Կեցվածքը պահպանեք մանկուց

Խնամք

Երեխաների մոտ ամենատարածված  օրթոպեդիկ հիվանդություններից մեկը  սկոլիոզն է` ողնաշարի ծռումը:

Մեր օրերում յուրաքանչյուր 20-րդ երեխայի մոտ ախտորոշվում է սկոլիոզ: Ցավոք, ծնողները երեխայի ողնաշարը շտկելու միջոցառումներ են ձեռնարկում միայն այն ժամանակ, երբ շեղումներն արդեն խիստ ընդգծված  ու նկատելի են դառնում: Սակայն հարկ է նշել, որ այդ փուլում սկոլիոզը բուժելը միշտ չէ, որ հնարավոր է:

Ինչո՞ւ է սկոլիոզ առաջանում

Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ  է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Այն կարող է լինել բնածին ու ձեռքբերովի: Բնածին սկոլիոզի պատճառը ներարգանդային զարգացման խանգարումն է: Այսինքն` կինը հղիության ժամանակ չի ստացել այս կամ այն սննդարար նյութը բավարար քանակությամբ կամ հիվանդացել է վարակիչ հիվանդությամբ: Նույնիսկ կնոջ կոնքի ձևը կարող է պտղի մոտ սկոլիոզի ձևավորման պատճառ դառնալ:

Իսկ ձեռքբերովի սկոլիոզը կարող է տարբեր հիվանդությունների հետևանքով առաջանալ, ասենք` թոքախտի, ռախիտի, պոլիոմելիտի կամ պարզապես ողնաշարային վնասվածքի: Սկոլիոզի առաջացման պատճառ կարող է դառնալ հարթաթաթությունը,  դպրոցականների մոտ` նստարանի առջև սխալ դիրքը, չափազանց  ծանր պայուսակները, ուսերին ծանրության անհավասարաչափ բաշխումը: Սկոլիոզ է առաջանում նաև ոտքերի տարբեր երկարություն ունեցողների մոտ:

Սակայն հաճախ սկոլիոզը լինում է իդիոպաթիկ, այսինքն` հիվանդության առաջացման պատճառը մնում է անհայտ: Ամեն ինչ ենթադրվում է, սակայն ոչինչ վստահ ասել հնարավոր չէ: Իսկ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն` ուսերի բարձրության տարբերությանը, թիակներից մեկի դուրս թռչելուն (մեկը մյուսից տարբերվում է), ոչ համաչափ գոտկատեղին. մի կողմից անկյունավոր է, մյուսից`  ասես  ուռուցիկ: Այդուհանդերձ, ախտորոշել կարող է միմիայն բժիշկը:

Ի՞նչ հետևանքներով է հղի սկոլիոզը, եթե ժամանակին չբուժվի

Առաջին հերթին, իհարկե, գեղագիտական կողմն է: Բնական է, որ ոչ գեղեցիկ կեցվածքը չի զարդարի ոչ ոքի ու կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների: Դա գեղագիտական առումով: Մինչդեռ սկոլիոզը կարող է  առողջական բազում խնդիրներ ծնել. նյարդերի ճզմում, ցավ թիկունքում, ներքին օրգանների ֆունկցիայի խանգարում և այլն: Դրա համար է կարևորվում այս շեղման բուժումը վաղ տարիքից, քանի որ սկոլիոզը զարգացող հիվանդություն է: Բժշկի հիմնական խնդիրը հիվանդության զարգացումը կանխելն է, իսկ ժամանակին ախտորոշվելու դեպքում այն լրիվ բուժելու, վերացնելու շանսերը մեծանում են: Իսկ եթե բժշկին դիմում է արդեն հասուն մարդը, որի խնդիրն արդեն տարիների պատմություն ունի, ապա բժիշկը կարող է բարելավել հիվանդի կյանքի որակը, օգնել ազատվելու թիկունքի ցավերից, կասեցնել հիվանդագին վիճակը, սակայն սկոլիոզը  վերացնել այլևս անհնար է:

Սկոլիոզի բուժման համար բժիշկը հաշվի է առնում մի քանի գործոն. հիվանդի տաիրքը, սկոլիոզի տեսակը (բնածին, ձեռքբերովի), հիվանդության բարդության աստիճանը: Գոյություն ունեն կոնսերվատիվ և վիրաբուժական մեթոդներ. վերջինը կիրառվում է ամենաբարդ  դեպքերում, երբ բնածին ծռում է լինում: Կոնսերվատիվ մեթոդներից է, օրինակ` բուժական ֆիզկուլտուրան, մարմնամարզությունը, օստեոպաթիան, մանուալ թերապիան:

Սկոլիոզը երկու բաղադրիչից է կազմված` կառուցվածքային ու ֆունկցիոնալ: Կառուցվածքային սկոլիոզ նշանակում է ողների ձևախախտում, իսկ ֆունկցիոնալը` ջլերի ու մկանների փոփոխություն է նշանակում: Բուժման կոնսերվատիվ միջոցներն ուղղված են թուլացած մկանների ամրապնդմանը կամ էլ  հակառակը` լարված մկանների թուլացմանը, կոնքի շտկմանը: Պարտադիր նշանակվում է մերսում և լողավազան: Կարող է նաև ֆիզիոթերապիա ցուցվի (մկանների էլեկտրախթանում): Ամեն դեպքում, սկոլիոզը պետք է բուժել համալիր կերպով, քանի որ բուժման մի տեսակին նախապատվություն տալով` խնդիրը չի լուծվի:

Հաճախ կոնսերվատիվ բուժման ժամանակ  հատուկ կորսետներ են կիրառվում, սակայն դա բավականին վիճելի հարց է, որովհետև ճիշտ է` այն օգնում է շտկելու ողնաշարը, սակայն թուլացնում է մկանային բնական կորսետը, ինչը կարող է հետագայում հանգեցնել էլ ավելի ծռման:

Իսկ ինչ վերաբերում է   սկոլիոզի օստեոպաթիկ մեթոդին, ապա դա ենթադրում է ողնաշարի վրա մեղմ ներգործություն: Դա անցավ բուժում է, բուժման հիմնական «գործիքը» բուժող մասնագետի ձեռքերն են: Այս մեթոդի նպատակը կրկին մկանների խթանումն է կամ թուլացումը, մկանների նյարդային կարգավորման բարելավումը, կոնքի շտկումը:

Սկոլիոզի բուժումը տևական բնույթ ունի: Սովորաբար այն իրականացվում է կուրսերով և անպայմանորեն  համաձայնեցվում է կոնսերվատիվ բուժման մյուս մեթոդների հետ: Հիվանդության բուժման ժամանակը կախված է հիվանդության բարդությունից:

Իսկ թե երբ է անհրաժեշտ դիմել օստեոպաթին, թերևս ճիշտ կլինի ասել` անմիջապես, խնդիրը հայտնաբերելուց հետո: Վաղ շրջանում դիմելու դեպքում, ինչպես և ցանկացած հիվանդության դեպքում, բուժման հավանականությունը խիստ մեծանում է:

Իսկ սկոլիոզից խուսափելու համար հարկավոր է հետևել, որ սնունդը լինի լիարժեք` հարուստ վիտամիններով ու հանքանյութերով: Բացի այդ, հարկավոր է ճիշտ պլանավորել օրակարգը: Ուշադրություն դարձնել ոտնաթաթի թերությունների ուղղմանը նպաստող ճիշտ կոշիկի ընտրությանը, մշտական շարժողական ակտիվությանը` ներառյալ զբոսանքները, մարմնամարզությունը, լողն ու նույնիսկ զբոսաշրջությունը: Պետք է փորձել  ձերբազատվել վնասակար սովորույթներից, ինչպիսիք են մեկ ոտքի վրա կանգնելը, նստելու սխալ դիրքը: Հարկավոր է հետևել, որ բեռը` ուսապայուսակի ու  պարզապես պայուսակի ծանրությունը հավասարաչափ բաշխվի: Պետք է մշտապես երեխային բժշկի հսկողության տակ պահել` վաղ հասակում խնդիրն ու խախտումները հայտնաբերելու նպատակով:

Սկոլիոզը դպրոցականի մոտ

Սկոլիոզը հայտնաբերելու համար հարկավոր է դիմել մանուալ բժշկին: Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու դեպքում այն վերացնելու հավանականությունը  90% է:Իսկ դրա համար հարկավոր է երեխային «թարմ աչքով» նայել:

Ուշադրություն դարձրեք` արդյոք միևնո՞ւյն մակարդակի վրա են ձեր երեխայի աչքերը, ականջները, ուսերն ու թիակները, մատների ծայրերը: Ստուգեք կոնքոսկրի աջ և ձախ կողմի մակարդակը:

Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե ձեր երեխայի կոշիկները որ կողմից են մաշվում. եթե մաշվածությունը կողքերից է, ապա դա ահազանգ է, տարեք երեխային բժշկի մոտ խորհրդակցության: Երբեմն ծնողները կարծում են, որ խնդիրը  կարելի է ինքնուրույն բուժել` երեխային որևիցե սպորտաձևի խմբակ տանելով: Սակայն հիշեք, որ սա այն խնդիրն է, որը պետք է վերացնել մասնագետի հետ: Իսկ առողջարարական այդ միջոցառումներն էլի են հարկավոր, սակայն բժշկի աշխատանքն ամրապնդելու նպատակով ու բժշկի նշանակմամբ:

Մենք բոլորս` որպես ծնող ու հասարակության անդամ, ցանկանում ենք, որ մեր երեխաներն ու մեր հասարակության անդամները ֆիզիկապես առողջ լինեն, գեղեցիկ ու ճիշտ կեցվածք ունենան, գերազանց առողջություն ու սթափ մտքի տեր լինեն:

Ինչպե՞ս կարելի է խուսափել սկոլիոզից

Իզուր չէ, որ մանուկ հասակում ու դպրոցական տարիներին մեծերը հանդիմանում են` ուղիղ նստիր, մեջքդ շտկիր, հետևում են, որ լույսի դիրքը ճիշտ լինի գրելու ժամանակ: Սկոլիոզի արմատները գալիս են  դպրոցական տարիներից: Ողնաշարի ծռման խնդիրները դպրոցականների մեծամասնության մոտ եղել ու լինում են սխալ դիրքի ու կեցվածքի հետևաքնով:

Երբեմն անհաջող են լինում նստարանները, երեխաներին նստեցնում են` հաշվի չառնելով նրանց հասակը, մեջքի կորությունը` պայմանավորված բոյով, նստարանի ու համակարգչի առջև անցկացրած երկար ժամերը, մեկ ուսին ծանր պայուսակ կրելը:

Պետք է հետևել լույսի ճիշտ դիրքին, քնել կոշտ ներքնակին: Իսկ եթե այնուամենայնիվ երեխայի մոտ հայտնաբերվել է սկոլիոզ, ապա պետք է բուժական ֆիզկուլտուրայի խմբակ տանել:

Հարկավոր է հիշել, որ նստած աշխատանքի դեպքում ուրաքանչյուր 20 րոպեն մեկ հարկավոր է ընդմիջել աշխատանքը:

Պետք է հաճախակի փոփոխել ոտքերի դիրքը:

Երեխան հետո` հասուն կյանքում է հասկանում, թե ինչ է նշանակում գեղեցիկ կեցվածքը: Ցավոք, շատ ճշմարտություններ գնահատելու համար շատ ժամանակ է պահանջվում մեզանից:

 

Ankakh.com