Կախարդական ջուրը․ առակ խոհեմության մասին

Ժամանց

Ժուկով-ժամանակով ապրում էին ամուսիններ: Երբ նրանք երիտասարդ էին, սիրալիր էին իրար հետ, երբեք չէին վիճում: Բայց հետո նրանց դուռը թակեց ծերությունը, և նրանք սկսեցին հաճախ վիճել միմյանց հետ: Պապիկը մի բառ էր ասում տատիկին, նա էլ կրկնակին էր ավելացնում և թեժացնում իրավիճակը: Նրանց միջև այնպիսի վեճ էր սկսվում, որ տնակից փախչել էր պետք լինում:

Մի օր տատիկը սկսում է մտածել՝ այլևս չի կարող այդպես ապրել, հարկավոր է լուծում փնտրել: Նա գնում է հարևանուհու մոտ և պատմում իր կյանքում եղած դժվարությունների մասին: Հարևանուհին ասում է.

- Ես կարող եմ օգնել քեզ: Ես կախարդական ջուր ունեմ: Երբ պապիկը սկսի գոռալ, այս ջրից մի փոքր կում վերցրու, բայց փորձիր կուլ չտալ: Հենց ամուսինդ հանդարտվի, կուլ տուր: Հավատա, ամեն ինչ լավ կլինի:

Նա ավարտում է խոսքն ու տատիկին ջը մի շիշ կախարդական ջուր տալիս: Տատիկը շնորհակալություն է հայտնում նրան և գնում տուն: Հենց մտնում է տնակը, ծերունին ասում է.

- Այդ որտե՞ղ էիր, ի՞նչ էիր անում: Թեյի ժամն է, իսկ դու չկաս:

Տատիկն ուզում է գոռալ ու պատասխանել նրան, սակայն հիշում է հարևանուհու խոսքերն ու նույն պահին կախարդական ջրից կում վերցնում: Պապիկը տեսնում է, որ տատիկը չի արձագանքում իր խոսքերին, ինքն էլ է լռում: Ուրախանում է տատիկն ու մտածում է, որ ջուրն իրոք կախարդական էր և հանդարտ գնում թեյ դնելու:

-Ի՞նչ եղար: Թեյ դնե՞լ էլ չգիտես:

Տատիկը կրկին ցանկանում էր պատասխանել, բայց հիշում է հարևանուհու խորհուրդն ու նորից մի կում ջուր վերցնում: Տեսնում է պապիկը՝ կինը ձայն չի հանում, չի վիճում իր հետ, զարմանում է: Այդ օրվանից սկսած՝ նրանք դադարում են վիճել միմյանց հետ և սկսում են ապրել խաղաղ: 

 

Սիրելի՛ ընթերցող, կախարդական ջրի ուժը կայանում էր նրանում, որ այն  օգնում էր տատիկին լռել, և վիճաբանության կրակը մարում էր միանգամից: Ցանկացած դեպքում պետք է խելամիտ լինել և հանգիստ խոսել դիմացինի հետ, վեճը երբեք օգուտ չի բերի, իսկ համբերատարությունն ու խոհեմ արձագանքը, միանշանակ, կտան իրենց օգուտները:  

 

 

 

   

 

 

 

Գովազդ