Երբ փոքրիկին տանել լողավազան. մանկաբույժի խորհուրդներն ու երեւանյան լողավազանների առաջարկները

Խնամք

Երեխաներին դեռ նորածնային շրջանից անհրաժեշտ են ջրային վարժություններ, սակայն երեւանյան լողավազաններն այդ տարիքի համար գրեթե ընդունելություն չունեն: Մինդեռ Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի մանկաբուժության ամբիոնի վարիչ, մանկաբույժ Սուսաննա Աբրահամյանի խոսքով` երեխայի ջրային վարժություններն ավելի քան  ցանկալի են:

«Լողային վարժությունները կարող են ունենալ դրական ազդեցություն միայն այն դեպքում, եթե դրանք  կատարվեն ճիշտ և կազմակերպված` մասնագետի հսկողությամբ: Լողը փոքրիկների համար ունի կոփող նշանակություն: Դրական ազդեցություն են ունենում երեխաների մկանային, ոսկրային, հոդային համակարգերի, կեցվածքի ձևավորման, իմունիտետի բարձրացման համար»,-ասում է  մանկաբույժ Աբրահամյանը:

Երեւանյան լողավազանների առաջարկները

Երևանում լողավազանները շատ են, և ծնողները ընտրության լայն հնարավորություն ունեն, սակայն խնդիր է ընդունելության տարիքը:

Գրեթե բոլոր լողավազաններում / «Պատանի լողորդ», «Դելֆին», «Ակվատեկ», «Գրանդ սպորտ» և այլն/, առաջարկվում է ամսական 12 պարապմունք, սակայն ամսվավճարը տարբեր է: Տարբեր է նաև փոքրիկների ընդունելության տարիքը:

«Ակվատեկ» համալիրում երեխաների ընդունելությունը սկսվում է 5 տարեկանից: Փոքրիկների հետ աշխատանքները կատարվում են անհատական: Ամսվա ընթացքում 12 այցը արժե 23.500 դրամ:

«Դելֆին»  լողավազանում երեխաներին ընդունում են 3.5 տարեկանից: Մինչև 12 տարեկան երեխաների վճարը կազմում է 10.000 դրամ, 12-ից բարձր տարիքայիններինը` 13.000դրամ: Պարապմունքները ընթանում են խմբակային, բայց փոքրիկներին ցուցաբերվում է անհատական մոտեցում:

«Պատանի լողորդ»-ում կարող են հաճախել այն փոքրիկները, որոնց 4 տարեկանը  լրացել է: 12 պարապմունքի համար պետք է վճարել 12.000 դրամ: Այս լողավազանում ևս պարապմունքները կատարվում են խմբային:

«Գրանդ սպորտ» համալիրում փոքրիկների հաճախումը սկսվում է ևս 4 տարեկանից: Այստեղ պարապմունքները կատարվում են անհատական: 1-ին ամսվա վճարը կազմում է 50.000 դրամ, հետագա ամիսների ընթացքում` 35.000դրամ:

«DDD complex» լողավազանում կարող են ընդունվել 5-ից մինչև 15 տարեկան երեխաները: Պարապունքները կատարվում են խմբային, 12 այցը` 15.000 դրամ, 8-ը` 10.000 դրամ:

«Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց»-ում փոքրիկների ընդունելությունը սկսվում է 4 տարեկանից: Պարապմունքները կատարվում են խմբային, առաջին ամսվա վճարը 14.000 դրամ է, իսկ հետագա 5 ամիսներինը` 12.000 դրամ:

«Ակվալենդ» լողավազանը ընդունելություն կատարում է 4 տարեկանից: Պարապունքներն անց են կացվում խմբով: 8 պարապմունքի համար պետք է վճարել 14.000 դրամ, 12 պարապմունքի համար` 18.000 դրամ:

Լողավազաններում երեխայի հետ պարապող մարզչին կարող է ընտրել ծնողը, եթե ունի նախընտրած մեկին, եթե ոչ,  կառաջարկվի տվյալ համալիրի կողմից:

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ