Ինչպե՞ս խնամել երեխայի գլխամաշկը՝ մազաթափությունից խուսափելու համար

Խնամք

Նախ՝ կարդացեք՝ Ինչպե՞ս հասկանալ, որ փոքրիկի մոտ մազաթափություն կա. մասնագետը նաև պատճառներն է թվարկում

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ Աիդա Պապիկյանի հետ, ով նշել է՝ ինչպես կարելի է խուսափել մազաթափությունից։

Երեխայի մոտ վաղ մանկական հասակից  պետք է զարգացնել ճիշտ սովորույթները՝  անձնական հիգենիայի, այդ թվում՝ գլխամաշկի խնամքի հետ կապված: Մինչև 1 տարեկան երեխաներին լողացնել խորհուրդ է տրվում ամեն օր կամ օրը մեջ՝ կախված եղանակից։ Ավելի մեծ տարիքի երեխաների համար գլխամաշկը շամպունով լվանալու հաճախականությունը կախված է և՛ մազերի տեսակից, և՛ եղանակից, և՛ երեխայի ֆիզիկական ակտիվությունից: Ամենակարևոր կողմնորոշիչը պետք է լինի մազի յուղոտվածությունը. եթե նկատում եք յուղոտվածություն, ապա ժամանակն է մազերը շամպունով լվանալու։

Կարևոր է հաշվի առնել երեխայի ակտիվությունը: Ակտիվ երեխաների մոտ գլխամաշկը և մազերն ավելի շուտ են կեղտոտվում և յուղոտվում: Չոր և ոչ յուղոտ մազերի դեպքում թույլատրելի է շամպունով  լվանալ 3-4 օրը մեկ,  մնացած օրերին կարելի է ամենօրյա լոգանքի ժամանակ պարզապես ջրով լվանալ մազերը։ Չոր և խճճվող մազերը լվանալուց հետո պետք է օգտագործել կոնդիցիոներ՝ սանրելը հեշտացնելու նպատակով: Ֆիզիկապես ակտիվ, յուղոտ և բարակ մազեր ունեցող երեխայի մազերը խորհուրդ է տրվում շամպունով լվանալ ամեն օր։ Մազերը լվանալուց հետո անհրաժեշտ է փաթաթել սրբիչով, որպեսզի քամվեն։

Այն շամպունները, գելերը, որոնց նկարագրության մեջ նշվում է հիպոալերգեն բառը, չեն պարունակում օճառ։ Ինչ վերաբերում է մանկական օճառներին, ապա խորհուրդ է տրվում դրանք օգտագործել միայն 6 ամսականից հետո։ Քանի որ նորածինները գլխի շրջանում հիմնականում չունեն լավ արտահայտված մազածածկույթ, նրանց խնամքի համար նախատեսված հատուկ հեղուկները բավարար են և՛ մարմինը, և՛ գլխամաշկը լվանալու համար։

Հիշե՛ք, սիրելի՛ ծնողներ, հետագայում ևս փարթամ և գեղեցիկ մազեր ունենալու համար հարկավոր է հետևել գլխամաշկի խնամքի մասնագիտական խորհուրդներին:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ