Պասիվ ծխելը վտանգավոր է երեխաների առողջության համար․ հետազոտություն

Խնամք

Վաղուց հայտնի է, որ ծխելը վնասակար է առողջության համար։ Վստահ ենք, որ գիտեք՝ պասիվ ծխելը ևս շատ վտանգավոր է,  հատկապես երեխաների համար։

«Երրորդային ծուխ»․ սրա մասին շատերը չէ, որ գիտեն։ Սա ծխի «ավելցուկ»-ն է, որը մնում է ծխողի հագուստի, մաշկի, տան կահույքի, իրերի վրա։ Սա է պատճառը, որ մենք զգում ենք ծխախոտի հոտը, թեպետ այդ պահին ոչ ոք չի ծխում։

Ծխի այդ վնասակար «ավելցուկը» մնում է ամիսներով։ Այն հատկապես վտանգավոր և թունավոր է երեխաների համար, որոնց թոքերն այդքան էլ լավ զարգացած չեն։

Գիտնականները վերջերս կատարել են երկու հետազոտություն, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ պասիվ ծխելը շատ ավելի վնասակար է։ Հետազոտություններից մեկի արդյունքները հրապարակվել են Tobacco Control պարբերականում։ ԱՄՆ-ի Ցինցինատի համալսարանի գիտնականները հետազոտել են 25 երեխայի, որոնց ձեռքերի վրա հայտնաբերել են նիկոտինի մեծ քանակություն։ Երեխաների մեծ մասի թքի բաղադրության մեջ ևս հայտնաբերվել է նիկոտին։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ երեխաների ձեռքերին նիկոտինը հայտնվել է այն ժամանակ, երբ նրանք ձեռք են տվել որոշ իրերի։ Իսկ բերանում նիկոտինը հայտնվել է հենց ձեռքերի միջոցով։ «Ծնողները կարծում են, որ եթե չեն ծխում երեխայի մոտ, ապա չեն վնասում նրան։ Բայց դա այդպես չէ»,-ասում է փորձին մասնակցած գիտնական Մելինդա Մահաբի-Հիթենսը։ Գիտնականը նաև նշում է, որ երեխային ծխախոտի հասցրած վնասներից զերծ պահելու լավագույն միջոցը ծխելը թողնելն է։

Մեկ այլ հետազոտություն էլ ներկայացված է «Pediatrics» պարբերականում։ Գիտնականներն  ուսումնասիրել են ավելի քան 7000 չծխող դեռահասների, որոնց ծնողները ծխում են տանը։ Արդյունքը եղել է այն, որ այդ դեռահասները պարբերաբար գիշերներն ունենում են չոր հազ, խեղդվելու զգացում, ֆիզիկական ակտիվությանը հակված չեն։

 

Աղբյուրը՝ www.babycenter.com

Գովազդ