Ինչպե՞ս պետք է երեխան պահպանի ձեռքերի հիգիենան. ուղեցույց մայրիկների համար  

Կեղտոտ ձեռքերի միջոցով մարդուն փոխանցվում և օրգանիզմ են ներթափանցում մի շարք վարակիչ և մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ (աղիքային վարակիչ հիվանդություններ, հեպատիտ Ա, ճիճվային հիվանդություններ, գրիպ և այլն):

Հատկապես շատ մանրէներ կան եղունգների տակ (ձեռքի մաշկի վրա գտնվող մանրէների մոտ 95 տոկոսը), ուստի խիստ կարևոր է երեխայի եղունգների ճիշտ խնամքը (կարճ կտրելը):

 

Ի՞նչ ձեռնարկել

 

Կարևոր է, որ ոչ միայն ինքներդ հետևեք Ձեր փոքրիկի անձնական հիգիենային, այլ նաև նրանց փոքր հասակից սովորեցնեք մաքրասեր լինել և կանոնավոր կերպով լվանալ ձեռքերը: Փոքրիկների համար լավագույն օրինակը ծնողներն են. նրանք հաճույքով կրկնօրինակում են ծնողների գործողությունները:

  • Այնպես որ, թույլ տվեք, որ փոքրիկը երբեմն Ձեզ տեսնի ձեռքերը լվանալիս: Հավատացեք`նա էլ ինքնուրույն կփորձի նույնը անել:
  • Սովորեցրեք նրան, որ հարկավոր է նախ ձեռքերը թրջել, ապա օճառել (եթե պինդ օճառ է, ապա ձեռքերը օճառելուց հետո օճառը նույնպես պետք է լվանալ): Բացատրեք փոքրիկին, որ հարկավոր է լավ օճառել թե ձեռքի ափը, թե հակառակ կողմը, ինչպես նաև տրորել միջմատնային տարածությունները, որից հետո ջրով հեռացնել օճառը ձեռքերից:
  • Փոքրիկին պատկերավոր բացատրեք, որ ձեռքերը չլվանալու դեպքում առաջանում են բազմաթիվ մանրէներ, որոնք կարող են հիվանդության պատճառ դառնալ:
  • Տարիքին զուգընթաց երեխային սովորեցրեք ինքնուրույն լվացվել: Բացի այդ, շատ կարևոր է բացատրել երեխային, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է ունենա իր անհատական սրբիչը և չի կարելի սրբվել ծնողների կամ ընտանիքի այլ անդամների սրբիչով:
  • Սրբիչը կախեք երեխայի հասակին համապատասխան կախիչից, որպեզի նա ինքնուրույն կարողանա օգտվել դրանից:
  • Երեխային բացատրեք, որ անհրաժեշտ է լվանալ ձեռքերը ուտելուց առաջ, զբոսանքից վերադառնալիս, սանհանգույցից օգտվելուց և տնային կենդանիների հետ խաղալուց հետո:
  • Խուսափեք ձեր երեխայի հետ նույն անկողնում քնելուց, քանի որ Դուք կարող եք տարբեր վարակիչ հիվանդությունների կրող հանդիսանալ, ինչի պատճառով երեխայի վարակման վտանգը կմեծանա:

 

Աղբյուրը`ՀՀ ԱՆ կրթական ուղեցույց «Հոգացեք Ձեր երեխայի առողջության մասին»