Ինչպես ապահովել անխոչընդոտ անցումն օրորոցից մահճակալ

Խնամք

Երեխայի համար կարող է սթրեսային լինել սիրելի օրորոցից բաժանվելը:

Երբեմն օրորոցից մեծ մահճակալ անցումը մեծ փորձություն է ծնողների համբերության համար: Թվում է` նա այնքան փոքրիկ է, որ կտեղավորվեր անգամ փոքրիկ զամբյուղում, բայց արի ու տես, որ այսօր երեխայի համար օրորոցը նեղվածք է: Ինչպե՞ս օգնել երեխային հրաժարվել օրորոցից ու քնել մեծ մահճակալին: Մասնագետները խորհուրդ են տալիս այդ  կարևոր քայլին դիմել  պատրաստված` թույլ չտալով, որ երեխան սթրես ապրի: Ահա մի քանի խորհուրդ հոգեբաններից:

  1. Մասնագետները խորհուրդ են տալիս օրորոցին հրաժեշտ տալ երեխայի 3 տարին լրանալուց հետո, իդեալական կլինի, եթե այդ հրաժեշտը հետաձգեք մինչև երեխայի հնգամյակը: Ամենևին կարիք չկա շտապելու, հատկապես, որ երեխան այնքան կապված է իր փոքրիկ «բնակարանին»` շրջապատված փափուկ խաղալիքներով: «Օրորոցից՝ մահճակալ» գործընթացը կարելի է անել աստիճանաբար` շաբաթների կամ նույնիսկ ամիսների ընթացքում: Այնպես, որ երեխան անհարմարություն չունենա:
  2. Նոր ու հարմարավետ անկողինը թույլ կտա հեշտ մոտիվացնել երեխային, որպեսզի հենց այդտեղ էլ քնի: Ցանկալի է՝ սկզբում նոր մահճակալի մոտ լինեն այն բոլոր խաղալիքները, որոնք երեխան սիրում էր, երբ օրորոցում էր քնում: Խանութից գնեք գունազարդ մուլտհերոսների պատկերներով սպիտակեղեն, գնեք նաև մի քանի փափուկ խաղալիք, որոնք կդառնան երեխայի նոր ընկերներն ու նրան կընկերակցեն քնելիս: Այս ամենն արեք երեխայի հետ: Երբ նա ընտրի իր սիրելի մուլտհերոսով սպիտակեղենը, կցանկանա որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել անկողնում:
  3. Ձևավորեք  առավոտվա որոշակի արարողակարգ: Օրինակ՝ նշան սահմանեք, որից հետո  փոքրիկը կարող  է վազել ծնողների սենյակ: Սա կօգնի որոշ չափով կառավարել երեխայի` առավոտյան ծնողների սենյակ գնալու ցանկությունը. չէ՞ որ, ծնողներին միշտ չէ հարմար հյուրեր ընդունել սենյակում:
  4. Երեխայի անվտանգության ապահովում: Սա մեծահասակների կարևոր խնդիրն է: Միշտ վախ կա, որ փոքրիկը կընկնի առանց կողային պաշտպանիչների մահճակալից: Հաճախ հանդիպող այս խնդրից խուսափելու համար կարելի է մահճակալի մի մասը կիպ մոտեցնել պատին, իսկ մյուս մասին հատուկ պաշտպանիչ  «ճաղավանդակ» տեղադրել, որը վաճառվում է մանկական խանութներում: Կարելի է նաև մահճակալի մոտ` գետնին, ներքնակ փռել, որպեսզի երեխայի անկումը փափուկ ստացվի:
  5. Օրորոցից մեծ մահճակալ անցման ժամանակ աշխատեք խուսափել բացասական զգացումներից: Եթե տանը նորածին կա, և օրորոցն արդեն նրանը պետք է լինի, աշխատեք այնպես անել, որ ավագ երեխան չկարծի, թե կրտսերը եկել է իր տեղը զբաղեցնելու: Լավ կլինի, որ ավագ երեխան մեծ մահճակալին քնի մինչև կրտսերի ծնունդը:

 

 

 

Գովազդ