Ո՞ր տարիքից և ինչպե՞ս է պետք խնամել երեխայի ատամները

Խնամք

Հետագայում առողջ ատամներ ունենալու համար  ծնողները պետք է երեխայի բերանի խոռոչի հիգիենայի մասին մտածեն դեռ վաղ տարիքից։ Ո՞ր տարիքից սկսած պետք է հետևել ատամների խնամքին և ինչպե՞ս խուսափել հետագայում առաջացող խնդիրներից, ներկայացնում է մանկական ստոմատոլոգ Աննա Մաթևոսյանը:

Երեխայի լույս աշխարհ գալու առաջին իսկ օրերից պետք է մտածել նրա բերանի խոռոչի առողջության մասին:  Մինչև 6 ամսականը, երբ երեխան դեռևս ատամներ  չունի, պետք է պարզապես թանզիֆը փաթաթել մատին և մաքրել երեխայի բերանի խոռոչը, լնդերը: Եվ քանի որ այդ ամիսներին  երեխան բացառապես սնվում է կաթով, պետք է լնդերն ու ատամները մաքրել կաթի մնացորդներից, քանի որ այն ազդում է բերանի խոռոչի միկրոֆլորայի վրա: 

Հիմնականում 5-6 ամսականում, երբ սկսում են ատամները ծկթել, երեխայի լնդերը քոր են գալիս։ Քորը մեղմելու համար նախատեսված են տարբեր պարագաներ` խաղալիքներ կամ հատուկ նախատեսված քորիչներ։  Սակայն  պետք է ուշադրություն դարձնել այդ պարագաների հիգիենային: Ցանկալի է ատամի խնամքի համար նախատեսված պարագաները, խաղալիքները օգտագործելուց առաջ լվանալ օճառով և տաք ջրով, այնուհետև տալ երեխային:

Ատամների ծկթման պահից պետք է հետևողականորեն զբաղվել ատամների խնամքով, մաքրել հատուկ նախատեսված խոզանակներով, որոնց մազիկները բավականին ամուր են, և կուլ տալու հավանականությունը քիչ է: Բացի դրանից, ցանկալի է ընտրել այնպիսի խոզանակներ, որոնք ունեն ոչ հավասար շարվածքով մազիկներ և  ավելի մանրակրկիտ են մաքրում ատամները:

Ինչ վերաբերում է կաթնատամների խնամքին, այն մաքրելու ևս մի քանի միջոց կա: Քանի որ մինչև 3 տարեկանը չի թույլատրվում  ատամի մածուկ  օգտագործել, կան մատնոցներ, որոնք նախատեսված են կաթնատամները մաքրելու համար: 

Փոքր տարիքում երեխաների մոտ հանդիպող ամենամեծ խնդիրը ծծակային կարիես ասվածն է, որը առաջանում է առջևի ատամների վզիկային հատվածում: Այդ իսկ պատճառով արդեն 2 տարեկանում, երբ երեխայի մոտ ձևավորվոում է  բերանի և ատամների ամբողջական կծվածք, ծծակների օգտագործումը ցանկալի չէ, քանի որ երեխան պետք է սովորի ծամել` զարգացնելով ծամելու ունակությունը:  Ծծակի բավականին երկար օգտագործումը կարող է հանգեցնել բերանի ոչ ճիշտ կառուցվածքի ձևավորմանը: Մայրիկներից շատերը երեխաներին գիշերը քնեցնում են ջրի կամ կաթի շշով, այնինչ երեխան պետք է սովորի, որ քնելուց առաջ՝ ատամները մաքրելուց հետո, չի կարելի  ո´չ ուտել,  ո´չ խմել:  Եվ դեռևս փոքր տարիքից երեխայի մոտ պետք է զարգացնել ատամները խնամելու  ռեֆլեքսը:

Ի սկզբանե երեխային տարբեր խաղերի միջոցով պետք է բացատրել, սովորեցնել ատամների խնամքի անհրաժեշտության և կարևորության մասին:  Օրինակ՝ կարող եք տիկնիկի ատամները լվանալ: Եթե երեխան արդեն կարողանում է ինքնուրույն ատամները լվանալ, կարող եք քնելուց առաջ միասին կատարել այդ գործողությունը։

Մայրիկները պետք է ուշադրություն դարձնեն ցանկացած խնդրի, որից երեխան գանգատվում է, և հատկապես ատամնացավի դեպքում անպայման պետք է դիմել ատամնաբույժի, որովհետև միայն հետևողական վերաբերմունքն ու ժամանակին ցուցաբերվող օգնությունը կարող են երաշխավորել հետագայում գեղեցիկ, ամուր և առողջ ատամներ ունենալու հեռանկարը:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

 

Գովազդ