Ինչպե՞ս ճիշտ արթնացնել երեխային

Խնամք

Երեխային արթնացնելը շատ ծնողների համար իսկապես մարտահրավեր  է:

Երեխան չի ցանկանում և չի կարողանում արթնանալ, ինչի արդյունքում մայրիկն ու հայրիկը զայրանում են, քանի որ իրենք էլ ուշանում են աշխատանքից:

Բայց մինչև զայրանալը պետք է հասկանալ` ինչի հետևանք է սա:

Ինչու՞ է երեխան դժվարությամբ արթնանում

Առաջին հերթին մանկապարտեզ կամ դպրոց հաճախելը երեխայի համար լուրջ փոփոխություն է: Նոր ռեժիմին անցնելը պետք է լինի շատ սահուն: Ամենաքիչը սեպտեմբերից երկու շաբաթ առաջ երեխան պետք է մեկ ժամ ավելի շուտ պառկի քնելու:

Եթե երեխան սովորի նույն ժամին քնել, նրա կենսաբանական ժամացույցը նրան կնախապատրաստի վաղ արթնանալուն:

Ճիշտ և կանոնավորված ռեժիմը կնպաստի, որ բարելավվի երեխայի նյարդային համակարգը, նա կլինի ավելի հանգիստ, հավասարակշռված, կկարողանա ավելի հեշտ կենտրոնացնել ուշադրությունը:

Ինչպե՞ս հեշտ արթնացնել երեխային

Քունը բնականոն ֆիզիոլոգիական գործընթաց է, որը բնորոշվում է արտաքին միջավայրի նկատմամբ ընդհանուր զգայունության թուլացմամբ: Քնի ընթացքում մարդը սկսում է շնչել մակերեսային, մարմնի ջերմաստիճանն իջնում է: Քնի և արթուն վիճակի միջև կա մեկ այլ վիճակ. կիսարթուն վիճակը: Այդ վիճակում մարդը լսում է շրջապատի ձայները, սակայն դժվար է հասկանում:

Երեխային արթնացնել պետք է շատ դանդաղ ու հանգիստ: Կարելի է ցածր ձայնով միացնել երեխայի սիրած երաժշտությունը և մեղմ ձայնով կանչել նրան: Կարելի է երեխային գրկել, համբուրել, հարցնել՝ ինչպես է քնել: Այդպիսով՝ փոքրիկի մոտ կառաջանա հաճելի զգացողություն:

Բացի այս ամենից՝ երեխային կարելի է սովորեցնել անկողնում կատարել որոշ վարժություններ ու ձգումներ: Շնչառությունը բացելու համար կարելի է պառկել մեջքի վրա ու խորը շունչ քաշել և արտաշնչել: Այդ ժամանակ հնարավոր է՝ թեթև գլխապտույտ սկսի, սակայն մի անհանգստացեք. սա նորմալ երևույթ է, քանի որ թոքերն ամբողջությամբ լցվում են օդով: Սրանից հետո անմիջապես պետք չէ վեր կենալ անկողնուց, երկու րոպե երեխան պետք է նստի:

Երեխայի մարմինը կարող եք մի քիչ մերսել: Ցուցամատով մերսեք երեխայի ականջի հետնամասը, այն կխթանի արյան շրջանառությունը:

Այն բանից հետո, երբ երեխան ամբողջովին կարթնանա, կարող եք միացնել առույգացնող երաժշտություն:

 

 Ինչպե՞ս չի կարելի արթնացնել երեխային.

 

·        Բղավոցով և հրմշտելով

·        Բարձր երաժշտությամբ կամ զարթուցիչի բարձր ձայնով

·        Վառ լույս միացնելով

·        Շտապով արթնացնել այնպես, որ երեխան չհասկանա՝ ինչ է կատարվում

 

Աղբյուրը՝ vospitaj.com

 

 

 

 

Գովազդ