Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ատամնակծվածքի խնդիր ունի և անհրաժեշտ է բրեկետ կրել. մասնագետի խորհուրդները

Խնամք

Ատամնաշարի ձևի, ատամների առողջության, բերանի խոռոչի հետ կապված խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է փոքրուց խնամել բերանի խոռոչը:

Մայրիկների անհանգստությունը հիմնականում կապված է երեխայի ոչ ուղիղ ատամնաշարի, ատամնածնոտային դեֆորմացիաների  հետ։ Եթե կա նման խնդիր, ապա պետք է շտապել ատամնաբույժի, օրթոդոնտի մոտ՝ բրեկետներ տեղադրելու։

Եկեք միասին հասկանանք՝ որքանո՞վ է կարևոր բրեկետների օգտագործումը, ո՞ր տարիքից կարելի է այն կրել, ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ատամնակծվածքի խնդիր ունի  և  ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ բրեկետներ չկիրառելու դեպքում։ Այս մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է օրթոդոնտ Տաթևիկ Նարինյանի հետ։

 

Բրեկետների անհրաժեշտությունը

Մասնագետի կարծիքով՝ բրեկետների օգտագործումը որևէ բացասական երևույթի չի կարող հանգեցնել։ Դրանք պարզապես գործիքներ են, որոնք նախատեսված են ատամնածնոտային դեֆորմացիաները շտկելու համար։ Իսկ այդպիսի խնդիրները չշտկելու դեպքում ոչ միայն խախտվում է ծամողական ֆունկցիան, դեֆորմացվում է դեմքը, վատանում է շնչառությունը, այլ նաև ազդում է  քունքածնոտային հոդի գործառույթի վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ատամների վաղաժամ մաշվածության ու կարիեսի առաջացման։ Հետևաբար անհրաժեշտության դեպքում կարևոր է բրեկետների կրումը՝ հետագայում գեղեցիկ ու ֆունկցիոնալ ատամնակծվածք ունենալու համար:

 

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ատամնակծվածքի  խնդիր ունի

Երեխայի  կծվացքի խնդիրների մասին կարելի է ենթադրել նախքան կաթնատամների ծկթումը։ Անհրաժեշտ է միայն ուշադրություն դարձնել  ծնողների ատամներին։ Քանի որ դեպքերի մեծամասնությունը հուշում է, որ կծվածքի դեֆորմացիաները ժառանգական բնույթ ունեն, և եթե ծնողները գիտեն իրենց խնդրի մասին, ապա պետք է հնարավորինս շուտ հետևեն փոքրիկի կծվածքին։

 

Ո՞ր տարքից պետք է այցելել օրթոդոնտի,

Առաջին անգամ օրթոդոնտին պետք է այցելել 3-5 տարեկանում։ Այս տարիքում արդեն կարելի է նկատել առաջացող անկանոնությունները և փորձել շտկել այն։

 

Որո՞նք են ատամնակծվածքի խնդիրների առաջացման պատճառները

Դեֆորմացիաների առաջացման պատճառները մի քանիսն են։ Առավել հաճախ դրանք առաջանում են վնասակար սովորությունների հետևանքով։ Եթե երեխան 1 տարեկանից հետո ամեն օր ծծակ է օգտագործում, այն կարող է բերել վերին և ստորին կտրիչների հպման խանգարման, ինչի հետևանքով կարող է առաջանալ, այսպես կոչված, «բաց կծվածք» կամ կտրիչային դիզօկլյուզիա։ Նման խնդիր կարող է առաջանալ նաև այն ժամանակ, երբ երեխան ծծում է մատը:

Հաջորդը բերանային շնչառությունն է, խռմփոցը կամ ատամների կռճտոցը՝ բրուքսիզմը, որոնք ևս պետք է անհանգստացնեն ծնողներին։ Բացի դրանից, հարկավոր է անհանգստանալ, եթե երեխան խաղալու ընթացքում ստորին ծնոտը առաջ է բերում կամ կրծում է մատիտը: Պետք է ամեն կերպ նրան ձերբազատել այդ սովորությունից:

 

Ո՞ր տարիքից կարելի է բրեկետ դնել

Կախված  դեպքերից՝ բուժումը պետք է սկսել հնարավորինս վաղ. օրինակ՝ կլինիկական դեպքերի ժամանակ մոտ 6 տարեկանում հարկավոր է հատուկ օրթոդոնտիկ սարքերի միջոցով բուժում ապահովել։  Իսկ բրեկետները հիմնականում տեղադրում են մշտական ատամների վրա՝ մոտ 10-12 տարեկանում։

 

Կարո՞ղ են, արդյոք, բրեկետները խնդիրներ առաջացնել և ինչպե՞ս խուսափել դրանցից

Բրեկետները խնդիրներ կարող են առաջացնել, եթե կրողը չի պահպանում բերանի խոռոչի հիգիենան, որը կարող է բերել բրեկետների շուրջ ատամնափառի կուտակման, որն էլ հետագայում հանգեցնում է  կարիեսի առաջացման։ Իսկ նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ամեն ուտելուց հետո լվանալ ատամները ու բրեկետները՝ հատուկ խոզանակի միջոցով։ Պետք է նաև խուսափել շատ կոշտ ու կպչուն, շատ սառը ու տաք ուտեստներից։ Իսկ այս խորհուրդներին չհետևելու և հիգիենան չպահպանելու դեպքում բժիշկը կարող է ընդհատել բուժումը։

 

Խորհուրդ մայրիկներին

 

  1. Երեխային կտրել ծծակից մինչև 1 տարեկանը
  2. Չթողնել, որ մատը ծծելը դառնա սովորություն
  3. Երեխային սովորեցնել լվանալ ատամները՝ 2 տարեկանից սկսած:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

 

Գովազդ