Ամանորը՝ հետպատերազմյան շրջանում. ինչպե՞ս կազմակերպել այն երեխայի համար - մաս 2

Ժամանց

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի հետ:

Եթե ոչ տոնածառ, ապա ի՞նչ

Խնդիրը ոչ թե տոնածառի առկայության կամ բացակայության մեջ է, այլ մեծահասակների կողմից արվող մեկնաբանությունների։

Սոցիալական տիրույթում ավելի շատ «հոգեբանական վարակն» է տիրապետում, քան սեփական մտահանգումը։ Ալտերնատիվ տարբերակներ միշտ կան, օրինակ՝ երեխայի հետ պատրաստել տոնածառի խաղալիքներ կտորից կարված հրեշտակների տեսքով կամ հին խաղալիքների վրա աշխատել կտորներով, ներկերով, գրել բարեմաղթանքներ, ակնկալիքներ գալիք տարուց, թղթիկների վրա գրի առնել ցանկություններ և լցնել արկղիկի մեջ։ Երեխային կարելի է դարձնել ամանորյա հեքիաթի ակտիվ մասնակից, որն այս օրերին տեսավ ծնողների հուզմունքը, անորոշությունը, զայրույթն ու հուսահատությունը: Երեխան չպետք է կորցնի այն հավատը, որ ապագան իր ձեռքերում է։

 

Ամանորին ընդառաջ երեխային սովորեցնում ենք...

Ծնողները պետք է սովորեցնեն երեխաներին շնորհակալ լինել, գնահատել ժամանակը, տեսնել Ամանորի իսկական կողմը։ Անհրաժեշտ  է Ամանորը դարձնել ներընտանեկան տոն, որտեղ ցուցադրականությունը տեղ չունի: Ծնողը պիտի ուսուցանի երեխային վերլուծել նախորդ տարին, որպեսզի վերջինս կարողանա տեսնել տարվա ընթացքում իր կատարածն ու բացթողումները: Երեխաների մոտ հարկավոր է ձևավորել պատասխանատվություն սեփական գործողությունների համար, կազմել հաջորդ տարվան ուղղված ծրագրեր և հստակ գործողություններով անցնել դրանց իրականացմանը: Բնականաբար, յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր փոքրիկի Ամանորը տոն դարձնել, որի համար հաճախ չի խնայում ոչինչ։ Թող ծնողները նվերների մեջ լինեն համեստ, սովորեցնեն իրենց երեխաներին գոհանալ յուրաքանչյուր անակնկալից՝ շեշտը դնելով ոչ թե նվերի չափի, այլ մատուցման վրա։

Դե իսկ ծնողների համար լիցքավորման լավագույն աղբյուրը հենց փոքրիկի ժպիտն է, որն արտահայտում է կյանքի շարունակությունը։ Երբ ծնողը զգում է, որ այլևս ուժ չունի պայքարելու, սպառվել է, հիասթափվել, բավական է միայն ամուր գրկել երեխային, նրանից ստանալ էներգիա, մանկական անհոգություն և ծնողի պատասխանատվությամբ կառավարել սեփական հույզերը հանուն երեխայի ապագայի։

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ