Ի՞նչ է ծծումբը, և ե՞րբ է փոքրիկի ականջում առաջանում ծծմբային խցան

Խնամք

Ականջի մեջ առաջացող ծծումբը կեղտոտ գոյացություն չէ, ինչպես շատերին է թվում։ Ականջում դրա հայտնվելը ֆիզիոլոգիական երևույթ է։

Ծծբագեղձերը քրտնագեղձերի փոփոխված տեսակներ են, որոնք գտնվում են լսանցքի արտաքին մասում: Սովորաբար ծծումբն առաջանում է ինքնուրույն, ծամելու պրոցեսի կամ էլ խոսելու ընթացքում: Ծծմբի ինչ-որ քանակ հարկավոր է, որպեսզի ականջներում պահպանվի անհրաժեշտ միկրոֆլորան։ 

Այս երևույթի դեմ պայքարել պետք չէ։ Ձեր խնդիրն է հեռացնել ծծմբի երևացող հատվածը, հակառակ դեպքում ականջի մեջ ծծմբի խցաններ կառաջանան։

Ի՞նչ ֆունկցիա է կատարում ծծումբը։

 

Ծծումբը միանգամից մի քանի ֆունկցիա է կատարում։ Դրանցից հիմնականը ականջների պաշտպանությունն է: Ծծումբը ոչ միայն պաշտպանում է արտաքին ականջի լսանցքի մաշկը միկրովնասվածքներից, այլև  լսանցքի պատերը ցավածին մանրէների ներթափանցումից:

 

Եթե երեխան հիվանդ է, ու նրա մոտ ուժեղ թունավորման ախտանշաններ են, ապա, իհարկե, նրա մոտ առատ քրտնարտադրության հետ նաև առատ ծծմբարտադրություն է  առաջանում: Այդպիսով օրգանիզմը դուրս է բերում տարբեր հիվանդածին նյութեր:

 

Ե՞րբ է ակտիվանում ծծումբի արտադրությունը։

 

Փոքրիկի ականջում ծծմբի արտահոսքն ակտիվանում է մի քանի դեպքերում, երբ՝

Ա․ լողացնում եք երեխային (քանի որ երեխայի գլուխը տաք ջրով լվանալուց հետո արյունատար անոթները լայնանում են, և ծծմբագեղձերը իրենց ակտիվ գործունեությամբ արձագանքում են դրանց),

Բ․ականջի մեջ փոշի կամ որևէ միջատ է հայտնվում,

Գ․միջին ականջի հիվանդությունների դեպքում։

 

Ինչո՞վ է վտանգավոր ծծմբային խցանը

 

Առաջին հերթին դա վտանգավոր է ու տհաճ նրանով, որ լսողության վատացում է առաջացնում։ Վիճակն ավելի է խորանում, երբ խոնավության (լողանալուց հետո) պատճառով խցանն ուռչում է ու լրիվ փակում լսանցքը:

 

Եթե երեխայի ականջի մեջ ծծմբի խցան է առաջացել, մի փորձեք ինքնուրույն հեռացնել այն։ Իրականում կարող եք ավելի մեծ վնաս հասցնել երեխային։ Խցանի հեռացման ժամանակ այն  կարող է ավելի խոր գնալ` վնասելով թմբկաթաղանթը, որն էլ հետագայում կարող է միջին ականջի բորբոքման պատճառ լինել: Ուստի խցանից  ինքնուրույն ազատվել խորհուրդ չի տրվում: Հիմնականում դա հանգեցնում է վիճակի վատթարացման: Պետք է անպայման դիմել մասնագետի օգնությանը։

 

Ոչ մի պարագայում առանց բժշկի իմացությոն չի կարելի օգտագործել ականջի կաթիլներ։

Ականջների ծծմբային խցանը հեռացնող կաթիլների ինքնակամ կիրառումը կարող է առաջացնել մի շարք բարդություններ։

 

   Աղբյուրը՝ «3-7 տարեկան երեխայի խնամքը» ձեռնարկ, www.med-practic.com կայք

 

Գովազդ