Ինչպե՞ս երեխայի համար դայակ ընտրել. հոգեբանի խորհուրդները

Խնամք

Երեխայի համար դայակ ընտրելու բարդ խնդրին  առնչվում է ծնողների մեծամասնությունը: Հարցին պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ, չէ՞ որ փոքրիկն օրվա մեծ մասն անցկացնելու է հենց դայակի հետ:

Հայաստանում, որտեղ դեռևս ձևավորված չէ դայակների ինստիտուտ, լավ դայակ գտնելու համար ծնողներիը դիմում են ընկերների, բարեկամների, ծանոթների օգնությանը: 

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը ևս մեկ անգամ ընդգծում է՝ դայակն այն մարդն է, ով խնամում է երեխային, ինչ-որ չափով նաև ստանձնում  է փոքրիկի դաստիարակության պատասխանատվությունը: Այնպես որ, դայակ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես նրա հոգեկան առողջությունը, հոգեվիճակը, աշխարհայացքը, խնդիրները լուծելու մոտեցումները, երեխայի խնամքով զբաղվելու դրդապատճառը (միայն գումար վաստակե՞լն է, թե՞ նաև երեխաների նկատմամբ սերը) հաղորդակցման հմտությունները, այնպես էլ կենսագրությունը, որի մանրամասներից կարելի է պատկերացում կազմել վերոնշյալ հարցերի վերաբերյալ:

«Ծնողները պարտավոր են խոսել երեխայի հետ, բացատրել՝ ինչու է նրան խնամելու դայակը, ասել, որ մայրիկը և հայրիկը ունեն գործեր, որոնք չեն կարող այլ մարդիկ կատարել, այդ իսկ պատճառով էլ օրվա որոշ ժամանակահատվածում փոքրիկին պետք է խնամի դայակը: Ասեք երեխային, որ իրեն հետաքրքիր կլինի նաև այլ մարդկաց հետ ծանոթանալ,  ժամանակ անցկացնել, զբոսնել»,- նշում է հոգեբանը՝ ընդգծելով, որ երեխայի խնամքը դայակին վստահելու գործընթացը պետք է լինի աստիճանաբար. «սկզբնական շրջանում մայրիկը պետք է լինի դայակի կողքին, ներկայացնի փոքրիկի սովորությունները, սննդակարգը: Այդպիսով՝ երեխայի մոտ դայակի նկատմամբ վստահություն կառաջանա»,-ասում է Անի Ապիտոնյանը:

Հոգեբանի խոսքով՝ նույնիսկ ծնողների խնամքի պարագայում երեխաները հակված են ունենալ հոգեբանական խնդիրներ: Սրանցից խուսափելու համար ծնող-դայակ հարաբերությունները պետք է լինեն անկաշկանդ: Ծնողները մշտապես պետք է տեղյակ լինեն երեխայի հետ կապված յուրաքանչյուրի խնդրի մասին, ժամանակ անցկացնեն, խաղան, զբոսնեն, խոսեն փոքրիկի հետ. «հակառակ դեպքում հնարավոր է՝ երեխան օտարանա ծնողներից»,-ասում է հոգեբանը:

Դայակի ընտրության հարցում ոչ պակաս կարևոր են նաև մաքրասիրությունը, կոկիկությունը, դայակի խոսքը, ձայնի տոնը, բարձրությունը. «խոսքը հզոր ուժ է. եթե այն գեղեցիկ չէ, ապա երեխան կունենա տգեղ բառապաշար և մտածողության», - ասում է հոգեբանը:

Ինչ վերաբերում է դայակի ընտանեկան կարգավիճակին, այստեղ հարցն առավել վիճելի է: «Հնարավոր է լինել ամուսնացած, ունենալ երեխաներ,  սակայն փոքրիկների խնամքի հարցում լինել անպատասախանատու և  հակառակը: Այստեղ առավելապես կարևոր են դայակի անձնային հատկանիշները, հմտություններն ու կարողությունները»,-ասում է հոգեբանը՝ ևս մեկ անգամ խորհուրդ տալով ծնողներին, չնայած զբաղվածությանը, շատ ժամանակ անցկացնել փոքրիկների հետ:

 

Հեղինակ՝ Գեղեցիկ Ոսկանյան

 

Գովազդ