Ամանորը՝ հետպատերազմյան շրջանում. ինչպե՞ս կազմակերպել այն երեխայի համար - մաս 1

Ամուր փակել աչքերը, մտովի պատկերացնել երազանքն ու ի սրտե սպասել: Նոր տարվա գալստյանն ընդառաջ մենք լցվում ենք հույսով, վերապրում նախկինում ունեցած էմոցիաները և փորձում պահել հավասարակշռությունը:

Այս ժամանակահատվածում, երբ պատերազմի պատճառած վերքերը չեն սպիացել, մեծահասակները քննարկում են՝ պատրաստե՞լ փոքրիկների համար ամանորյա անակնկալներ, թե՞ ոչ: Տվյալ հարցն անընդհատ վիճարկելու և դեմ-կողմ փնտրելու փոխարեն, նախ՝ հարկավոր է ընկալել Նոր տարվա բուն էությունն ու զինվել համբերությամբ: Նոր տարվա դերակատարման և երեխային ամանորյա կախարդանք պարգևելու մասին  «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի հետ:

 

Ամանորի խորհուրդը

Ամանորի հետ կապված աղմուկն ավելի շատ է, քան պետք է լինի: Սրանից կարելի է անել հետևություն՝ իսկ ի՞նչ է հասկանում յուրաքանչյուրն Ամանոր նշելու կամ չնշելու կոչ անելու պարագայում: Հասարակության մեջ կա մի ստվար զանգված, որ  ամանորյա օրերին շեշտադրում է ճոխ սեղանները, փորձում զարմացնել նոր սպասքով, պարտադրաբար հյուր գնում ու հյուրընկալում: Սա չի կարելի անվանել Ամանորի նշում, քանի որ Նոր տարին բոլորովին այլ խորհուրդ ունի: Ամանորի իրական խորհուրդը, ցավոք, շատերը կորցրել են: Միգուցե հենց այս տարվա Ամանորը տա ընտանիքի, հայրենիքի դերը գիտակցելու, վերագնահատելու, վերաարժևորելու հնարավորություն: Այն կլինի բացառիկ, քանի որ ափսոսանքը, ցավը, հպարտությունը և հույսը կմիախառնվեն՝ տալով մեծ ուժ առաջ շարժվելու, նոր մեծացող սերնդի մեջ պարտվողի, զոհի որակներ չձևավորելու համար։ Ուստի տոնածառ դնելը պետք է դիտարկել ոչ թե որպես խրախճանքի մի մաս, այլ դրա մեջ տեսնել երբեմնի կաղանդի ծառի խորհուրդը: 

 

Շարունակելի

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան