Անկախ տարիքից, եթե երեխան  սիրում է, կարող է հաճախել:

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

 

Գովազդ