Ի՞նչ պետք է իմանալ կաթնատամների մասին, որպեսզի հիմնական ատամները լինեն առողջ

Խնամք

Երեխաները ծնվում է առանց ատամների (երբեմն բացառություններ լինում են), իսկ արդեն  6-8 ամսականում սկսում է կաթնատամների ծկթումը։

Կաթնատամներ. դրանց նշանակությունը փոքրիկի համար

Սովորաբար կաթնատամների ծկթումը սկսվում է ստորին կենտրոնական կտրիչներից: Այն կարող է ուղեկցվել ցավով, անհանգստութամբ, ջերմության բարձրացմամբ, քնկոտութամբ: Երեք տարեկանում երեխաների մեծ մասն արդեն կաթնատամներ ունի: Կաթնատամները 20-ն են: Դրանք տարբեր ֆունկցիոնալ նշանակություն ունեն: Մի քանիսը կծելու համար են (կտրիչներ), մյուսները՝ սնունդը մանրացնելու (սեղանատամներ), ծամելու: Հետևաբար կարևոր են բոլոր ատամները, ու դրանք պետք է հավասարապես խնամել:

Կաթնատամները հիմնական ատամներից տարբերվում են բարակ էմալով, այդ իսկ պատճառով կաթնատամները այդքան էլ ամուր չեն, և լավ չխնամելու դեպքում դրանք արագ փչանում են: Բացի այն, որ փչացած կաթնատամները երեխային տհաճություն են պատճառում, դրանք կարող են նաև ստամոքսի հիվանդության պատճառ դառնալ, քանի որ սնունդը ստամոքս է հասնում ոչ լավ մանրացված: Այդ իսկ պատճառով երեխային վաղ հասակից պետք է սովորեցնել լավ խնամել ատամները:

Ծնողներից շատերը երեխայի կաթնատամների նկատմամբ այդքան էլ ուշադիր չեն: Մտածում են, որ կաթնատամները փոխվելու են, և դրանց ուշադիր հետևել պետք չէ: Այնինչ կաթնատամների և հիմնական ատամների վիճակի միջև ուղիղ կապ կա: Հիմնական ատամը, որն աճել է հիվանդ կաթնատամի տեղում, ավելի շատ է ենթակա վարակի ազդեցության:

Սովորեցնում ենք փոքրիկին ճիշտ մաքրել ատամները

Ատամները պետք է մաքրել խոզանակի ուղղահայաց շարժումներով: Վերևի ատամները մաքրում ենք խոզանակի՝ վերևից ներքև ուղղված շարժումներով, ներքևի ատամները՝ հակառակը՝ ներքևից վերև: Այդ շարժումների ժամանակ խոզանակը հեռացնում է ատամների արանքում մնացած սննդի մնացորդները: Շարժումները պետք է լայն լինեն, որպեսզի ընդգրկեն ատամներն ու լնդերը: Դա լնդերի համար օգտակար մերսում է, այն լավացնում է լնդերի արյան շրջանառությունը: Նպաստում է արյան՝ դեպի ատամներրի հյուսվածքները հասնելը: Ատամները չի կարելի լվանալ խոզանակի հորիզոնական շարժումներով: Այդ դեպքում ատամներին կպած լորձաթաղանթի եռանկյունաձև ելուստները շարժվում են մեկ դեպի աջ, մեկ՝ դեպի ձախ: Դրանց տակ մնում են սննդի մնացորդներ՝ ստեղծելով համապատասխան միջավայր կարիեսի և փտախտի համար:

Երեխային պետք է նաև սովորեցնել խնամել ատամի խոզանակը։

Սովորեցրեք փոքրիկին ատամները լվանալուց հետո լվանալ և ամանի մեջ դնել նաև խոզանակը։ Այն պետք է պահվի չոր վիճակում, պոչը ներքև: Ընդհանրապես ճիշտ կլինի երեխայի խոզանակը առանձին պահել մեծերի խոզանակից: Ատամի խոզանակը չի կարելի պահել պլաստմասե տուփի մեջ։ Խոնավ, վատ մաքրված խոզանակը վարակի աղբյուր է:

Ատամի խոզանակը պետք է լինի մանկական՝ փափուկ կամ շատ փափուկ, որպեսզի չվնասի երեխաների բերանի խոռոչի փափուկ լորձաթաղանթը։

Այն անհրաժեշտ է փոխել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։

Ընտրում ենք ատամի ճիշտ մածուկ։

Մինչև 3 տարեկան երեխաների համար նախընտրելի են ֆտոր չպարունակող ատամնամածուկները։ Իսկ ատամները լվանալու գործընթացը փոքրիկի համար ավելի  հաճելի դարձնելու համար ցանկալի է նախապատվությունը տալ համային հավելումներով ատամի մածուկներին:

 

Աղբյուրը՝  ձեռնարկ`«3-7 տարեկան երեխայի խնամքը»

Գովազդ