Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է, խոսել էսպես.
- Դու ո՞ր սարեն կուգաս, ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
- Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։
- Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
- Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։
- Դու ո՞ր այգին կերթաս , ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
- Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։
Հովհաննես Թումանյան