Առաջին բուժօգնություն երեխային

Խնամք

Եթե երեխան վիրավորվում է, մեղքը հիմնականում ծնողներինն ու մեծահասակներինն է, քանի որ անտեսում ենք անվտանգության տարրական նորմերը:

Ծանոթ պատմություն է. մայրը  տաք  կաթսան կամ թեյնիկը թողել է սալօջախի ծայրին, կամ հայրիկը եռման սուրճը  թողել է սեղանին ու անուշադրության մատնել: Իսկ փոքրիկներին միշտ էլ  չափազանց հետաքրքրում է, թե այդ ինչ են անում մեծերը, ինչ են ուտում կամ խմում: Ու նման ճանաչողական փորձերը հիմնականում անցանկալի ավարտ են ունենում: Երեխան հետաքրքրասիրության հետևանքով այրվածքներ է ստանում, թունավորվում, վնասվում:

Թողնենք  մեծերին խորհուրդ ուղղելը, որ պետք է անվտանգություն ապահովել փոքրիկի համար, չէ որ նրա հետաքրքրությունների ու ճանաչողության, իմացության ծարավն այդ տարիքում անսահման է: Բնականաբար, անցանկալի է երեխային պատահող  յուրաքանչյուր բան, որը կարող է  նրան ցավ ու հետագայում էլ տհաճություն պատճառել: Ամեն մարդ, անկախ մասնագիտությունից, պետք է իմանա, թե ինչ կերպ կարող է առաջին օգնություն ցույց տալ տուժած փոքրիկին:

Ուրեմն, եթե երեխան նման արարքի հետևանքով,  ասենք, վնասել է գլուխը, ապա պետք է նրան ուղիղ, հարթ տեղ պառկեցնել, վնասված մասին սառը թրջոց դնել ու տաքանալուն պես կրկին արագ-արագ փոխել այն: Եթե երեխան գլխապտույտ ու սրտխառնոց ունի, ապա անմիջապես շտապօգնություն կանչեք:

Եթե երեխան ինչ-որ բանից այրվածք է ստացել (տաք կաթսա, ջուր, սուրճ), ապա առանց հապաղելու այրված հատվածը սառը ջրով ցողեք, ինչը կմեղմի ցավն ու մրմուռը: Առաջին բուժօգնության որակից էապես կախված է այրված հատվածի ապաքինումը: Իսկ երբեմն ժամանակը կորցնելու, ինչպես նաև այրվածքների հետևանքով առաջացած բարդությունները կարող են  ծանր հետևանքներ ունենալ:Լինում են դեպքեր, երբ ոչ գրագետ օգնության պատճառով պատահարը մահվան ելքով է ավարտվում: Այրվածքային հիվանդությունները ծանր ընթացք են ունեում: Վնասված հյուսվածքների վերականգնումը շատ ժամանակ է պահանջում: Փոքրիկ հիվանդը ցավեր է ունենում, իսկ ամենից շատ այրվածքների հետևանքները ծանր են տանում 24 ամսականից փոքր երեխաները:

Ուրեմն, եթե երեխան այրվածք է ստացել, ապա հարկավոր է առաջին հերթին հանել հագուստը, եթե այն կա, ապա, հանգստացնող որևէ միջոց տալ: Յուղոտ քսուքներ կիրառելը ճիշտ չէ այդ պահին, քանի որ մաշկի վրա կարող է հաստ պաշտպանական թաղանթ գոյանալ, որը կփակի օդի մուտքը, հետևաբար վերքը չի հովանա: Չի կարելի նաև ձիգ փաթաթել այդ հատվածը: Ուրեմն, եթե այրվածքի հետ գործ ունեք, ապա պետք է դրա վրա մաքուր, խոնավ վիրակապ դնել` առանց կապելու:  Բացի այդ, այրվածքից առաջացած բշտերը ոչ մի դեպքում չի կարելի ծակել կամ տրաքացնել: Եթե այրվածքը խորն է, ապա շտապօգնություն կանչեք: Մինչ այն տեղ կհասնի, այրված հատվածը ստերիլ թանզիֆով ծածկեք: Որևէ բան ցանել կամ քսել հարկավոր չէ:

Եթե փոքրիկի շնչափողի մեջ  մանր իր է ընկել, ապա փորձեք  նրան ինչ-որ հազացնող միջոց տալ, ու  եթե իրի պատճառով հազում է, ապա ոչ մի դեպքում մի փորձեք հազը կանգնեցնել: Երեխային գլուխը կախած դիրքով հենեք ձեր ծնկներին  և թեթևակի թփթփացրեք թիկունքին: Այս դիրքը  հնարավորություն կտա ազատվելու օտար մարմնից: Եթե չստացվի, ապա շտապօգնություն կանչեք:

Եթե երեխան  լվացքի հեղուկ կամ քացախ է  խմել, ապա  մինչ շտապօգնության գալը երեխային շատ ջուր կամ հանքային ջուր խմացրեք, այնքան, որ նա կարողանա փսխել:

Եթե փոքրիկն ականջի մեջ իր է մտցրել, ապա մի փորձեք ինքնուրույն հանել այն, քանի որ չի բացառվում, որ վնասեք թմբկաթաղանթը: Դա պետք է անի միմիայն բժիշկը: Իսկույն երեխային տարեք բժշկի: Եթե երեխան կոճակ է մտցրել  քթի մեջ, ապա ազատ քթանցքը սեղմեք ու թողեք, որ երեխան քթով ուժեղ արտաշնչի: Եթե իրը խորը չի մտել, ապա դուրս կգա անմիջապես, իսկ եթե չստացվի, ապա բժիշկ կանչեք ու հետևեք, որ երեխան այդ ընթացքում շնչի միայն բերանով, հակառակ դեպքում հնարավոր է, որ ներշնչման հետ այն ավելի խորը գնա:

Եթե փոքրիկն ինչ-որ բանով ինքն իրեն վնասել է, կտրել է  կամ էլ քերծել, ապա վնասված մասն իսկույն մշակեք ջրածնի գերօքսիդով: Վերքի եզրերը բրիլիանտի կանաչով մշակեք, ապա վիրակապ դրեք: Եթե վերքը խորն է, ապա դիմեք մասնագետի:

Եթե երեխան դեղահաբ է կուլ տվել, ապա շատ արագ երեխայի մոտ փսխում առաջացրեք: Դրա համար մատի վրա խոնավ անձեռոցիկ փաթաթեք  ու սեղմեք լեզվարմատի մոտ: Փորձեք երեխայից իմանալ, թե ինչ դեղ է կուլ տվել ու քանի հատ: Եթե երեխայի մոտ քնատություն է առաջանում, թուլություն կամ էլ գրգռվածություն, ապա դա թունավորման նշան է, իսկույն շտապօգնություն կանչեք:

Եթե փոքրիկը ինչ-որ իր է կուլ տվել, ապա, եթե այն կլոր է` չի վնասի կերակրափողն ու մի քանի ժամից կղանքի հետ դուրս կգա, իսկ եթե իրը սրածայր է, ապա հնարավոր է, որ այն վնասի կերակրափողը , աղիքները կամ ստամոքսը: Եթե երեխան բողոքի փորացավից , ապա անպայման շտապօգնություն կանչեք: Ոչ մի դեպքում լուծողական չտաք:Կերակրեք խորոված խնձորով, կարտոֆիլի խյուսով, ապուրներով :

Հետևեք երեխաներին,   նրանց հասանելի մակերեսներից ու տարածքներից հեռացրեք վտանգ ներկայացնող ամեն ինչ:

 

Աղբյուրը` Ankakh.com