Տրամաբանության մարզում, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացում. Whiz Code Academy-ն ներկայացնում է ծրագիր 5-16 տարեկան երեխաների համար

Ժամանց

Ժամանակակից աշխարհն առանց նորագույն տեխնոլոգիաների պատկերացնել հնարավոր չէ։ Այն օր օրի զարգացնում է՝ հեշտացնելով մեր կյանքը, միևնույն ժամանակ, սակայն, մարդկանց դարձնելով «ավելորդ»։  
«Եթե ուզում եք ապագայում աշխատանք ունենալ, պետք է հնարավորինս տարբերվեք մեքենայից: Այսինքն՝ պետք է լինել ստեղծարար, ունենալ քննադատական միտք ու սոցիալական հմտություններ»․ ասում է «Gardian» պարբերականի սյունակագիր Ջորջ Մոնբիոտը:


«Alibaba Group» ընկերության հիմնադիր Ջեք Ման էլ նշում է․ «Մենք չենք կարող մեր երեխաներին սովորեցնել մրցել մեքենաների հետ, քանի որ նրանք ավելի խելացի են, հետաբար երեխաներին պետք է սովորեցնել լինել այնպիսին, ինչպիսին չեն կարող լինել մեքենաները»։
Որպեսզի ապագայի ավտոմատացված և ռոբոտացված կյանքում մեր երեխաները տեղ ունենան, ապագայի մասին պետք է սկսել մտածել հենց այս օրվանից՝ երեխայի մոտ ձևավորելով ճիշտ նախասիրություններ, որոնք կօգնեն նրան ընտրելու ապագային միտված մասնագիտություն։


«Whiz Code Academy» ռոբոտաշինական կենտրոնի տնօրեն Մարինա Կոստիկյանն ասում է՝ ապագայում բարդ կլինի պատկերացնել մի մասնագիտություն, որը չպահանջի համակարգչի և IT տեխնոլոգիաների իմացություն։ Համակարգիչները, նորագույն տեխնոլոգիաները ու համացանցը մտել են գիտության, կրթության, բժշկության, հոգեբանության, նույնիսկ թատրոնի և կերպարվեստի ոլորտներ։ Երեխաների ուշադրությունը պետք է սևեռել հենց այս բնագավառի վրա, չէ՞ որ համակարգիչներն ու բազմազան գաջեթները ժամանակակից հասարակության անբաժանելի մասն են կազմում։

«Շատ կարևոր է, որ երեխաները առավել արդյունավետ անցկացնեն իրենց ժամանակը համակարգչի դիմաց։ Երեխաների և պատանիների համար նախատեսված մեր ծրագրերի նպատակն է առաջացնել հետաքրքրություն գիտության և տեխնոլոգիաների հանդեպ։ Մենք օգնում ենք երեխաներին զարգացնել իրենց տաղանդները, ստանալ այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք շատ պահաջված են մեր օրերում: Մեր կենտրոնում երեխաները գործնականում ուսումնասիրում են ռոբոտաշինությունը և ծրագրավորան հիմունքները»,-ասում է Մարինան։


Նրա խոսքով՝ դասընթացների արդյունքում երեխաների մոտ զարգանում են տրամաբանությունը, համակարգային և ստեղծագործական մտածողությունը։ Բացի դա, աշխատելով հասակակիցների հետ՝ երեխայի մոտ զարգանում են համատեղ աշխատանքի և շփման հմտությունները։ Զարգանում է վերլուծական միտքը, քանի որ սովորում է ձեռք բերել անհրաժեշտ տվյալներ, ապա մշակել, համադրել միմյանց հետ ու վերլուծել դրանք։ Կարողանում է վերլուծել նաև խնդիրները և գտնել դրանց լուծման եղանակները։ Սովորում է, որ անհաջողությունը նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն է:

Կենտրոնի 5-8 տարեկան երեխաների համար նախատեսված կրթական ծրագիրը նպաստում է նաև երեխաների գիտական գործունեության, ինժեներական նախագծման և ծրագրավորման հմտությունների զարգացմանը․ «Ծրագիրը ներառում է ինֆորմացիա շրջակա աշխարհից, կենսաբանությունից, աշխարհագրությունից, տիեզերքի հետազոտման և ինժեներական նախագծման բնագավառներից։ Բոլոր դասերը սկսում ենք թեորիայից։ Օրինակ՝ երեխաները ծանոթանում են ուլտրաձայնային տվիչին։ Ուսուցիչը բացատրում է, թե ինչ է դա, բնության մեջ ուլտրաձայնի օրինակներ է բերում, պատմում է, թե ինչպես են այն օգտագործվում։ Այնուհետև հաջորդում է ռոբոտի կառուցումն ու ծրագրավորումը։ Հետո փորձարկում են, ստուգում են՝ կատարո՞ւմ է բոլոր հրամանները, թե՞ ոչ։ Յուրաքանչյուր դասին՝ մեկ ռոբոտ»։

Մարինայի խոսքով՝ ծրագիրը հիանալի գործիք է դիզայներական և հետազոտական աշխատանքներ անցկացնելու, իրականության մոդելավորման և գիտական մեթոդի հետազոտման համար։ Այն զարգացնում է ալգորիթմային մտածողությունը և սովորեցնում է ծրագրավորել։ Շատ պարզ, ծրագրավորման վիզուալ լեզվի միջոցով երեխան սովորում է ծրագրավորման հիմունքները։


«9-16 տարեկան երեխաների և պատանիների համար նախատեսված ծրագրերն էլ ներառում են ծրագրավորում, մեխանիկա, մաթեմատիկա և ֆիզիկա։ Պարապմունքների ժամանակ աշակերտները ստանում են բազային գիտելիքներ այս ոլորտներից և գործնականում ամրապնդում են այն ամենը, ինչ սովորում են դպրոցում։ Դասընթացները նաև նպաստում են հաղորդակցման, ստեղծագործական ինքնաարտահայտման, թիմային աշխատանքի և քննադատական մտածողության հմտությունների զարգացմանը, խթանում են երևակայությունը, գիտական հետազոտություններ կատարելու, ինժիներական նախագծման, ծրագրավորման հմտությունների զարգացումը»,-ասում է Մարինան և հավելում՝ այս ամենը երեխաների մոտ կայուն հիմք են ստեղծում՝ հետագայում օգտագործելու իրենց ամբողջ ներուժը և հասնելու հաջողությունների նոր թվային աշխարհում։

Գովազդ