Ինչպե՞ս ջրային խաղի միջոցով զարգացնել երեխայի խոսքը

Ժամանց

Այս խաղն օգնում է զարգացնել երեխայի խոսքը: Այն նախատեսված է 2.6 և ավելի մեծ տարիքի երեխաների համար: Անհրաժեշտ է տարբեր չափսերի խաղալիք սպասք և խաղալիք գազօջախ:  


Շատ հաճախ ծնողները խուսափում են երեխային խաղալու համար ջուր տալ, քանի որ երեխան կարող է թրջվել, բայց պետք է նշել, որ այն օգնում է երեխաներին զարգանալ: Ջրով խաղերը զարգացնում են տակտիլային զգացողությունը: 
Տարաներից մեկի մեջ լցրեք ջուր և առաջարկեք երեխային ճաշիկ եփել կամ թեյ պատրաստել: Ջուրը լցրեք կաթսայի մեջ և դրեք գազօջախին, միացրեք, փորձեք եփելու ձայն հանել, գդալով խառնեք, ինչու չէ, նաև համտեսեք: Հետո լցրեք ափսեների կամ բաժակների մեջ, հյուրասի8եք միմյանց: Ամբողջ ընթացքում կառուցեք իրավիճակին համապատասխան երկխոսություն: Օրինակ՝ ջուր բերե՞մ, խաղանք, կուզե՞ս գազօջախին դիր կաթսան, փակիր կափարիչով, իսկ հիմա ջուրը լցնենք փոքր կաթսայի մեջ, կապույտ բաժակի մեջ ջուրը, կարծես, ավելի քիչ է, քան կարմիր բաժակի մեջ, նայի'ր, սա դատարկ է, իսկ սա՝ լիքը, ջուրը թափվեց, ոչինչ, հիմա անձեռոցիկ կտամ, կմաքրես, տե´ս, քեզ մոտ անձեռոցիկը թաց է, իսկ ինձ մոտ՝ չոր, հիմա բաժակների ջուրը ես ուզում եմ լցնել մեծ կաթսայի մեջ, կլինի՞: Յուրաքանչյուր ասված նախադասության ժամանակ թույլ տվեք երեխային նայել, համեմատել, հասկանալ ձեր ասածը, գուցե կարիք լինի բաժակները միմյանց կողք դնել ու համեմատել: Օրինակ՝ վերևում բերված նախադասությունների մեջ մենք համեմատեցինք մեծն ու փոքրը, լիքն ու դատարկը, թացն ու չորը, շատն ու քիչը, գույները, առարկաների անվանումները, այսինքն՝ իրավիճակում համեմատելը երեխայի համար ավելի ընկալելի է, քան նկարների վրա ցույց տալը: Եվ մի կարևոր սկզբունք ևս. խաղալիքները կարելի է շարել ձախից աջ հերթականությամբ՝ առանց երեխային որևէ բան բացատրելու, որը նպատակ ունի երեխայի մոտ զարգացնել տեսատարածական ընկալումը՝ ձախից աջ ուղղությամբ: Սրա շնորհիվ երեխան հետագայում գրելու ժամանակ ավելի հեշտ կընկալի ձախից աջ գրելու սկզբունքը, տառերի մասնիկների գրության ուղղությունը: Իհարկե, սա մի խաղի միջոցով զարգացնել հնարավոր չէ, ուղղակի սա խաղերի ժամանակ հաճախ կիրառվող սկզբունք պետք է լինի: 
Թույլ տվեք՝ երեխան ինքնուրույն լցնի ջուրը, թող թափվի, կմաքրի և մյուս անգամ ավելի ուշադիր կլինի, մի շտապեք ինքներդ մաքրել, այլ ուշադրությունը հրավիրեք թափված ջրի վրա և սովորեցրեք ինչպես մաքրել: Եթե ձեր առաջարկած խաղի սցենարից շեղվում է, թույլ տվեք՝ երեխան խաղա իր համար ցանկալի սցենարով: Իհարկե, կարող եք ուղղորդել, բայց եթե երեխային հետաքրքիր է, կխաղա, եթե ոչ, հանգիստ թողեք, հետևեք երեխայի խաղին և փորձեք մասնակից լինել, եթե երեխան ցանկանա:

 

Խաղի հեղինակ՝ «Երկուսով» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիամ Պետրոսյան

Գովազդ