Պե՞տք է, արդյոք, երեխային գուլպաներով քնեցնել և ի՞նչ գուլպա ընտրել  

Խնամք

 Հարցերին պատասխանում է 19-րդ պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչ Նաիրա Առաքելյանը:

 

-  Կա՞ հատուկ տարիք, երբ  երեխային պետք է քնեցնել գուլպաներով 

 

Երեխայի համար գուլպաներով քնելու հստակ տարիք  չենք կարող սահմանել։ Առհասարակ մարդիկ մրսում են վերջույթներից, հետևաբար գուլպաներով քնելը  կախված է ջերմաստիճանային պայմաններից և օրգանիզմի դիմադրողականության մակարդակից։

 

- Սենյակի  ջերմաստիճանն ու գուլպաները. ի՞նչ կասեք այդ մասին

 

Նորածին երեխայի դեպքում  սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 23 աստիճանից  ոչ  ավելի։ Եթե ջերմաստիճանը 23 աստիճանից ցածր է, գերադասելի է  հագուստի վրայից երեխային փափուկ, բամբակյա գուլպաներ  հագցնել:  Սակայն եթե սենյակը տաք է, ծածկոցը` նույնպես, ապա պարտադիր չէ գուլպա հագցնել։ Պարզապես պետք է ստուգել՝  երեխայի ոտքերը տաք են, թե  ոչ։ Եթե ոտքերը սառն են, գուլպա հագցրեք: 

 

-  Ո՞րն է գուլպաներով  քնելու դրական կողմը

 

Առհասարակ ոտքերի տաք լինելը նպաստում է, որ օրգանիզմում արյան շրջանառությունը լավ կատարվի, ինչի արդյունքում երեխայի լարվածությունը թուլանում է: Երբ ոտքերը տաք են, նորածինների մոտ գազեր քիչ են առաջանում, քունն էլ հանգիստ է լինում: Իսկ գուլպաներ ընտրելիս պետք է հիշել, որ երեխայի մաշկը  ակտիվ շնչում է, ու պետք է  նախապատվությունը տալ հարմար, բամբակյա գուլպաներին։

 

- Ինչպե՞ս ընտրել ճիշտ գուլպա

 

Վատ, կոպիտ կտորից կարված, անորակ գուլպաները երեխայի համար անհարմարություններ կառաջացնեն։ Նա կսկսի կամակորություններ անել։ Վատ գուլպաները  կարող են  քրտնեցնել ոտքերը,  առաջացնել տհաճ հոտ,  ինֆեկցիոն հիվանդություններ, քանի որ ոտքերը  գիշերվա ընթացքում շնչելու հնարավորություն չեն ունենում։ Սխալ ընտրված գուլպաներն անգամ կարող են  նպաստել արյան վատ շրջանառությանը (եթե ձիգ են)։

 

Հարցազրույցն անցկացրեց Արփինե Մուրադյանը

 

Գովազդ