Երեխայի մտածողության զարգացմանը նպաստող 5 խաղ

Ժամանց

Խաղ 1 Անցյալը և ապագան

 

Տվեք ցանկացած առարկայի անվանում և հարցրեք երեխային՝ ի՞նչ է եղել այս առարկան իր անցյալում: Ապա սկսեք երևակայել՝ իսկ ի՞նչ կարող է այն դառնալ ապագայում: Սրա շնորհիվ փոքրիկը հասկանում է, թե որքան բարդ և երկար ճանապարհ են անցնում իրերը մինչև սովորական, բոլորիս հայտնի ձևը ստանալը: Այն պահին, երբ երեխան գործի է դնում երևակայությունը, մեծանում է որևէ նոր բան ստեղծելու կամ սովորականից անսովորի կերտման հավանականությունը:

Օրինակ՝

- Նախկինում ի՞նչ է եղել աթոռը:

- Ծառ, միգուցե դրա ճյուղը կամ արմատը:

- Ցանկության դեպքում ի՞նչ  կարող ենք ստանալ աթոռից:

- Վառելիք խարույկի համար, թելերով կապված ճոճանակ, աքսեսուար ծաղիկների համար և այլն:  

 

Խաղ 2 Օգտակարն ու վնասակարը

 

Ընտրում ենք իրավիճակ կամ բնության երևույթ, այնուհետ թվարկում դրական և բացասական կողմերը: Դա հնարավորություն կտա երեխային տեսնել իրողության երկու կողմերն էլ։ Փոքրիկները կսովորեն չհուսահատվել, եթե ինչ-որ բան չի ստացվում և չլինել չափազանց միամիտ, նկատել նաև գեղեցիկի թաքնված թերի կողմերը: Նրանք չեն անցնի կոնկրետ մեկի կողմը, այլ կվերլուծեն և կտանեն բաժանարար գծեր:

 

Օրինակ՝

- Անձրևն օգտակար է, քանի որ ջրում է հողն ու նպաստում բուսականության աճմանը:

- Անձրևը վտանգավոր է, որովհետև կարող է հեղեղներ ստեղծել և անասելի վնասներ պատճառել:

- Անձրևը լավ է, քանզի ամռան շոգին հովացնում է:

- Անձրևը վատ է, քանի որ մարդը կարող է թրջվել և հիվանդանալ: 

 

Խաղ 3 Տեսանելին և անտեսանելին

 

Պատկերացրեք երկու տարբեր առարկաներ և գտեք դրանց միջև հնարավորինս շատ ընդհանրություններ: Երբ փոքրիկները փնտրում են իրար մոտ բաղադրիչները, խորանում են իրերի կառուցվածքի մեջ՝ ամենից նուրբ ու փոքր կետերը որսալու համար: Ընկալում են առարկայի կազմությունն ու գործառույթները: Փորձում են լինել առավել ուշադիր:

 

Օրինակ՝ 

- Երկարաճիտ կոշիկ և թռչող նավ․ ինչպիսի՞ նմանություններ ունեն:

- Երկուսն էլ կարող են թռչել․ իհարկե, կոշիկը թռցնողը մենք կլինենք:

- Կարող են նույն գույնն ունենալ:

- Կոշիկն ունի ներքին խորացող հատված, նավը՝ նույնպես: 

 

Խաղ 4 Կանխագուշակողը

 

Առանձնացնում ենք ինչ-որ երևույթ, նկարագրում՝ ինչպես է այն իրականացվել շատ ժամանակ առաջ, ինչպես է կատարվում ներկա պահին և ինչ ձևով կիրականացվի տարիներ անց: Խաղի հիմնական գաղափարն այն է, որ ապագայում ամեն ինչ կարող է փոխվել: Բնականաբար ուշագրավ կլինի նաև պատմության մեջ խորասուզվելը: Երեխան գնահատում է երևույթների փոփոխման արագությունն ու ձգտում իր տեղը գտնել այդ արագ փոփոխվող աշխարհում:

 

Օրինակ՝ 

 - Ինչպե՞ս են ծանոթացել մարդիկ վաղ ժամանակներում:

- Որսի են մասնակցել, մրցել ու այդպես ծանոթացել:

- Ինչպե՞ս են ծանոթանում հիմա:

- Հանդիպում են միմյանց փողոցոմ, սրճանարում, համացանցում:

- Իսկ քո կարծիքով ինչպե՞ս կծանոթանան հիսուն տարի անց:

- Կուղարկեն միանգամից անձնական ռոբոտներ, որոնք կփոխանցեն ողջ ինֆորմացիան և կպատասխանեն բոլոր հարցերին:

 

 

Խաղ 5 Այո, ոչ

 

Մտապահում եք որևէ առարկա, երևույթ, անձ կամ թիվ: Փոքրիկը հարցեր հղելով՝ գուշակում է մտապահվածը, իսկ ծնողը պատասխանում միայն «այո» կամ «ոչ»: Երեխան ընթացքում կսովորի ծանր ու թեթև անել, տեղին հարցեր տալ շահավետ ինֆորմացիա ստանալու համար: Նա կաշխատի դասակարգել իր հարցերը, սկզբում կտա ընդհանուր հարցեր՝ «մա՞րդ է, թե՞ ոչ», «շնչավո՞ր է, թե՞ անշունչ»: Բազային տեղեկատվությունը հավաքելուց հետո արդեն կլարի հիշողությունն ու կգտնի համապատասխան տարբերակ:

 

Օրինակ՝

- Վերցնենք տունը: Այն շնչավո՞ր է: 

- Ոչ:

- Դրա պատրաստմանը մասնակցե՞լ է մարդը:

- Այո:

- Չափսերով քեզանից մե՞ծ է:

- Այո:

- Մարդուն տալի՞ս է օգուտ:

- Այո:  

 

 

 

Գովազդ