Ո՞ր տարիքում ու ինչպե՞ս պետք է երեխային ասել, որ Ձմեռ պապիկ գոյություն չունի և ինչպե՞ս ընտրել ամանորի նվերներ. հարցերին պատասխանում է հոգեբանը

Ժամանց

-  Ըստ Ձեզ՝ ո՞ր տարիքում երեխային պետք է բացատրել, որ ձմեռ պապիկ գոյություն չունի։


- Կոնկրետ տարիք չկա։ Երբ երեխայի մոտ առաջանում են կասկած ու հարցեր, կարելի է ասել այդ մասին։ Դա պետք է անել շատ նուրբ։ Ոչ թե ասել, որ գոյություն չունի Ձմեռ պապիկ, այլ ասել, որ դա գեղեցիկ հեքիաթ է, որին հավատում են անգամ մեծերը կամ ուզում են հավատալ, դրա համար այդ գեղեցիկ հեքիաթը նրանք պարգևում են նաև երեխաներին։

Կարելի է ասել, որ իրականում կա Ձմեռ պապիկ, որն ապրում է Լապլանդիայում։ Ծնողները կարող են ասել, որ իրենք էլ են սիրում Ձմեռ պապիկին ու կուզենային՝ իրենք էլ նամակներ գրեին ու ստանային իրենց ցանկալի նվերները, ինչպես փոքրիկները։ Կարելի է երեխային առաջարկել ամեն տարի միասին նամակ գրել Ձմեռ պապիկին։


- Կարո՞ղ է «ճշմարտությունը» որևէ հոգեբանական խնդիր առաջացնել երեխայի մոտ, օրինակ՝ ագրեսիա։


-Ագրեսիա չի առաջանա։ Հեքիաթը կմտնի զարգացման մեկ այլ փուլ։ Իսկ ագրեսիա կարող է առաջանալ այն ժամանակ, երբ ծնողները ճիշտ չբացատրեն։ Երեխան կարող է վիրավորվել, որ իրեն խաբել են և ծնողին դիտարկի որպես ստախոսի։ Դրա համար կարևոր է բացատրել, որ դա հեքիաթ է, որը սիրում են բոլորը։


- Ըստ տարիքի՝ ի՞նչ նվերներ պետք է գնել երեխայի համար։


- Հիմնական նախընտրելի նվերները, իհարկե, զարգացնող խաղերն են, սակայն դրանք պետք է համապատասխանեն տարիքին։ Խաղալիքների վրա հիմնականում գրված են տարիքները, բայց պետք է ինքներդ ևս ուշադիր լինեք, որովհետև ես ևս նկատել եմ, որ երբեմն խաղալիքի տուփի վրա գրված է, օրինակ, 3 տարեկանների համար, մինչդեռ այն բաղկացած է մանր կտորներից, հետևաբար այդ տարիքի երեխաները չեն կարող խաղալ  այդ խաղալիքով։  Դրա համար, բացի գրվածից, ծնողը պետք է հասկանա՝ իր երեխան կարո՞ղ է խաղալ տվյալ խաղալիքով, թե ոչ։

Հրաշալի նվերներ են գրքերը, նկարչական պարագաները, մանդալաներըսրանք բոլոր տարիքներին համապատասխանում են։ Հիմնականում արվեստի հետ կապված իրերն են, որ բոլոր տարիքի երեխաներին համապատասխանում են։ Նախադպրոցական տարիքի երեխաների համար կարելի է գնել մոտորիկան զարգացնող նվերներ, որոնցով պետք է խաղալ ծնողների հետ։

 

- Ինչպե՞ս երեխային հանձնել Ձմեռ պապիկի ուղարկած նվերը։ 


- Ձմեռ պապիկի ուղարկած նվերը կարելի է հանձնել՝ զարկ տալով երևակայությանը։ Դա կարելի է անել՝ սկսած դռան առջև թողնելուց մինչև  տոնածառի տակ դնելը։ Տարբերակները որոշում են ծնողները։


- Արժե՞ նախապես նամակ գրել Ձմեռ պապիկին, ի՞նչ բովանդակության պետք է լինեն դրանք։


- Շատ ճիշտ է նախապես խոսել երեխայի հետ, մի երեխան գուցե  նամակ է գրում, մյուսը՝ պարզապես արտահայտում ցանկությունները։ Շատ կարևոր է քննարկել նամակի բովանդակությունը, քանի որ շատ հաճախ երեխաները կարող են այնպիսի ցանկություններ ունենալ, որոնք հնարավոր չլինի իրականացնել։


- Հոգեբանական տեսանկյունից ի՞նչ կկատարվի երեխայի հետ, եթե իր խնդրած նվերի փոխարեն ստանա մեկ ուրիշը։


- Եթե այլ նվեր է ստանում, այսինքն՝ ծնողը հաշվի չի առնում, չի քննարկում երեխայի հետ, չի փորձում նրա սպասումները արդարացնել, իհարկե, երեխան կտխրի, գուցե անհաջողության զգացում ունենա, և իրեն համարի անհաջողակ, հիասթափվի, հուսահատվի։ Պետք է զրուցել, ասել, որ Ձմեռ պապիկը չի կարող բոլորին բերել այդքան շատ նվեր, արի փորձենք այլ բան խնդրել։ Պետք է հարցը երեխայի հետ քննարկել և նրան պատրաստել այնպես, որ ինքն անձնապես ցանկանա այն, ինչը ծնողը կարող է նվիրել։

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ