Արևահարում. նշանները ու պաշտպանվելու եղանակները

Խնամք

Արևահարությունը հիվանդագին վիճակ է։ Այն առաջանում է երկար ժամանակ արևի ուղղահայաց ճառագայթների տակ մնալու  հետևանքով:

Մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արևահարության նկատմամբ։ Պատճառն այն է, որ նրանց գանգի ոսկորները դեռևս լիարժեք ձևավորված չեն, իսկ մաշկն ու  մազերը ավելի նուրբ են։

Արևահարության նշաններն ի հայտ են գալիս արևի ճառագայթների ներգործությունից անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ՝ գիշերային ժամերին:

      Որո՞նք են արևահարության նշանները.

  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում (39°C և ավելի),
  • դեմքի և պարանոցի մաշկի կարմրություն ու չորություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • թուլություն,
  • սրտխառնոց, փսխում,
  • անհանգստություն, գրգռվածություն,
  • արյունահոսություն քթից,
  • աղմուկ ականջներում,
  • գիտակցության խանգարումներ:

Ի՞նչ է պետք անել, երբ երեխան արևահարվել է:

Արևահարված երեխային նախևառաջ պետք է տեղափոխել ստվերոտ վայր ու  օգնել, որպեսզի նա ընդունի հարմար դիրք։

Այնուհետև երեխայի դեմքը պետք է լվանալ սառը ջրով,  գլխին դնել սառը թրջոցներ, հնարավորության դեպքում մարմինը ծածկել խոնավ սավանով։

Անպայման պետք է արձակել ճնշող կապերն ու  թեթևացնել հագուստը։

Թեթև կամ միջին աստիճանի արևահարության դեպքում ժամանակին  ճիշտ օգնություն ցույց տալու պարագայում օրգանիզմի բնականոն  գործունեությունը ավելի շուտ է վերականգնվում: Ծանր աստիճանի արևահարության դեպքում երբեմն օգնության ուշացումը կարող է հանգեցնել մահվան:

Առաջին օգնություն ցույց տալուց անմիջապես հետո պետք է դիմել համապատասխան մասնագետի։

Արևահարումից խուսափելու համար ցերեկային  ժամերին թույլ մի տվեք Ձեր երեխային գտնվել արևի ուղղահայաց ճառագայթների ազդեցության տակ, հորդորեք նրան  անպայման կրել  բաց գույնի հագուստ ու գլխարկ։

Աղբյուրը՝ komarovskiy.net

Գովազդ